ԶՈՒԳԱՀԵՌ ՀԱՅՐԵՆԻՔ - ՈՂՋՈՒ՛ՅՆ ՔԵԶ
Այս Հայրենիքը, որը մերը պիտի լիներ, բռնազավթված է: Մեր իսկ հայրերը, մեր զավակները, մեր իսկ օրինազանցները տիրակալեցին Հայրենիքը, երկաթե մագիլներով մտան մայրական մարմնի մեջ… Աստծուն անգամ բողոքելու իրավունք չունենք – սրանք մեր արյունից են ծնվել: Բայց մեր վարակված արյունից: Մեր օտարացած արյունից:

Այս ահեղ ժամին ու՞մ դիմենք, ի՞նչ ճար գտնենք… 
Եվ այս անհնար ժամին գտնված է հնարը…

ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂՆԵՆՔ բռնազավթած հայրենիքը: Սեղմենք ատամները: Խեղդենք հոգոցը: Ճնշենք արցունքները: Մոռանանք բռնազավթողներին: Մի պատմական վայրկյան մոռանանք նրանց: Չլսենք նույնիսկ Մոր օգնության կանչերը, քանզի նրա տառապանքը կամլացնի մեզ: ԴԱՌՆԱՆՔ դեպի մեր էությունը, որտեղ մեր արյունը մաքուր է, մեր ժառանգական նյութը անաղարտ է, մեր սիրտն անվթար է… Դառնանք դեպի այն Հայրենիքը, որն ազատ է, անպարտ է, անհաղթ է: Այն Հայրենիքը, որը միշտ կա, բայց արդեն անտեսանելի է, անլսելի է, անշոշափելի է: Դառնանք դեպի Նա, կանչենք, որ երևա, և սկսենք շնչավորել, մարմանավորել և զորացնել Նրան:

ՍՏԵՂԾԵՆՔ ԶՈՒԳԱՀԵՌ ՀԱՅՐԵՆԻՔ: Մե՜ր Հայրենիքը: Ամե՜ն օր ստեղծենք: Մեր սրտի մեջ, մեր ընտանիքներում ստեղծենք – մեր Լեզվից, մեր Երգից ու Պարից, մեր էպոսից ու բանաստեղծությունից, կարմրահատ մեր Ցորյանից, մեր Ջրից ու Բրաբիոն ծաղկից ստեղծենք: Մեր վաղնջական Լուսաբացից, Վահագնի երգից ու զվարթածին Շարակնոցից, բնիկ մեր Մշակույթից ստեղծենք…
Գտնենք մարդկանց: Կթվա, թե մութ է, թե մարդ չկա, կթվա՝ եկել է մեր վերջը – բայց մարդիկ սպասում են… Որ նրանց զորակոչեն, սիրեն, ցույց տան Նոր Հայրենիքի ճանապարհը: Գտնենք ու ճանաչենք մարդկանց: Գտնենք ԶՈՒԳԱՀԵՌ ՀԱՅՐԵՆԻՔԻ իմաստուններին, զինվորներին, կառավարիչներին… Գտնենք Նրա մշակութային տաճարի սրբատաշ քարերը – գրեթե բոլոր ՔԱՐԵՐԸ կան, քարտաշները կան, շաղախը կա… Կանչե՛նք Մշակութային Տաճարը կառուցողներին, այնտեղ կծաղկի Հայ Հավատը, կանչե՛նք կառուցողներին: Տաճարը կառուցողները կլինեն մեր կառավարիչները: Մեր միակ կառավարիչները… Կոչե՛նք նրանց: ՍՏԵՂԾԵ՛ՆՔ ԶՈՒԳԱՀԵՌ ՀԱՅՐԵՆԻՔ:

Եվ երբ ԶՈՒԳԱՀԵՌ ՀԱՅՐԵՆԻՔԸ կելնի ոտքի՝ նրա լույսը, զորությունը, հեղինակությունը կլինեն անչափելի - և ա՜յս հայրենիքը, այս թշվառ, ստորացված, ասպատակված երկիրը կլուծվի ԶՈՒԳԱՀԵՌ ՀԱՅՐԵՆԻՔԻ շողերի մեջ…

Ո՜վ ընթերցող, դու կարդացիր այս տողերը – նրանց տակ հրդեհ կա, – թող բոցը այրի քո անտարբերության վերջին թելը, դարձի՛ր ԶՈՒԳԱՀԵՌ ՀԱՅՐԵՆԻՔԻ – Նոր Հայաստանի զինվոր, համայն հայության մեջ տարածի՜ր այս ուղերձը…

ԶՈՒԳԱՀԵՌ ՀԱՅՐԵՆԻՔ - ողջու՜յն Քեզ…

Վկայում ենք Քո ծննդյան սկիզբը՝ որպես նվաստ տարեգիրներ՝
ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ
ԱՐՈՒՍՅԱԿ ՆԱԼՅԱՆ
3 հոկտեմբերի 2012թ., ք. Երևան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել