Tert.am-ը գրում է․

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանցիների կողմից հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկած 8 հետախուզադիվերսիոն գործողությունների փորձերին, ասաց, թե ալիևյան կլանն ունի հստակ արտաքին աշխարհաքաղաքական նպատակ՝ ահաբեկել հայ ժողովրդին: «Դա որևէ ձևով նրանց չի հաջողվելու»,-շեշտեց Դավիթ Բաբայանը:

«Ալիևյան կլանը նման պահվածք է ցուցաբերում, երբ կան ինչ-որ հիշարժան օրեր. հունվարը տոնական ամիս է, Ամանորն ու Սուրբ ծնունդն է, դրան էլ հաջորդում է հայ ժողովրդի ողբերգական էջերից մեկը՝ Բաքվի ջարդերի տարելիցը: Նրանք դրանց են հարմարեցնում իրենց բոլոր ապակառուցողական գործողությունները»,-ասաց Բաբայանը՝ շարունակելով, թե նման պահվածքը բնորոշ է ագրեսիվ և ֆաշիստական պետություններին, սա օրինաչափություն է:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվել են 8 հետախուզադիվերսիոն գործողությունների փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվել և կորուստներ կրելով՝ հակառակորդը հետ է շպրտվել:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ ադրբեջանցիները հատուկ ուշադրություն են դարձնում Հայաստանի ներքին քաղաքական զարգացումներին:

«Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը, որ ցնցել է ողջ հայությանը, և այն հայ ժողովրդի սև էջերից մեկն է, թշնամին դրան էլ է հետևում, քանի որ հանրության ուշադրությունը բևեռված է այդ գործընթացների վրա: Նրանք կարծում են, թե թուլացրել ենք սահմանների վերահսկողությունը և նման կեղտոտ քայլերի են դիմում՝ խախտելով բոլոր բարոյական նորմերը»,-նկատեց մամուլի խոսնակը՝ ասելով, թե այս բոլոր իրադարձությունների մասին իրենք տեղեկացնում են համապատասխան միջազգային կառույցներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել