Tert.am-ը գրում է․

Բորդյուժայի անելիքը ոչ թե Գյումրիում է, այլ հայ-ադրբեջանական սահմանին. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը։

«Բորդյուժայի անելիքն այն է, որպեսզի գնա և ռուսական զորքը հայկական  զորքի հետ կանգնեցնի հայ-ադրբեջանական սահմանին և զսպի բոլոր ոտնձգությունները, դա է ՀԱՊԿ-ի առաքելությունը։ Եթե Հայաստանը որոշում է կայացրել մտնել ՀԱՊԿ-ի մեջ, մտնել ԵՏՄ, ապա նրանք թող բարի լինեն կատարեն իրենց  պարտավորությունները, որոնց մասին ՀՀ իշխանություններն անընդհատ ներկայացնում էին, թե մեր ռազմական հարաբերությունները գնալով ամրանալու են։ Կներեք, բայց Հայաստանի իշխանությունները չէի՞ն, որ ասում էին, թե մենք ԵՏՄ ենք մտել Արցախի և ՀՀ-ի անվտանգությունն ամրապնդելու համար։ Եթե նման պարտավորություն տրվել է՝ Պուտինը կլինի, Լուկաշենկոն կլինի, թե Նազարբաևը, թող պահանջեն այդ պարտավորությունները կատարել, ի վերջո այդպես է ներկայացվել, որ անվտանգությունն ավելանալու է, ոչ թե մեր զոհերի թիվն է ավելանալու»,- նշեց նա։

Ստյոպա Սաֆարյանը նկատեց, թե դեռ օգոստոսյան դեպքերից հետո են բարձրաձայնում այն հարցը, թե ինչու պետք է հայ զինվորը միայնակ պաշտպանի սահմանը։ «Եթե Ռուսաստանը ցանկացել է ՀՀ-ի սահմանների սուվերեն իրավունքը կիսվի իր հետ, այդ դեպքում ի՞նչ գործ ունի ռուսական ռազմական զորքը Գյումրիում, և ինչու պետք է այդպիսի այլանդակություններ  տեղի ունենան Գյումրիում, եթե այդ զորքը հայ զինվորի հետ կանգնած չէ նաև Տավուշում»,- ասաց նա։

Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ կանխատեսելի են Ադրբեջանի քայլերը. «Եթե Տավուշում  աննախադեպ լարվածություն է և ստիպում են, որ ուժեր կենտրոնացվի այնտեղ,  դա նշանակում է, որ իրենք հիմնական սահմանագծում, այսինքն՝ հիմնական  ճակատում՝ Արցախում, ուզում են ինչ-որ քայլի դիմեն։ Հայկական կողմը պետք է հասկանա Ադրբեջանի նման ձեռագիրը»,- ասաց նա՝ նկատի ունենալով  ղարաբաղա-ադրբեջանական  սահմանին այսօր ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված 8 դիվերսիոն փորձերը։

Ըստ վերլուծաբանի՝ հակառակորդը  միշտ օգտագործելու է հայկական կողմի թուլացած պահերը, երբ ուշադրությունը շեղված է, ինչպես օրինակ՝ այս օրերին Գյումրու միջադեպի հարցում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել