Վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկն այն է, թե ինչու են ռուսական լրատվամիջոցներն այսքան վատ աշխատում՝ Գյումրիի դեպքերի լուսաբանման հարցում, հակահայկական նյութեր տարածելու հարցում և այլն։
Պատասխանը շատ պրոզայիկ է. իրականում, Հայաստանը Ռուսաստանի լակմուսային թուղթն է։ Ինչ իրականություն կա այստեղ՝ ավելի խոշորացված ու բարդ մասշտաբներով առկա է նաև Ռուսատանում։ Այդ թվում նաև այն իրողությունը, որ լրատվական դաշտը հեղեղված է ոչ պրոֆեսիոնալներով, պատվերներ կատարողներով ու քարոզչական շաբլոններից դուրս աշխատելու ունակությունից իսպառ զուրկ մարդկաանցով։
Ինչու՞ միանգամից չսկսեցին լուսաբանել Գյումրիի դեպքերը. որովհետև Ռուսաստանում լրատվամիջոցներն արդեն ամիսներ շարունակ ագրեսիվ պրոպոգանդա են վարում՝ մնացյալ աշխարհը սևացնելու, իսկ իրենց ամեն կերպ լուսավոր գույներով ներկայացնելու համար, իսկ նորածին երեխային սվինահարող ռուս զինվորի կերպարն այդքան էլ դրան չի նպաստում։
Եթե այնտեղ լինեին պրոֆեսիոնալներ, ովքեր բացի պատվեր կատարելուց, նաև մի քանի քայլ առաջ մտածելու ունակություններ ունենային, կհասկանային, որ չլուսաբանելն ավելի մեծ խնդիրների է հանգեցնելու։
Բայց ուշ էր, մեխանիզմն արդեն գործարկվեց, ու այդ պահից սկսած՝ ռուսաստանյան լրատվամիջոցներն արդեն ոչ թե տեղեկատվական թրենդն էին թելադրում, այլ փորձում էին հետևել ու հարմարվել դրան՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։
Ինչու ուշ սկսեցին լուսաբանել, լուսաբանելուց էլ՝ փնթի կերպով. որովհետև ինչ-որ մի պահի վերևներից ասացին, որ լուսաբանեն, բայց զգույշ։ Սրանք էլ սկսեցին հնարավորինս «մեղմ» լուսաբանել, ձեռքի հետ էլ՝ տալով այնպիսի մատերիալ, որը կմեղմեր Ռուսաստանի բացասականությունն այս պատմության մեջ՝ գուցե Պերմյակովը չի՞ սպանել... Եթե սպանել է, ուրեմն կպատժվի խստագույնս, բայց մեր կողմից... Հայերն էլ մի բարի պտուղ չեն... և այլն։
Վերջապես մեկ շաբաթ հետո, երբ ամենավերին մակարդակն արդեն միացավ այս գործընթացին, ռուսական ԶԼ-ները սկսեցին աշխատել այնպես, ինչպես պետք է աշխատեին հենց առաջին կողմից։
Այս ամենի մեջ միայն մեկ, բայց շատ մեծ դրական կողմ կա. դա հնարավոր եղավ այն բողոքի ալիքի շնորհիվ, որն այստեղ բարձրացավ, ու սկզբունքային նշանակություն ունի այն, որ բողոքի ալիքը մնաց հենց բողոքի ալիք ու չվերածվեց մասսայական փսիխոզի, որը հնարավորություն կտար մեր վատը կամեցող ուժերին ուժեղացնել հակահայկական տրամադրություններն արդեն Ռուսաստանում։ 
Այնպես որ, պետք չէ նեղանալ, պետք չէ հիասթափվել։ Պետք է հասկանալ խաղի կանոնները ու լավ խաղալ այդ խաղը, և մենք կհաղթենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել