Ես ուզում եմ, որ մեր սահմանները պաշտպանեն ՀՀ քաղաքացիները՝ լինի դա Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի կամ Վրաստանի հետ սահման։ Դրանք ՀՀ սահմաններն են, և դրանց պաշտպանությունը պարտավոր է իրականացվել ՀՀ ԶՈւ-ի միջոցով։
Մենք ունենք դա իրականացնելու ներուժ, որը, ցավոք սրտի, օրեցօր պակասում է՝ ՀՀ քաղաքացիներն ընտանիքներով արտագաղթում են։ Ու արտագաղթում են, որովհետև աշխատանք ու ապագա չեն տեսնում, սակայն հենց սահման պահելը կարող է լինել նրանցից յուրաքանչյուրի աշխատատեղը։ Հենց նրանց այստեղ ապրելն ու արարելը պետք է լինի ապագա տեսնելը։
Սահման պահելը ոչ միայն աշխատատեղ է, այլ յուրաքանչյուրիս պարտավորությունն է թե խաղաղության, թե պատերազմի ժամանակ, և հենց մենք ենք սրտացավ ու ավելի զգոն, որովհետև հետևում մեր ընտանիքն ու ժողովուրդն է, մեր օջախներն ու սրբավայրերն են։
Մեզ պետք է ՀՀ քաղաքացի սահմանապահներ։ ՌԴ ռազմաբազա կարող է լինել ՀՀ-ում՝ չունենալով ոչ մի իրավասություն ՀՀ տարածքում, բացի պատերազմական իրավիճակում, այն էլ որոշակի գործառույթներով, և որի համար պարտավոր են վճարել հարկեր ու տուրքեր ՌԴ բյուջեից։

Հ.Գ. Կասեք՝ վտանգավոր թեզ է, քանի որ Ռուսաստանը մեր վրա զենք է վաճառում, այդ դեպքում չի վաճառի, ես էլ կասեմ, որ ավելի լուրջ ու լավ զենք վաճառող երկրներ կան, չնայած ՌԴ-ն էլ հեռու չի կանգնի, երբ գումարի պոչը տեսնի։
Կասեք՝ վտանգավոր է, քանի որ պատերազմ կհրահրի մեր և Ադրբեջանի միջև, այդ դեպքում ես ձեզ կասեմ, որ դա միշտ էլ անում է, գրեթե ոչ մի լուրջ իրադարձություն սահմանին չի սկսել առանց նրանց հրահրմամբ, և հենց այդ պատճառով եք այդպես կարծում, բայց դրանից ոչ թե պետք է վախենալ, այլ պատրաստ լինել։ Մի կարծեք, որ մենք փոքր պետություն ենք ու փոքր ազգ ենք, դա մեր զորության հետ կապ չունի։
Կասեք, որ վտանգավոր է՝ եթե Թուրքիայի հետ մեր սահմանը չպաշտպանի ռուսական զորքը, այդ դեպքում կգան և կցեղասպանեն։ Թուրքիան առանց ՆԱՏՕ-ի ոչ մի քայլ, ոչ մի փամփուշտ չի կարող արձակել մեր ուղղությամբ, սա մեկընդմիշտ հիշեք, հակառակ դեպքում կպատժվի հենց նրանց կողմից՝ թե ազգամիջյան պատերազմ կստանա, թե քաղաքական և այլ սանկցիաներ ու մեկուսացում։
Կասեք, որ վտանգավոր է մեր 2 մլն. ազգակիցների համար, որ բնակվում են ՌԴ տարածքում։ Այդ դեպքում ինչու՞ վտանգավոր չէ այլ երկրներում։ Նույն Թուրքիայում բնակվում են 100 հազարավոր հայեր, Գերմանիայում, ԱՄՆ-ում և այլ պետություններում։ Եթե այդ երկրում անվտանգ է, ապա կոչ արեք, որ վերադառնան, կռիվ տվեք, որ աշխատատեղեր ստեղծվեն մեր պետությունում, որ մեր հայրենակիցները գան իրենց հայրենիք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել