Նախորդ հոդվածում ներկայացվեցին տեղեկություններ մանիպուլյացիայի վերաբերյալ և մանիպուլյատորների կողմից աղանդներում օգտագործվող մեթոդների մասին` մասնավորապես <Կյանքի Խոսք> կազմակերպության ղեկավար Ա. Սիմոնյանի որոշ քարոզներից վերլուծություններ։ Հիշեցնենք, որ բոլոր աղանդների հիմքում ընկած է մարդկանց վտանգավոր մանիպուլյացիան, որի նպատակն է անձի խորքային փոխոխությունը և տարաբնույթ կախվածություններ առաջացները։ Մանիպուլյացիան դա ձգտումն է մոտեցնել մարդուն այն մտքերին, զգացմունքներին և վարքին, որոնք այլ հանգամանքներում նա չէր դրսևորի։ Եվ մանիպուլյացիայի նպատակով օգտագործվում է մարդու հավատքի և Աստծո նկատմամբ ունեցած ձգտումը։ Ընդ որում տեղեկատվությունը մարդուն տրամադրվում է այնպիսի ձևով, որ այն հիմք է դառնում նոր մտածելակերպի և նոր անձի ձևավորման համար և իրականացվում է այնպիսի նուրբ ազդակներով, որ անձը կորցնում է իրականության գնահատման սառը և քննադատական վերլուծության կարողությունը։ Նշենք նաև, որ մանիպուլյացիան աղանդներում եզակի բնույթ կրող երևույթ չէ, այլ տվյալ համակարգի բաղկացուցիչ մասերից է։ Մի փոքր ներկայացնենք աղանդներին և աղանդներում ներգրավված անձանց վարքագծին բնորոշ մի քանի կետեր (եթե նկատել եք մեր հոդվածներում երբեք չի օգտագործվում <աղանդավոր> բառը, որովհետև մենք վստահություն ունենք, որ տվյալ աղանդներում գտնվող մարդիկ իրենց կամքով չեն հայտնվել, այլ զոհ են դարձել Աստծուն հետևելու իրենց փափագն օգտագործողների ձեռքում), որից հետո կխոսենք, թե ինչպես պաշտպանվել մանիպուլյացիայից և դրա անցանկալի ազդեցությունից։
1. Աղանդում ներգրավված անձի համար ողջ աշխարհը ներկայացված է սև-սպիտակ գույներով։ Այն, ինչ առնչվում է տվյալ խմբի հետ, սպիտակ է, մնացած ողջ աշխարհը` սև։ Իրենք իրենց տեսնում են որպես բացառիկ ընտրության արժանացած անձանց, իսկ մնացած աշխարհը` որպես միսիոներության դաշտ։ Նրանց անդադար ներշնչում են իրենց բացառիկության և ընտրյալ լինելու մասին, ինչպես նաև այն, որ միայն տվյալ խմբում նրանք կարող են գտնել իրական սեր, ապահովություն, անվտանգություն։ Խմբի անդամներին խորհուրդ չի տրվում մտերիմ հաղորդակցություն այն անձանց հետ, որոնք չեն ընդունում իրենց ուսմունքը, որն էլ ավելի է սահմանափակում նրանց հաղորդակցումը իրենց խմբի ներսում։
2. Գրեթե բոլոր աղանդների ղեկավարները ներկայանում են որպես Աստծուց բացառիկ հայտնություն և գիտելիք ունեցող անձնավորություններ՝ համոզելով իրենց հետևորդներին, որ Աստծուց միայն իրենց է տրված սրբության ճանապարհը կամ նոր տեսլականը, որը կամ կորսվել էր դարերի ընթացքում (օրինակ <Ներ Սերունդ> աղանդի պարագայում), կամ նոր է ի հայտ եկել (օրինակ <Եհովայի վկաներ>-ի կամ <Մորմոնների> պարագայում)։
3. Գրեթե բոլոր աղանդները բնորոշվում են առաջնորդի/հովվի դերի չափազանցությամբ, որն իրեն համարում է Աստծուց ուղարկված կամ ընտրված։ Քանի որ տվյալ առաջնորդը ունի Աստծու հետ <յուրահատուկ, մտերիմ հարաբերություն>, ապա կարող է թելադրել նոր վարդապետություն, աստվածաբանություն, տեսիլքներ, խնդիրների լուծումներ, հայտնություններ։ Ընդ որում` աղանդի հովիվը և նրա ընտանիքը մեծ հեղինակություն են վայելում՝ անկախ իրենց կրթությունից, սոցիալական դերից կամ ներդրումներից, տաղանդներից, վարքից: Տվյալ մարդուն բնորոշ բոլոր նկարագրությունները չափազանցված են (օրինակ` եթե նկարել կարող է, ապա ներկայացվում է որպես տաղանդաշատ նկարիչ) և այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ եթե հոգևոր կյանքին իրեն չնվիրեր, ապա մեծ հաջողությունների կհասներ այլ ասպարեզներում, բայց իր տաղանդները զոհաբերել է հոգևոր ծառայության համար: Սովորական կյանքում թերություն համարվող հատկությունները ներկայացվում են որպես առավելություններ: Օրինակ` անբարոյական պահվածքը կարող է ներկայացվել որպես Աստծուց տրված փորձություն՝ իր զավակներին դաստիարակելու և <զորացնելու> համար, իսկ արծաթասիրությունը՝ որպես Աստծուց տրված ֆինանսական <օրհնություն>։ Եվ առաջնորդին այնքան գերագույն դեր է տրվում, որ նա իր ընտրությամբ և կամքով կազմակերպում է անգամ ամուսնություններ, կատարում է պսակադրություններ, հետո խառնվում է ընտանեկան և ամուսնական փոխհարաբերությունների մեջ և իր ուզած ձևով մանիպուլյացիայի ենթարկում արդեն ողջ ընտանիքը (<Հոգեգալստականներ>, <Կյանքի խոսք>, <Մորմոններ> և այլն)։
4. Աղանդում արգելվում են քննադատական վերլուծություններ կազմակերպության, ղեկավարի, ուսմունքի, հովվի խոսքի հանդեպ, եթե անգամ քննադատությունն իրավացի է։ Մտածելով, թե շրջապատված են Աստծո թշնամիներով, նրանք ստիպված են խստագույնս հետևել, որպեսզի այլ մտածելակերպ կամ ուսմունք չներխուժի խմբի անդամների մտքերի և գաղափարների մեջ, որևէ մեկի քննադատական խոսքը հանկարծ հասանելի չլինի մեկ ուրիշի։ Այդ պատճառով աղանդներում շատ լուրջ հետևում են մեկը մյուսին, <եղբայրական> խոսքով խրատում են <սխալ> մտածողներին, կայքերից հանում են քննադատական գրվածքները։ Իսկ մտածելու և զարգանալու հավակնություն ունեցողների համար նախապատրաստված է գրականություն. մեծ քանակությամբ տարաբնույթ հեղինակների գրքեր արագությամբ տպագրվում են տարբեր լեզուներով և տարածվում խմբի անդամների միջև։ Ինչպես նաև քարոզներ և տեսանյութեր են ձայնագրվում, որոնց բնույթը հիմնականում այսպիսին է` ամբողջ աշխարհը վտանգի մեջ է, մեծամասնությունը Աստծո դեմ ուղղված մի մեծ դավադրության մասնակիցներ են և միայն տվյալ աղանդն է, որն ունի ճշմարտության գաղտնիքը, երբեք չի շեղվել իր ուսմունքից և կարող է ցույց տալ ճշմարտությունը մյուսներին (տարօրինակ է, որ այդպիսի նյութեր ունեն բոլոր աղանդները)։ Դրա ապացույցն է վերջերս <Նոր Սերունդ>-ում պտտվող <Великий заговор против Христа и его народа> ֆիլմը http://youtu.be/AJZEqyWh8do։


5. Յուրաքանչյուր աղանդ ամեն քննադատության մեջ իր համար վտանգ է տեսնում։ Աղանդից դուրս գտնվող քննադատները, որպես օրենք, մատնանշվում են իբրև խաբեբաներ, ոչ մասնագետներ, սուտ ուսմունքներ տարածողներ, նույնիսկ սատանայի ծառայակիցներ։ Օգտագործվում է ցանկացած մեթոդ, որպեսզի տվյալ քննադատին սևացնեն, արժեզրկեն և ստորացնեն հենց իրենց անդամների աչքերում` համոզելով, որ բերված փաստարկները չեն համապատասխանում իրականությանը և կարիք չկա դրանց շուրջ վիճաբանել։ Ընդ որում, դա արվում է շատ կոպիտ, ագրեսիվ, անքաղաքավարի եղանակով։ Որպես օրինակ կարող եք դիտել և՛ այս, և՛ մեր նախորդ հոդվածի քննարկումների ժամանակ տրված մեկնաբանությունները, որոնց առաջին բառից իսկ արդեն պարզ է դառնում, թե որ հեղինակն է գտնվում աղանդի մեջ։ Արտաքին քննադատներին փորձում են նաև վախեցնել տարբեր տեսակի մեղադրանքներով։ Աղանդում շատ արագ հրաժարվում են որևէ սխալ թույլ տված անդամից, ինչպես հայտնի դեպքերից հետո տեղի ունեցավ Անժելա Սարգսյանի հետ. չնայած բոլոր տեսա և ֆոտոապացույցների՝ <Կյանքի խոսք> աղանդի թե՛ ղեկավարները և թե՛ բոլոր անդամները հրաժարվում էին տեսնել ոչ միայն ակնհայտ կապը, այլ նաև առհասարակ առնչությունը Ա. Սարգսյանի և <Կյանքի Խոսք>-ի միջև։ Թող ուշադիր լինեն բոլոր աղանդներում ներգրավված անձինք` ցանկացած սայթաքումի դեպքում ձեզանից նույնպես հրաժարվելու են նման կերպ։ Իսկ սայթաքել կարող ենք յուրաքանչյուրս։
6. Աղանդը, ավելի շուտ՝ առաջնորդը, որոշում է, թե ով հոգևոր իրավունք ունի գտնվելու խմբում։ Բոլոր այն մարդիկ, ովքեր գտնվում են խմբում, իրականում համապատասխանում են որոշակի չափանիշների։ Ժամանակի ընթացքում չհամապատասխանելու, ըմբոստանալու կամ հարցեր առաջանալու դեպքում նրա համար այնպիսի հանգամանքներ և պայմաններ են ստեղծվում, որպեսզի <խնդրահարույց> անձնավորությունը թողնի և հեռանա։ Ընդ որում, մնացողներին ներշնչում են, թե իբր հեռացածը կորցրել է փրկության ճանապարհը և տվյալ մարդուն որպես կորսված են դիտարկում։ Հեռացողի համար ցավալի է այդ հանգամանքը, նորմալ սոցիալական վիճակին վերադառնալու ճանապարհը, քանի որ նա կրում է անհիմն մեղադրանքներ ընկերների կողմից և երկար ժամանակ ստիպված է լինում փնտրել իրական ճշմարտությունը, վերագտնել կորսված ժամանակը, նոր հարաբերություններ հաստատել, ինչպես նաև ցավ է ապրում իր իսկապես ճշմարտությունից հեռացած և ազդեցության տակ գտնվող ընկերների համար։
7. Աղանդները շատ ակտիվ իրականացնում են նաև սեփական պատմության և փաստերի մանիպուլյացիա։ Բոլոր այն դեպքերում, երբ աղանդի պատմությունը չի համապատասխանում իրականությանը, այդ փաստերը քողարկվում են կամ դրանց մասին պարզապես լռում են, կամ էլ փոխանցվում են ընտրական մոտեցմամբ, քանի որ ոչ բոլոր անդամներն են տեղյակ իրականությանը։ Ինչպես ղեկավարի դեպքում յուրաքանչյուր մեղք մատուցվում է հարմար բացատրություններով և հետևություններով, այնպես էլ խմբի վերաբերյալ բացասական տեղեկությունները ներկայացվում են որպես <եկեղեցու> փորձություններ` <Ով գիտի ինչու համար է Աստված թույլ տվել այդպիսի երևույթներ>։ Ամեն բան արվում է նրա համար, որպեսզի անդամները հետ չնայեն, խորությամբ չուսումնասիրեն և կասկած չունենան <իրականության> հանդեպ։
8. Աղանդներում ներգրավված անձանց հանդեպ օգտագործվում է հոգեբանական ճնշման և ֆիզիկական գերլարվածության միջոցով դաստիարակումը։ Աղանդում յուրաքանչյուր ազատամտություն արմատախիլ է արվում հոգեբանական ճնշմամբ, ընդգծված արհամարհական և զգուշավոր վերաբերմունքով, ամբիոնից երկիմաստ արտահայտություններով, ծառայությունից կամ <հաղորդությունից> զրկելով, մյուսների մոտ ցածրացնելով։ Դրա նպատակն է հոգու մեջ կոտրել յուրաքանչյուր դիմակայում, սպանել անձի անհատականությունը, ղեկավարների ձեռքում դարձնել հլու-հնազանդ ծառա։ Բացի հոգեբանական ճնշումից, հնարավոր ամեն բան արվում է՝ աղանդի անդամների ազատ ժամանակը տարբեր ծառայություններով, պարտականություններով, առաջադրանքներով զբաղեցնելու համար։ Հաճախ կարելի է տեսնել տարբեր աղանդներում ներգրավված մարդկանց, որոնք ժամանակ չունեն իրենց ընտանիքի, երեխաների, աշխատանքի և սոցիալական այլ պարտավորությունների համար, քանի որ ամբողջ ժամանակը ծախսվում է տարբեր տեսակի ծառայությունների և խմբակների մասնակցելու վրա: Այս պարագայում անհնարին է դառնում հանգիստ իրավիճակում վերլուծելը, քննադատելը, կյանքի ընթացքը, նպատակների իրականացումը և խմբում տիրող իրավիճակն առողջ կշռելը։ Առաջին անգամ խումբ այցելելուց նորեկը էյֆորիա է ապրում։ Նա ուշադրության կենտրոնում է, նրա հանդեպ ցուցաբերում են հատուկ սեր, քնքշանք։ Այդպիսով նրա մոտ տպավորություն է ստեղծվում, թե ինքը գտնվում է մի նոր ու անսովոր խմբում, որը կտրուկ տարբերվում է չար և խստացած աշխարհից։ Այդպիսի ուշադրությունն անհնարին է դարձնում նրա կողմից վերլուծական կարողությունների դրսևորման պրոցեսը, և նա աչքերը փակում է որոշակի բացասական թվացող երևույթների վրա։ Շատ հետևորդներ անդադար պատմում են, թե որքան երջանիկ են իրենք տվյալ խմբում, սակայն իրականում ապրում են հուսահատություններով և տառապանքներով լի կյանք։ Անգամ ընկալելով իրական հոգեվիճակը, սակայն գտնվելով գիտակցականի անդադար ճնշման տակ, անձը չի կարողանում հասկանալ, որ իրեն վնաս է հասցվում և չի կարողանում ուժ գտնել աղանդից դուրս գալու համար։ Ինչպես նախորդ հոդվածում էինք նշել, աղանդներում ներգրավված անձինք ապրում են իրականության խեղաթյուրման դաշտում, որն իրենց համար ստեղծել են մանիպուլյատոր-ղեկավարները։
9. Հաշվի առնելով, որ աղանդները համոզված են իրենց բացառիկության մեջ, իրենց քարոզներում նրանք հատուկ շեշտադրում են մաքրության և սրբության կարևորությունը կյանքի բոլոր ոլորտներում` արտաքին տեսք, հագուստ, պահվածք, հակառակ սեռերի փոխահարաբերություններ, որոնք առաջին հայացքից դրական են թվում, սակայն շատ անգամ այդ պահանջներն այնքան են չափազանցվում, որ դառնում են անհասանելի։ Դրա հետևանքով անձի մոտ շեղված ձևով խորանում է Աստծո դատաստանի առջև վախը, մեղքի զգացողությունը և այն միտքը, որ ինքը չի կարողանում համապատասխանել Աստծո ծրագրի և ղեկավարի կողմից իր առջև դրված չափանիշներին։ Նշված մեղքի զգացողություն էլ ավելի է խորանում, երբ անձը տառապում է որևէ հիվանդությամբ կամ ունի թերություն, և նրան ներշնչում են, որ այդ ամենն իրեն ուղարկված է իր մեղքերի պատճառով։
Նշենք մի կարևոր հարց ևս, որ շատերի մոտ է առաջանում. արդյո՞ք աղանդի առաջնորդը կամ հովիվը հավատում և հետևում է այն բոլոր ուսմունքներին, որ ներկայացվում է այլոց։ Իհարկե, հնարավոր չէ ներթափանցել մարդու հոգու և սրտի մեջ՝ տեսնելու համար, թե ինչ է այնտեղ կատարվում։ Չի բացառվում, որ նրանցից շատերն անկեղծորեն հավատում են իրենց ուսմունքին` իբր թե Աստծուց տրված հայտնությունների միջոցով։ Սակայն շատերը նաև իրենք են զոհ դառնում` հմուտ մանիպուլյատորների կողմից որևէ համակարգի մեջ ներգրավված լինելով, սակայն շատ անգամ գիտակցելով իրենց սխալը, արդեն այնքան խորն են ներթափանցել այդ համակարգի մեջ, որ անհնարին են տեսնում որևէ փոփոխություն իրենց կյանքում։ Իսկ կան առաջնորդ/հովիվներ, որոնք գիտակցաբար օգտագործում են կրոնը այլ մարդկանց իրենց սեփական նպատակներին ծառայեցնելու համար։ Դատաստանն Աստծուն է։ Սակայն մեր նպատակն է օգնել այն մարդկանց, որոնք, անկախ իրենք կամքից, գործիք են դարձել մանիպուլյատորների ձեռքում։ Եթե վերոհիշյալ բնորոշումներից գոնե երկու-երեքը առկա են ձեր միջավայրում, արդեն զգուշանալու և մտածելու առիթ ունեք։ Բազմաթիվ մարդիկ, չգիտակցելով սա, ենթարկվում են հոգևոր մանիպուլյացիայի։ Ինչու՞։ Որովհետև մանիպուլյատորի զոհ դարձած անձը միայն այն դեպքում կարող է տեսնել իր հանդեպ մանիպուլյացիայի առկայությունը, երբ օգնություն է ստանում դրսից, որովհետև մանիպուլյացիայի հիմնական նպատակն այն է, որ անձը չգիտակցի դրա մասին։ Եվ մանիպուլյացիան հնարավոր չէ բացահայտել այն մարդու համար, որը տեղյակ չէ, թե ինչ է դա նշանակում և ինչ մեխանիզմներով է կատարվում։ Սովորաբար մանիպուլյացիայի զոհ դարձաձ մարդիկ չեն կարողանում ընկալել իրենց ներսում իրականության խեղաթոյւրման փաստի առկայությունը։ Մենք մեր կյանքում անդադար բախվում ենք ուրիշների արժեքների, նպատակների և ցանկությունների հետ և շատ կարևոր է սովորել համագործակցել` պաշտպանելով մեր հոգու սահմանները և թույլ չտալով, որ այնտեղ ներխուժեն անցանկալի հյուրեր։ Դրա համար անձը պիտի սովորի նախ և առաջ տեսնել իր սեփական անձի այն թույլ կողմերը, որոնք նպաստել են կախվածության առաջացմանը։
Ձեզ ենք ներկայացնում 13 կետերից բաղկացած մտավոր և հոգեկան առողջության հիմքեր, որոնք մշակվել են քրիստոնյա հոգեբանների կողմից և ուղղված են նախ և առաջ այն մարդկանց, ովքեր ուզում ենք փոխել իրենց կյանքը և ազատվել աղանդի և/կամ անհատի անցանկալի ազդեցությունից, ինչպես նաև վերանայեն իրենց ներքին որոշ համոզմունքներ.
1. Առողջ դատողությունն ԱՐԺԵՎՈՐՈՒԹՅԱՆ ներքին գիտակցումն է, այլ ոչ թե արտաքին աշխարհից սեփական անձի արժևորման սպասումը։ Մենք բոլորս կախված ենք ուրիշների կարծիքներից. սպասում ենք, որ ինչ որ մեկը պիտի մեզ ասի, թե մենք գեղեցիկ ենք, խելացի, հավատացյալ։ Սակայն հիշեք` եթե այլ մարդիկ պիտի իրենց խոսքերով ձեզ արժևորեն, ապա նրանք էլ իրավունք ունեն ձեզ արժեզրկելու։ Աստված, ձեզ ստեղծելով, արդեն արժևորել է ձեզ։
2. Առողջ դատողությունն ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ներքին գիտակցումն է, այլ ոչ թե արտաքին հանգամանքներից կախվածությունը։ Շատ մարդիկ իրենց անվտանգ են զգում այն դեպքում, երբ ղեկավարում են, կամ ղեկավարվում են, կամ պարտադիր անդամակցում են որևէ խմբին կամ ընկերությանը։ Սակայն դրա արդյունքում իրենք կորցնում են իրենց անհատականությունը, ազատությունը, անձի ամբողջականությունը։
3. Առողջ դատողությունը ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ լինելն է սեփական զգացմունքների, տրամադրության, կյանքի և գործողությունների համար։ Մենք ոչ մեկին չենք կարող փոխել, բացի մեզանից։ Աստված մեզ իշխանություն չի տվել այլոց կյանքերի վրա, այլ միայն մեր սեփական կյանքի։ Մի փորձեք պատասխանատվությունը գցել ուրիշի վրա, փոխել դիմացինին, մեղադրել հասարակությանը, եկեղեցուն, կառավարությանը։ Դուք ինքներդ եք ընտրում ձեր կյանքի ճանապարհը, ձեր զգացմունքները տարբեր հանգամանքներում։
4. Առողջ դատողությունը ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՍԵԼՈՒ ԵՎ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԸՆԿԱԼԵԼՈՒ կարողությունն է։ Իրական խոնարհություն է պետք՝ տեսնելու այն սխալ համոզմունքները, որ ունես։ Երբ մարդ եսասեր է և ոչ մեկի չի վստահում, հարձակվում է յուրաքանչյուր քննադատության վրա, վիրավորելով պաշտպանում է իր կարծիքը. սա հպարտություն է։ Հպարտությունը համոզմունքն է այն բանի, որ այն, ինչ ես անում եմ և ինչին հավատում եմ, հենց դա է ճշմարտությունը։ Փորձեք լսել ձեզ իսկապես սիրող մարդկանց դիտողությունները։
5. Առողջ դատողությունը ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՆԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴԻՄԱՆԱԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է` ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԱՐԴՅՈՒՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ։ Պետք է կարողանալ պայքարել, փոխվել և համբերել, երբ ապրելն ահնարին է, երբ տխուր է, պատել են վախերը, երբ անհասկանալի է ապագան և երկար ժամանակ է պահանջվում՝ որևէ փոփոխություն տեսնելու համար։ Շատ մարդիկ իրենց կյանքում ուզում են տեսնել որևէ գործողության արդյունքները հենց հիմա, այս պահին։ Նրանք ապրում են պարզ մանկամիտ իրականության մեջ` <ուզում եմ հենց հիմա> կարգախոսով կամ բանաձևով։ Շատ աղանդներ օգտագործում են այդ մեխանիզմը` <հենց հիմա Սուրբ Հոգին այստեղ է>, <հենց այս պահին բժշկություններ են կատարվում>, <հենց հիմա կազատագրվեք ձեր բոլոր թերություններից, վախերից, հիվանդություններից>, <հենց հիմա Հիսուսին Տեր ընդունեք և անմիջապես փրկված եք> և այլն կանչելով։ Բայց պետք է հաշվի առնել, որ մարդն իր դժվարությունները մեկ վայրկյանում չի ձեռք բերում, սակայն ուզում է մեկ վայրկյանում ազատագրվել դրանցից։
6. Առողջ դատողությունը սեփական անձից և ուրիշներից ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԻ ճիշտ գնահատականն է, անհաջողությունների կամ դժվարությունների հաղթահարման դեպքում սեփական անձի նկատմամբ ներողամտությունն է։ Պետք չէ խորացնել մեղքի զգացողությունը կամ կենտրոնանալ դրա վրա (ինչպես կատարվում է հոգեգալստական շարժումներում), կամ հակառակը` կարծել թե կատարյալ քրիստոնյա եք, և ամեն բան ճիշտ եք անում (ինչպես շատ խարիզմատիկ շարժումներում), այլ փորձել գիտակցել սեփական սխալները, սովորել դրանցից և շարժվել առաջ։
7. Առողջ դատողությունը ՍՈՒԲՅԵԿՏԻՎԻ ԵՎ ՕԲՅԵԿՏԻՎԻ հավասարակշռությունն է կյանքում, երբ կյանքի և մարդկանց գնահատման համար չի օգտագործվում միայն միտքը կամ զգացմունքները։ Անառողջ մտածելակերպ է, երբ մարդը հույսը դնում է միայն իր զգացմունքների վրա կամ մարդկանց գնահատման համար օգտագործում է միայն ռացիոնալ, վերլուծական մոտեցումներ։ Զգացմունքները չեն կարող փոխանցել մարդկանց վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ` <Եթե այսպես եմ զգում, ուրեմն իրավիճակը այդպիսին է>. զգացմունքներն ընդամենը վերարտադրում են ձեր ենթագիտակցական համոզմունքները։ Չի կարելի նաև թաքնվել միայն մտավոր վերլուծությունների ետևում։
8. Առողջ դատողությունը սեփական ԱՆՑՅԱԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆՆ Է։ Փակվելով անցյալի հիշողությունների և սխալների մեջ՝ դուք չեք կարող երջանիկ լինել։ Ապրելով անցյալով՝ դուք այն տեղափոխում եք ձեր ներկա և ապագա հարաբերությունների մեջ։ Շատ աղանդներում անձին կենտրոնացնում են իր անցյալում կատարած սխալների վրա և չտալով դրա մասնագիտական հոգեբանական լուծումը՝ անձին դրդում են նույն գործողությունների և սխալների իրականացմանը ողջ կյանքի ընթացքում։
9. Առողջ դատողությունը ՈՒՐԻՇՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԳԱՆՔՆ Է։ Սեփական փրկության փոխարեն պետք չէ ուրիշներին <փրկություն> պարտադրել կամ հասուն մարդու փոխարեն ընտրություն կատարել։ Հարգու՞մ եք արդյոք դիմացինի ընտրությունը, թե, եթե ձեզ նման չի մտածում, նեղանում եք, հեռացնում նրան ձեր կյանքից։ Կարողանու՞մ եք ընդունել դիմացինի <ոչ>-ը։ Շատ աղանդներում սուր քննադատության է արժանանում այն մարդը, ով որևէ մեկի օգնության խնդրանքին կամ հրավերին <ոչ> է պատասխանել։ Ինչու՞ ձեր ինքնավստահ զգալու համար բոլորը պիտք է պարտադիր համաձայնվեն ձեզ հետ։
10. Առողջ դատողությունը ՓԱՓՈՒԿ ՀԱՄԱՌՈՒԹՅՈՒՆՆ Է, որը սիրով, առանց բարկության, ագրեսիայի և մանիպուլյացիայի ճշմարտությունը փոխանցելու կարողությունն է։
11. Առողջ դատողությունը ԶԱՐԳԱՑՈՂ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ` ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԵՎ ՀԱՍԱՆԵԼԻ, որոնք տալիս են ապահովության և իմաստ ունեցող ապագայի զգացողություն, այլ ոչ թե դատարկ և սին զբաղմունքներով լծվելու հեռանկար։ Ունե՞ք արդյոք կյանքի նպատակներ, գիտակցու՞մ եք՝ ՈՎ ԵՔ ԴՈՒՔ, դեպի ուր եք շարժվում, որն է ձեր վերջնակետը։ Արդյո՞ք դուք եք մշակել ձեր կյանքի նպատակները, թե՞ ուրիշ մարդիկ են դա արել։ Մի գուցե ուրիշի կյանքո՞վ եք ապրում, ընթանում եք ջրի հոսանքի հե՞տ։ Դուք պիտի նպատա՛կ ունենաք ձեր կյանքում։
12. Առողջ դատողությունը ՍԵՓԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՝ <ՄԵՐ ՀՈԳՈՒ ՀԱՆԴԵՐՁԻ> ՄԱՍԻՆ ՀՈԳ ՏԱՆԵԼՆ Է։ Պետք է հոգուն զուգահեռ կարողանալ զգալ նաև մարմնի պահանջները, պաշտպանել այն, ժամանակին ապահովել անհրաժեշտ սնունդով և ֆիզիկական վարժություններով։ Մարմնի անառողջ վիճակը գիրությունն է կամ հյուծվածությունը։ Պետք է ուշադիր լինել և մարմնին համապատասխան ժամանակներում հանգիստ տալ՝ վերականգնվելու համար։ Այն չի կարող անդադար աշխատել բարձր լարվածությամբ։
13. Եվ վերջապես, առողջ դատողությունն ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆՆ Է, ԹԵ ՈՒՄ ԿԱՐԵԼԻ ՎՍՏԱՀԵԼ, ԻՍԿ ՈՒՄ՝ ՈՉ։ Միամիտ վստահությունը վտանգավոր է այս աշխարհում, որը լեցուն է սուտ մարգարեներով, մանիպուլյատորներով և հավատքի վրա գումարներ աշխատելու պատրաստակամություն ունեցող խաբեբաներով։ Ձեր վստահությունը պետք է վաստակել, որից հետո դուք կարող եք վստահել որևէ մեկին ձեր մարմինը, սիրտը, մտքերը, ընտանիքը, ֆինանսները։ Զոհ-մարդն է ասում է <այո> այն դեպքում, երբ պիտի ասվեր <ոչ, ոչ մի դեպքում, երբեք>։
Իրենց չիմացության, անհոգության, միամտության պատճառով շատ մարդիկ Աստծուն հետևելու փափագով զոհ են դառնում աղանդների ձեռքին, ինչի հետևանքով Աստծուն ծառայելու փոխարեն սկսում են ծառայել մարդուն։ Դրա համար պետք է.
• Խուսափել մարդուն մեծարելուց և երկրպագելուց, անգամ եթե նա արտասովոր է թվում,
• Երբեք չթաքցնել ճշմարտությունը և սուտ չխոսել,
• Շատ ուշադիր լինել և չհետևել տարբեր տեսակի տեսիլքներին, մարգարեություններին, հայտնություններին, երազների բացատրություններին,
• Չշտապել գործել, եթե կասկածներ ունեք Աստծո կամքի վրա,
• Պատրաստ լինել ընդունել սխալները, թողնել ամեն բան և ամեն ինչ սկսել նորից։
Եվ վերջում մի քանի խոսք այն մարդկանց, ովքեր տվյալ պահին գտնվում են աղանդներում։ Հասկանալի է, թե խաբկանքը հայտնաբերելուց հետո ինչ դժվար է ընդունել սեփական սխալը և կտրուկ քայլերի դիմել։ Մի կողմից բոլորը պնդում են, որ դուք սխալ տեղում եք գտնվում, մյուս կողմից այնտեղ են ձեր բոլոր ընկերները, հաճախ՝ ընտանիքը, և ամաչում եք, ոմանք գուցե նույնիսկ վախենում հետագա խոսքերից, հայացքներից, ծաղրանքներից։ Այս դեպքում խմբից դուրս գալը ձեզ համար նշանակելու է ընկերների կորուստ, արհամարհանք, որոշ ժամանակ միայնակություն։ Սակայն դուք ունեք երկու ճանապարհ` մնալ զոհի կարգավիճակում, ապրել ուրիշի կյանքով և կամ ուժ, զորություն գտնել և դուրս գալ, ապրել Աստծուց տրված ճշմարիտ քրիստոնյայի ձեր սեփական կյանքով։ Այն մարդիկ, որոնք գնտվում են աղանդներում, միշտ վախ ունեն դժվարությունների, ցավի, փոփոխությունների հանդեպ, մանավանդ եթե արդեն մեկ անգամ դժբախտություն են ապրել և այժմ կարծում են, թե գտել են իրական սեր և երջանկություն։ Սակայն յուրաքանչյուր մարդու իր կյանքի ընթացքում կարող են հանդիպել դժբախտություններ, ցավ, անգամ անցանկալի մահեր, տառապանք (նույն Ս.Գիրքն էլ նման բան չի ասում. արժե հիշել թեկուզ աղքատ Ղազարոսի դրվագը և Աբրահամի խոսքը տանջվող հարուստին։ <Որդյա՛կ, հիշի՛ր, որ դու ստացար քո բարիքներն այնտեղ, քո կյանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարչարանքները. այժմ սա այստեղ մխիթարվում է, իսկ դու այդտեղ պապակվում ես> Ղուկ. 16.25) և դրանցից արհեստականորեն փախչելը, ձևացնելը, թե չկան, նշանակում է ապրել սուտ կաղապարի մեջ, քանի որ դրանք կյանքի մի մասն են։ Այո, դժվար է փոխվել և բաց թողնել սովորական դարձած բաները, մանավանդ եթե կարծում եք, որ կյանքը մշտական ուրախություն է, տոն և ցնծություն։ Սակայն փոփոխություններն իրական կյանքի բնույթն են, ինչն Աստված մեզ սովորեցնում է նույնիսկ բնության միջոցով` ամեն աշուն տերևները թափվում են, ճյուղերը չորանում, ձմռանը սառչում, սակայն գարնան առաջին իսկ շնչով կրկին բողբոջում են, կանաչում և ծաղկում։ Կյանքի դժվարությունները ունենք իրենց իմաստը` Բ. Տիմ. 1.12 <Ահա թե ինչու այս չարչարանքներն եմ կրում, բայց ամոթ չեմ համարում, քանզի գիտեմ, թե ում եմ հավատացել և վստահ եմ, որ նա կորող է իմ ավանդը պահել մինչև այն օրը>: Դժվարություններով անցած մարդիկ ունեն կյանքի յուրահատուկ ճկունություն։ Ազնի՛վ եղեք ինքներդ ձեզ հետ, մի՛ վախեցեք կյանքի դժվարություններից (հիշե՛ք՝ <ինչքան, որ շատ բաժնեկից լինենք Քրիստոսի չարչարանքներին, նույնքան և Քրիստոսի միջոցով մեր մխիթարությունն էլ առավել կլինի (Բ. Կորնթ. 1.5), մի՛ թաքնվեք սուտ երջանկության զգացողություն պարգևող պատերի ետևում, այլ փնտրե՛ք իրական հավատքը. Քրիստոսի իրական եկեղեցին և ներդաշնակություն կգտնեք ձեր և Աստծո միջև, չէ՞ որ առաքյալն էլ է ասում. <Եթե Իր չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու և փառքին> (Հռոմ. 8.17): 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել