«Մի քանի օր շարունակ Հայաստանի բնակչությունն ուշադիր հետևում էր՝ տեսնես օտարերկրյա լրատվամիջոցներն ինչ էին խոսում Գյումրիի դեպքի մասին: Ուշադրության կենտրոնում էին հատկապես ռուսական լրատվամիջոցները.

Մոտավորապնս այսպիսին էր վիճակը նաև 1988-ին՝ ղարաբաղյան շարժման առաջին ամիսներին, երբ բոլորը, շունչները պահած, սպասում էին, թե «կենտրոնական» հեռուստաալիքներն ինչ կասեն մեր միլիոնանոց միտինգների մասին: Ասում էին «մի խումբ ծայրահեղականներ»՝ հաջորդ օրը հարյուր հազարավոր մարդիկ վրդովված դուրս էին գալիս փողոց «մենք ծայրահեղականներ չենք» կարգախոսներով (անպայման ռուսերեն, որ «կենտրոնում» հասկանան), հաղորդում էր ցուցադրվում Ղարաբաղի մասին՝ հաջորդ օրը բողոքի նոր ալիք էր բարձրանում այս կամ այն բառի կամ կադրի դեմ և այլն: Բայց այն ժամանակ դա ինչ-որ տեղ հասկանալի էր՝ Հայաստանը դեռ Խորհրդային Միության կազմում էր, Կրեմլում «մեր» իշխանություններն էին, «Պրավդան» նաև «մեր» պաշտոնաթերթն էր, և այդպես շարունակ: Իսկ հիմա Հայաստանն արդեն 23 տարի է՝ անկախ պետություն է: Բայց մենք, պարզվում է, էլի շունչներս պահած՝ հետևում ենք, թե ինչ են ասում «կենտրոնից»: Եվ ցանկացած ոչ կոռեկտ ձևակերպում կամ անհարգալից արտահայտություն ափերից հանում է մեզ: Տեսեք՝ փոխոստիկանապետ Երանոսյան Լյովան հայտարարեց, թե Գյումրիի ցուցարարների 80 տոկոսը հարբած է եղել: Պատկերացրեք՝ նման բան ասեր ռուսաստանյան որևէ հեռուստամեկնաբան. Հայաստանում բողոքի ալիք կպայթեր: Բայց ասողը Երանոսյան Լյովան է եղել՝ բանի տեղ չդրեցինք, անցավ-գնաց: Մենք, փաստորեն, դեռ չենք հասկացել, որ պրոբլեմը մեր ներսում է, և եթե ինքներս մեզ հարգենք՝ դրսում մեզ կհարգեն, ինքներս մեզ չհարգենք՝ ոչ մեկը մեզ չի հարգի:

Իսկ Հայաստանի իշխանությունները կարծես թե սեփական երկրի նկատմամբ ոչ թե հարցանք են ակնկալում, այլ խղճահարություն: Մինչդեռ դրանք խիստ տարբեր բաներ են»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել