Որքան ես հասկանում եմ «աշխարհից վիրավորված» ռուսական պոռթկումներից, նրանք աշխարհից սեր են ուզում: «Մեզ չեն սիրում»-ը դարձել է աշխարհի հետ հարաբերություններն արժևորելու հիմնական խնդիրը: Համենայն դեպս, այդ են վկայում տարբեր մակարդակների հանրային տիրույթներում առկա փնտրտուքները՝ սկսած հարբած զգայական խոսակցություններից մինչև մտավարժանքային փիիսոփայական կամ կիսափիլիսոփայական ընդհանրացումները: Դեռևս անցյալ դարի իննսունականներից սա դեռևս հիմնականում գիտա-պրոֆեսորական փոքր հատվածի քննարկումների նյութն էր՝ մասամբ բարդույթավորված և դեգերող ինքնագնահատականը փակուղուց դուրս բերելու ոչ այնքան գիտակված փորձերով: Խնդիրը դիտարկվում էր մոտավորապես հետևյալ հարթությունում,-առանց այլոց սիրո կարո՞ղ ենք մենք շարունակել ապրել այնպես, ինչպես մենք ենք ապրելը պատկերացնում և հասկանում, թե՞ մեզ պետք է սիրեն, և սրան հաջորդող հաջորդ ինքնահարցը՝ մեզ պետք է սիրեն առանց մեր ջանքերի, որովհետև մեզ պե՛տք է սիրե՞ն (չբարձրաձայնվող՝ մենք սիրո արժանի ենք); մեզ սիրելու համար մենք պետք է ջանքեր գործադրենք (չբարձրաձայնվող՝ բայց ինչու՞, եթե մենք սիրո արժանի ենք): Ինչու՞ են ռուսները սիրո արժանի: Որովհետև «մենք այնպիսին չենք, ինչպիսին ուրիշներն են» («ուրիշները» նախ և առաջ Եվրոպան են և Ամերիկան՝ հավերժական «նույնը»); որովհետև մեր այն, ինչ տարբերվում է ուրիշներից, շատ լավն է, սիրելի է, փրկարարական է, ինքնափրկարարական է, առաքելական է, նյութական չէ, և իհարկե, արդեն շարունակվում են մաքուր ռուսական ձևակերպումները «հատուկ ոգու», աշխարհը արատներից փրկելու «հատուկ առաքելության», մասնավոր ռուսական «քրիստոնեականության», «հռոմեականության», «բյուզանդականության» և այլն, միով բանիվ՝ «ռուսական մենթալիտետի» մասին: Չնայած սրանց բոլորի սնուցող ակունքը «ռուսական ձերժավնոստն» է, որը ռուսական լեզվամթերքում և խուսանավող ձևակերպումներում հանգում է «աշխարհը պետք է հաշվի նստի ռուսականության հետ» (թարգմանաբար՝ աշխարհը պետք է վախենա հզոր Ռուսաստանից), այնուամենայնիվ այս ամենը «ռուսական ձերժավնոստի» ագրեսիայի ոչ մի օրինակ չի հանդուրժում, իսկ բուն ագրեսիվ գործողությունների համար միշտ կար/կա պատասխան՝ ագրեսիա չկա, կա սրան-նրան փրկելու խնդիր, մշակութային կամ ֆիզիկական, կամ՝ երկուսը միասին: Ռուսաստանը բարերարություն է արել/անում չեչեններին, կաբարդիներին, աֆղաններին, վրացիներին, կովկասյան թուրքերին, լեհերին, բուլղարներին...շատ-շատերին: Եթե նույնիսկ նրանց կոտորել է: Դա արել է նրանց շահերի համար: Հայերի մասին՝ էլ չասեմ: ԽՍՀՄ պատմագրությամբ մեծացած սերունդը լիուլի ըմբոշխնել է «Հետամնաց հարևաններին փրկելու ռուսական առաքելության», Ռուսաստանին հարևանների «կամավոր միացման» և ռուսական քաղաքակրթական բարերար ազդեցության գիտակցման հաճույքը: Դասագրքերից զատ այդ հաճույքը նրանց պատճառել են նաև «փրկված հարևանները»՝ բազմաթիվ «պլենար նիստերին», գրքերով, դիսերտացիաներով, կոնֆերանսներին, համերգներով, կինոնանկարներով և մարդկային, հասարակական, մշակութային ու «քաղաքական» շփման բազմապիսի ձևերով՝ հավաստելով այդ փրկարար առաքելության իրենց ընկալումը և մեծ երախտագիտությունը ռուս ժողովրդին: Հատկապես՝ սոցիալիզմի շրջանում, երբ «բոլոր ճնշվածների պաշտպանի» միսիայի գիտակցումը և ինքնագնահատականը ռուսաստանյան տիրույթում փաստացի դարձել էր համատարած: Տևական ժամանակ այս հաշիշին վարժված մարդիկ հավատացել են այս ամենին և նույնիսկ սկսել են կասկածել՝ արդյո՞ք այս բարերարությունը ռուս ժողովրդի հաշվին չէ: Երբեմն էլ սկսել են հաշվել իրենց կորուստները: Հարաբերությունների այս կերպը բերել է բարերարի և երախտապարտի երկկողմանի երեսպաշտության, ինչը երկու կողմն էլ գերադասել են «սեր» անվանել: Ռուսները վարժվել են «սիրված» լինել և նույնիսկ մարդկային հարաբերությունների բազմաբնույթ դրսևորումներից այս սերը չափազանց կարևորել: Դա, միաժամանակ, այն թանկ գինն է, որ նրանք վճարում են իրականության առաջ աչքերը փակած լինելու համար: Առավել ևս, որ դա նրանց մեղքը չէ. ԽՍՀՄ-ը չէր թույլ տա ԽՍՀՄ-ցիներին մտածել, նրանց փոխարեն մտածում էր Կոմունիստական կուսակցությունը: Իսկ Կոմկուսը «մտածում էր», որ ռուս ժողովուրդը փրկում է «բոլոր ճնշվածներին», որի դիմաց «բոլոր ճնշվածները» հնազանդորեն սիրում են ռուս ժողովրդին: Այսպես թե այնպես ԽՍՀՄ փլուզումով փլուզվեց նաև այդ վարժեցված սերը: «Սիրո փլուզումն», անշուշտ, ավելի երկար տևեց, քան Կոմկուսի փլուզումը: Հենց Ռուսաստանից եկավ «փրկվիր, ով ինչպես կարող է»-ն, որը զգացմունք չի հանդուրժում: Աստիճանաբար փլուզվեց նաև սիրո վարժված ռուսական ինքնագնահատականը՝ անհատներին թողնելով դառնացնող և վիրավորական «Ինչու՞ մեզ չեն սիրում»–ի պատասխանի փնտրտուքը: «Բոլոր ճնշվածների»՝ Կոմկուսի հրահանգից ազատված «վախեցած սերը» աստիճանաբար վերաճեց հավասարը հավասարի հետ անհատների կոմերցիոն, արտադրական, գործնական, քաղաքական, օլիգարխական «ով, ինչպես կարող է» հարաբերությունների կառուցման ժամանակը, որը ցավոք կեղտոտ կոշիկներով անցավ նաև այն բարու և առաքինության վրայով, որ ձեռք էր բերվել ընդհանուր չարիքից պաշտպանվելու դեմ ուժերը մեկտեղելու ընթացքում և որը կես խոսքից կամ ժեստից հասկանալի էր բոլորին: Մարդկայնորեն միանգամայն հասկանալի է «բարեկամներից» և «սիրուց» զրկված ռուս ժողովրդի բարոյա-հոգեբանական վիճակը: Նրանք վարժվել են սիրո, թեկուզ և՝ սիրո ցուցադրության, թեկուզ և՝ վախեցած սիրո: Նրանք վարժվել են իրենց պատմական առաքելության մեծարման, բարձրաձայն մեծարման: Այդ սիրո և առաքելության մասին այնքան է գրվել, այնքան է խոսվել, այնքան է կրկնվել, այնքան է ցուցադրվել, որ այն հարաբերությունների խճանկարից հանելուց հետո դատարկություն, մեծ դատարկություն է առաջացել: Դժվար լցվելիք դատարկություն: «Բարձր ղեկավարությունը» այդ դատարկությունը լցրել է նյութական արժեքներով, ժողովրդին թողել է կոտրած տաշտակի առաջ: Դատարկությունը լցվում է հարբեցողությամբ, ցավով, ափսոսանքով, անարդարության գիտակցությամբ, ունայնությամբ... Իսկ «բարձր ղեկավարությունը»՝ ռուսական նոր Կոմկուսը այդ դատարկությունը լցնում է ռուսների նկատմամաբ աշխարհի ատելության քարոզչությամբ («որովհետև մենք նրանց նման չենք»), աշխարհը վախեցնելու հոխորտանքով («որովհետև մեր միսիան նրանց ճիշտ ապրել սովորեցնելն է»), և ոչ ոք, ոչ ոք չի փորձում խոսել այն մասին, որ սեր փնտրող ժողովուրդը պետք է վարժվի մի քիչ... սիրել: Այլապես ինչու՞ և ինչպե՞ս պիտի աշխարհը միաժամանակ վախենա ռուսներից և սիրի ռուսներին: Դա ԽՍՀՄ ձեռքբերումն էր, որն արդեն անցյալ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել