Որքան էլ որ դա կարող է ցավալի լինել ռուս-ուկրաինական սահմանի երկու կողմերում ապրող մարդկանց համար՝ ռուսական աշխարհի մասը կազմող Ուկրաինան՝ որպես հարաբերականորեն միասնական պետական-տարածքային միավոր, այլևս գոյություն չունի: Ինչպես ցույց են տալիս քաղաքական ու ռազմական զարգացումները, վերադարձ ելման դիրքերին Ուկրաինայի տրոհման գործընթացը չի նախատեսում: Թերևս առաջիկայում կիևյան իշխանությունը բախվելու է նոր՝ առավել վտանգավոր մարտահրավերի, երբ հարավ-արևելյան մարզերի հետ զինված առճակատմանը կհավելվի նաև անջատողականության նոր ալիքը՝ այս անգամ արդեն երկրի արևմուտքում: Մերժելով Ուկրաինայի դաշնայնացման ռուսական նախագիծն ու չկարողանալով քաղաքական միջոցներով կամ զենքի ուժով վերականգնել սեփական իշխանությունը պետության երբեմնի ողջ տարածքում ու հընթացս լուծել նաև տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ խնդիրները՝ նախագահ Պորոշենկոյի վարչակազմն անխուսափելիորեն կորցնելու է մարդկանց վստահությունը նաև Ուկրաինայի այլ շրջաններում: Արդյունքում դաշնայնացման ռուսական նախագծի կողքին շուտով կարող է ի հայտ գալ նաև Ուկրաինայի համադաշնայնացման նախագիծը, որի շրջանակներում երկրի որոշ արևմտյան մարզեր կփորձեն սահմանազատվել կիևյան իշխանությունների կառավարչական գերակայությունից ու ապահովել սեփական քաղաքական, տնտեսական ու ռազմական անվտանգությունը՝ իրենց տարածքում Կիևի իրական իշխանությունը կտրուկ սահմանափակելու միջոցով: Համադաշնայնացման գաղափարի առավել հավանական նախաձեռնողը կարող է դառնալ Լվովի մարզը, ուր արդեն այսօր, կենտրոնական իշխանությունների համեմատ, շատ ավելի կուռ կազմակերպված և ժողովրդավար կառավարում է իրականացվում: Համադաշնայնացման կողմնակիցները կարող են միանգամայն հիմնավոր կերպով հավակնել այն բանին, որ իրենց ավելի հեշտությամբ կհաջողվի մնացյալ Ուկրաինայից առանձին անդամակցել Եվրամիությանը և, այդպիսով, խույս տալ երկրում տարբեր խմբավորումների միջև սպասվող սուր ու կոշտ դիմակայության թատերաբեմը դառնալու հեռանկարից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել