102-ի հանգամանքը ոչ թերագնահատել է պետք, ոչ էլ գերագնահատել: Ինչքան Հայաստանում ռուսական ռազմակայանն է մեզ օգտակար, այդքան էլ մեր երկրում սեփական ռազմական կոնտինգենտի առկայությունն է ռուսներին անհրաժեշտ:
Միջազգային հարաբերություններում էմոցիաներ չկան, կան շահեր:

Ինչքանով արկածախնդրություն է ռուսներին Հայաստանից վռնդելու կոչերը, նույնքանով էլ արկածախնդրություն է որոշ ռուս լաբարոշների հրապարակումները, թե եկեք Հայաստանից դուրս գանք ու հային թուրքի դեմ մենակ թողնենք:

Միևնույնն է, փետով էլ լարես, ռուսներն այստեղից չեն գնալու, որովհետև հոգեբանորեն իրենց համար սահմանը Արաքսի ափն է, որտեղ կանգնած է ռուս զինվորը: Եվ շատ լավ գիտակցում են, որ ռուս զինվորի այստեղ չլինելու պարագայում սահմանն Ագարակից միանգամից տեղափոխվում է Ռաստովի տակը:

Մենք էլ գիտակցում ենք, որ ռուսների գնալու դեպքում ստիպված պետք է դիվիզիաներ տեղակայենք հայ-թուրքական սահմանի ողջ երկայնքով: Ու այդ չեղած դիվիզիաները պետք է ցեղասպանություն ժխտող, դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հրաժարվող, Ադրբեջանին ամեն ինչով օգնող երկրի արևելա-անատոլիական 4-րդ դաշտային բանակին գոնե չզիջի... Հասկացողը կհասկանա, թե ինչ ծավալի ու ինչ բարդության խնդրի մասին է խոսքը:

Այսպես թե այնպես, մեր ու ռուսների գոնե ռազմական շահերը տարածաշրջանում համընկել են, ու քանի դեռ կա տարածաշրջանային այս խճճված իրավիճակը, մենք իրար պետք ենք:

Այլ բան, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքն ամրապնդման, հավելումների, լրացուցիչ ամրագրումների կարիք ունի: Հա, մեկ էլ լավ կլինի ռուսներին հասկացնել, որ Հայաստանում ռուսական կոնտինգենտը կադրային և տեխնիկական առումով ուտիլնոց չէ, պետք է կարգի բերել, չի սազում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել