Այսօր հրապարակումներից մեկում ՀՀ նախագահի կողմից էրդողանի նամակին պատասխանելու առումով հետևյալ հարցադրումն էր արվել. արդյո՞ք իմաստ ուներ ուշադրության արժանացնելու Թուրքիայի նախագահի նամակը: Միանգամից նշեմ, որ ոչ միայն իմաստ ուներ, այլ ինչ-որ առումով նաև իմպերատիվ էր դրան անդրադառնալը: Խնդիրն այն է, որ շատ հաճախ այս մակարդակում արհամարհելով և անտեսելով՝ ուղղակի տարըմբռնումների և ոչ միանշանակ ընկալումների համար պարարտ հող է ստեղծվում հատկապես միջազգային հանրության շրջանում: Եվ այս տեսակետից չպետք է բացառել, որ մի գեղեցիկ օր մեզ փորձեն մեղադրել այն հարցում, որ «հումանիստ» Թուրքիան ամեն ինչ անում է մեր երկրի հետ հարաբերությունները բարելավելու համար, իսկ մենք շարունակ մերժում ենք նրան և հնարավորություն չենք տալիս իր մեղքերը քավելու և բարեկամություն անելու համար: Մյուս կարևոր խնդիրն ակնհայտորեն ցինիզմի և առողջ բանականության բոլոր սահմաններն անցած Թուրքիայի նախագահի սանձերը քաշելն ու այսպես ասած իր տեղը դնելն էր, որը Սերժ Սարգսյանի դիպուկ պատասխանը սկզբունքորեն լուծեց: Ինչևէ, թեպետ քաղաքականության մեջ չափն անցած կողմին լռությամբ արհամարհելը նույնպես ընդունված հնարք է, սակայն կոնկրետ այս դեպքում դրան հետևելը որևէ տեսանկյունից նպատակահարմար չէր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել