Ես ծնունդով գյումրեցի եմ, բայց տասը տարի է, ինչ գյումրեցի ամուսնուս և տասնամյա որդուս հետ բնակվում եմ Երևանում, և այս տողերը գրում եմ նաև նրանց անունից:
Ուրախանում և ցնծում եմ իմ հարազատ քաղաքի ամենափոքրիկ հաջողություններով և տխրում ու վշտանում՝ նրան պատած ամեն մի անհաջողությունով ու ցավով:
Սրտի անհուն կսկիծով ականատեսը եղա Գյումրիում կատարված սահմռկեցուցիչ ոճրագործությանը. բառերը չեն հերիքում նկարագրելու այն անսահման տխրությունն ու ցավը, որն ունեմ սպանված ընտանիքի ու կենդանի մնացած փոքրիկի ճակատագրի հանդեպ:
Անսահման են գյումրեցու վիշտն ու ցասումը, որոնք էլ իրենց արտահայտությունը գտան նախորդ օրվա ցույցի ժամանակ:
Դուք՝ որպես Շիրակի թեմի առաջնորդ և հոգևոր հովիվ, հայտնվեցիք ամենաճիշտ պահին և ամենաճիշտ վայրում՝ մեկ անգամ ևս ապացուցելու այն պարզ ճշմարտությունը, թե հայ առաքելական եկեղեցու յուրաքանչյուր սպասավոր պարտավոր է պաշտպանելու և պահպանելու իր հոտին ու իր ժողովրդին:
Նախորդ օրվա Ձեր հոգեցունց, համոզիչ ու մարդասիրական ելույթները, գոնե ինձ համար, հնչեցին իբրև սրբազան աղոթքի բառեր ու արտահայտություններ՝ աստվածահաճո և մարդասիրական խորը բովանդակությամբ: Դուք հպարտ ու անսասան կանգնած էիք իբրև մի սուրբ երկնային արարած, որի շուրթերով ողջախոհությունն էր բարբառում՝ հանգստության և անդորրության մղելով բազում վշտահար և, ինչու ոչ, ինչ-որ տեղ նաև վշտից ու անզորությունից գազազած գյումրեցուն:
Թ՛ող Աստված պահի ու պահպանի Ձեզ, թ՛ող Ձեր աջը հովանի լինի ամեն մի գյումրեցու, իսկ Ձեր խոսքը՝ սպեղանի ու դարման բոլոր վերքերի:
Եղե՛ք առողջ ու Ձեր հոտին առաջնորդեք հայ առաքելական եկեղեցու այս անխախտ սիրով, հույսով ու հավատով, որը հուշում է.
«Ազգը, եկեղեցին ու ընտանիքը միասնական ու հզոր պետության ամուր հիմնասյուներն են»:
Հայ առաքելական եկեղեցու հավատացյալ՝ Հասմիկ Էդվարդի Ադումյան-Ալեքսանովա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել