Երեկ երեկոյան համացանցում լայն տարածվեց գյումրեցի մի 55-ամյա մանկավարժի բաց նամակը՝ ուղղած Ռուսաստանի 1-ին ալիքով հեռարձակվող հայտնի թոք շոուի «Пусть говорят»-ի հաղորդավար Անդրեյ Մալախովին, որում մասնավորապես հարց էր ուղղվում նրան, թե արդյո՞ք պատահականություն էր, որ դրա նախօրեին, երբ Գյումրիի սարսափելի ոճրագործության զոհերի հոգեհանգստյան արարողությունն էր, հաղորդման այն թողարկումն են կրկնում, որտեղ հայերի երկու խումբ իրար միս էր ուտում։
Պատկերացնո՞ւմ եք՝ Մալախովը «պատասխանել» է այս բաց նամակին... 1 տողանոց տեքստով. «Իհարկե, պատահականություն էր, հաղորդումը ցանցում է եղել դեռ հունվարի 10-ից»։
Այստեղ ինձ մոտ հռետորական հարց է առաջանում. Մալախովը մե՞զ է հիմարների տեղ դնում, թե՞ ինքն է/իր վերադասներն են պարզապես ցինիկ հայատյաց։ Թեկուզ ամսի 10-ից դրված լիներ այդ հաղորդումը, ի՞նչ մի խնդիր էր այն փոխարինելու, թե՞ ըստ Մալախովի 1-ին Ալիքում այնպիսի ոչ պրոֆեսիոնալ հորթեր են աշխատում, որ չեն հասկանում, որ նման օրով նման հաղորդում հեռարձակել չի կարելի, ու առհասարակ էլ ցանկալի չէ նման բովանդակությամբ հաղորդումներ հեռարձակել այլ ազգերի մասին։ Գուցե Մալախովն ակնարկում է, որ ի՞նքն է այնքան ոչ պրոֆեսիոնալ, որ չի հասկանում, թե ինչ բացասական իմիջային ազդեցություն կարող էր ունենալ և ունեցավ իր այդ հաղորդումը թե՛ Ռուսաստանի, թե՛ 1-ին ալիքի, թե՛ թոք շոուի ու թե՛ անձամբ իր համար։ Չեմ կարծում։ 
Հակված եմ ենթադրելու, որ ամեն ինչ արված էր դիտավորությամբ, Մալախովն ամեն ինչից էլ տեղյակ էր, ու կա՛մ նա ոչինչ չէր կարող անել դա փոխելու համար (ու դեռ հարց ա՝ ուզո՞ւմ էր ինչ-որ բան անել), կա՛մ կարող էր, բայց ոչինչ չի արել, կա՛մ էլ պարզապես իր նախաձեռնությամբ է այս ամենն արել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել