Սփյուռքի ռուսերեն չկարդացող հայերի համար
Թարգմանաբար ներկայացնում եմ օս գիտնական (Հյուսիսային Օսեթիայի հանրապետություն) Վլադիմիր Բեսոլովի՝ ֆեյսբուքյան իր էջում տեղադրված նամակը Գյումրիում տեղի ունեցած հանցագործության մասին: Բնագիրը՝ ստորև:

Թանկագին Մարինա Բեսոլովա,
Մի խաղաղ հայկական ընտանիքի գազանաբար սպանված վեց անդամների դիմանկարների տակ մեր հանրապետությունում ցավակցություններ են գրվում: Ահա թե ինչ եմ ես գրել. «Ինչքան սարսափելի, գարշելի, պժգելի է: Ինչպե՞ս կարող էր դա պատահել և ինչու՞ է պատահել: Անհրաժեշտ է բոլոր մանրամասնություններով բացահայտել կատարվածը: Ինչպե՞ս կարող են հզոր Ռուսաստանյան Բանակի զինվորներն ազատորեն քայլել քաղաքում և «իրենց թույլ տալ» անօրինություններ, իրականացնել չարամիտ հանցագործություններ: Դա ի՞նչ ղեկավարություն է, որ թույլ է տվել այդ կարգի ամենաթողություն և անպատժելիություն: Ինչո՞վ էին զբաղված սպաները, որ նույնիսկ չեն նկատել Գյումրիում տեղակայված Ռազմական ուժերի դասակից զինվորի բացակայությունը: Զինվորներին սովորաբար աղ ու հացով դիմավորող և ջուր խնդրողին հյութ կամ գինի հյուրասիրող հայ ազգության ներկայացուցիչների անհեթեթ սպանության բոլոր մեղավորներին պետք է անխնա պատժել ամենալուրջ կերպով: Ռուսական բանակում, առավել ևս Կովկասի հանրապետություններում տեղակայված զինված մասերում ծայրահեղ անհրաժեշտ է վերականգնել երկաթյա կարգապահությունն ու խստագույն կարգ ու կանոնը: Ինչպե՞ս կարող էր հայոց Ցեղասպանության հիշատակի հարյուրամյակի տարում այս կարգի տառապագին միկրոցեղասպանություն կազմակերպվել: Իսկապես դառն ու սարսափելի է: Նայում ես այս գեղեցիկ դեմքերին, և ակամա արցունքներ են լցվում... Աստված հոգիները լուսավորի, թող հարազատ բազմաչարչար հողը թեթև լինի: Իմ ցավակցություններն եմ հայտնում հարազատներին ու մտերիմներին, Գյումրիի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին: Տիկնայք և պարոնայք, ձեզ հետ կիսում եմ ձեր ողբը: Իսկ այժմ թույլ տվեք դիմել ժողովրդի կողմից ընդունված Հայաստանի առաջնորդին: Հայաստանի Հանրապետության պարոն Նախագահ, մեծարգո Սերժ Սարգսյան, խնդրում եմ Ձեզ ինչ-որ կերպ հավերժացրեք գազանաբար սպանված այդ խաղաղ ընտանիքի բոլոր անդամների հիշատակը: Կարծում եմ, որ ողջ Ռուսաստանը ցնցած այդ անսահման դավադիր ողբերգության դեպքի վայրում պետք է կանգնեցնել խորհրդանշական և գեղավեստական, գրագետ ձևավորված, հասարակայնորեն նշանակալի և իմաստով նշանային, մրցակցությամբ ընտրված քանդակագործական-լանդշաֆտային հուշակոթող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել