Այո՛, այո՛, զարմանալու ոչ մի բան չկա, պատկերացրեք, որ քրիստոնեության ծնունդի առաջին դարերին հեթանոսները հենց «մարդակեր» էին անվանում Քրիստոսի հետևորդներին։ Կաննիբալիզմի մեջ այս մեղադրանքները ձգվեցին մինչև 4-րդ դարը։ Անշուշտ այս ծանր մեղադրանքը արդյունք էր սխալ ինֆորմացման ու նորահայտ միաստվածական կրոնի հանդեպ հակակրանք առաջացնելու ձգտման, սակայն «կես լուրջ, կես կատակ» ասած՝ դրանում որոշակի ճշմարտություն կար։ Այդ ճշմարտությունը ամփոփված է Հիսուս Քրիստոսի հետևյալ խոսքերում՝ «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք մարդու Որդու մարմինը և չեմպեք նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա։ Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, հավիտենական կյանք ունի. և ես նրան վերջին օրը հարություն առնել պիտի տամ, քանի որ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը՝ ճշմարիտ ըմպելիք։ Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, կբնակվի իմ մեջ, և ես՝ նրա մեջ» (Հովհ. 6։54-57)։

Հարցի նրբությունը և տարբերությունը մարդակերության հեթանոսական մեղադրանքից սոսկ այն է, որ Քրիստոնյայի համար «մարդու Որդին»՝ Քրիստոս, սոսկ մարդ չէ, նա կատարյալ մարդ է և միևնույն ժամանակ կատարյալ Աստված, հետևաբար քրիստոնյաները Սուրբ Պատարագի (պատարագը թարգմանվում է որպես «զոհ» կամ «ընծա») ժամանակ ականատեսն են դառնում Քրիստոս աստվածամարդու անարյուն զոհաբերության, ապա և ուտում են Նրա «Մարմինը և ըմպում Արյունը»։
Քրիստոսի վերոգրյալ խոսքը, որ հիմք է հանդիսանում Հայոց և Ընդհանրական Եկեղեցու կարևորագույն խորհուրդներից մեկի՝ Սուրբ Հաղորդության համար, միևնույն ժամանակ առանցքն է կազմում Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր-ծիսական կյանքի՝ քրիստոնյայի համար հանդիսանալով «կյանք, հույս Հարության, քավություն և թողություն մեղքերի» (Սուրբ Պատարագ)։ Բացատրելով «Հաղորդություն» բառը՝ Խոսրով Անձևացին այն բնորոշում է որպես մարդու միացում Աստծո՝ Քրիստոսի հետ և Աստծո միացում մարդու հետ։ Թերևս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ «Քրիստոսի Մարմինը և Արյունը» ճաշակելը բացառիկ մի հնարավորությունը Աստծուն հաղորդ դառնալու, Աստծո հետ կատարյալ շփում ու հաղորդակցություն ունենալու։
«Բայց ինչպե՞ս են քրիստոնյաները ճաշակում Քրիստոսին»,- կհարցնեն նրանք, ովքեր ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ թեստի «Ի՞նչ հաճախականությամբ եք Հաղորդություն ստանում» հարցին պատասխանել են «Հաղորդությունն ի՞նչ է» (12%): Այս հարցի պատասխանն էլ է ամփոփված Աստվածաշունչ մատյանում։ Բոլորին է հայտնի դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» ֆրեսկան. հենց դրանում պատկերված ընթրիքից էլ սկսվել է ամեն բան. «Եվ, բաժակը վերցնելով, գոհություն հայտնեց Աստծուն և ասաց. «Առե՛ք այս և բաժանեցե՛ք ձեր մեջ. ասում եմ ձեզ, թե այսուհետև որթատունկի բերքից չեմ խմելու, մինչև որ գա Աստծու արքայությունը»։ Եվ հաց վերցնելով՝ գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց, տվեց նրանց և ասաց. «Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրված. այս արե՛ք իմ հիշատակի համար»։ Նոյնպես և բաժակը վերցրեց ընթրիքից հետո և ասաց. «Այս բաժակը նոր Ուխտ է իմ արյունով՝ ձեզ համար թափված» (Ղուկ. 22:17-20)։ Քրիստոսի խաչելությունից և Հարությունից հետո Նրա առաքյալները, ապա նրանց աշակերտները, այնուհետև աշակերտների աշակերտները և այսպես շարունակ՝ չեն դադարում յուրաքանչյուր կիրակի (թարգմանաբար՝ Տիրոջ օր) կամ այլ օրերի մատուցվող Պատարագներին հացի և գինու տեսքով քրիստոնյաներին բաշխել իրենց Փրկչի քավչարար մարմինը և արյունը։ Մենք հավատում ենք, որ Աստծո անտեսանելի ներգործությամբ և աղոթքների շնորհիվ պարզ հացը և գինին փոխակերպվում են Քրիստոսի Մարմնի և Արյան. «Օրհնության բաժակը, որն օրհնում ենք, արդարև հաղորդություն չէ՞ Քրիստոսի արյան. հացը, որը կտրում ենք, արդարև հաղորդություն չէ՞ Քրիստոսի մարմնի. որովհետև մի հաց, մի մարմին ենք բոլորս, քանի որ բոլորս էլ այդ միակ հացից ենք վայելում»,- ասում է Սուրբ Պողոս առաքյալը (Ա Կորնթ. 10։16–17)։ 
Քրիստոնյաներն ուտում են իրենց Աստծուն... Հետաքրքրական է, որ անտիկ շրջանում արտահայտված մի իմաստություն՝ «Մենք այն ենք, ինչ ուտում ենք», ճիշտ և ճիշտ արտահայտում է Քրիստոսի վարդապետությունը. ճշմարիտ քրիստոնյա՝ «Քրիստոսի մարմնի անդամ» (հմմտ. Ա Կորնթ. 6։15 ), լինելու համար անհրաժեշտ է ուտել Քրիստոսի Մարմինը և ըմպել Նրա Արյունը։ Հոգևոր այս սնունդը Առաքելական Եկեղեցում մարդն առաջին անգամ ստանում է Սուրբ Մկրտության ժամանակ, բայց սա չի նշանակում, թե այս մեկ անգամը պիտի լինի առաջինը և վերջինը. քրիստոնյան, մեղքի զգացում ունեցող խոնարհ անհատը Տիրոջ Մարմինն ու Արյունը պարտավոր է ճաշակել հնարավորինս հաճախ՝ իհարկե սրբորեն պահպանելով այն սկզբունքները, որոնք անհրաժեշտ են Հաղորդությունստանալու համար։ Ինչպես թեստի արդյունքները ցույց տվեցին, քվեարկողների 24%-ը Սուրբ Հաղորդության է մոտենում տարեկան 1-2 անգամ, 13%-ը տարեկան 5 անգամ՝ Տաղավար տոներին, և ևս 13%-ը՝ յուրաքանչյուր կիրակի։ Հարցմանը մասնակցածների մեծամասնությունը՝ 39% , ընտրել է «այլ» տարբերակը, ինչը, կարծում եմ, կապված է այլ պարբերականությամբ հաղորդվելու հետ։ 

Ինչևէ, ինձ ոգևորեց հատկապես այն փաստը, որ ընդհանուր առմամբ հարցվողների 88%-ը տեղյակ է Սուրբ Հաղորդության խորհուրդից և բառիս բուն իմաստով հաղորդակից է դառնում դրան։ Աստված օրհնի բոլորիդ. «Ճաշակեցե՛ք և տեսե՛ք, թե որքան քաղցր է Տերը» (Սաղմ. 33։9), իսկ վերջում՝ փոքրիկ մի աղոթք Սուրբ Ներսես Շնորհալուց.
Պարգևի՛չ ողորմության, պարգևի՛ր ինձ ուղղափառ հավատքով և բարի գործով և Քո սուրբ Մարմնի և Արյան հաղորդությամբ գալ Քեզ մոտ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Հ.Գ. Նրանց համար, ովքեր կցանկանան ավելի շատ բան իմանալ Սուրբ Հաղորդության մասին, առաջարկում եմ դիտել այս հրաշալի տեսանյութը՝
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել