Բոլորիս վիշտը մեծ է, իսկ զգացողությունները՝ անբացատրելի: Տեղի է ունեցել անմարդկային և բանական ուղեղում չտեղավորվող ոճրագործություն: Եթե պարզ քաղաքացիների զգացական գրառումներն ու հայտարարություններն ինչ-որ տեղ հասկանում եմ, ապա քաղաքական գործիչների և հասարակական դեմքերի հակառուսական հիստերիան ուղղակի անթույլատրելի և ոչ տեղին է: Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և հայ-ռուսական դարավոր բարեկամությունը չի կարող խաթարվել մեկ սրիկայի անբարո արարքի կամ մի քանի գրանտակեր կամ սեփական ես-ին ստրուկի նման ծառայող գործիչների վայրահաչություններով: 
Հայ ընտանիքի վրա զենք բարձրացրած սրիկան ստանալու է ամենաբարձր պատիժը՝ կլինի դա Հայաստանում, թե Ռուսաստանում, և այս պարագայում ռուսական կողմը խնդիր է դրել աջակցել հայ իրավապահներին՝ հնարավորինս արագ բացահայտել տեղի ունեցած ոճրագործության իրական հիմքերն ու պատժել մեղավորներին: 
Ժամանակն է դուրս գալ զգացմունքային դաշտից և իրականությանը նայել սթափ աչքերով: 
Այս խնդիրը գտնվում է իրավական դաշտում, այլ ոչ քաղաքական, և անթույլատրելի է խնդրի քաղաքականացումը: 
Հայաստանը և Ռուսաստանը քաղաքական և աշխարհաքաղաքական հարթակում մեծ հաշվով տարաձայնություններ չունեն: 
Այն կոչերը, որոնք ուղղված են ռուսական 102-րդ բազան Հայաստանից հանելուն, կամ պատվիրված են, կամ խորը զգացմունքային: Եկեք դադարեցնենք նման անհեթեթ կոչերն ու հայտարարությունները, եկեք սթափվենք և ծառայենք մեր պետությանը: 
Հ.Գ. Սարդարապատում առանց որևէ մեկի օգնության մենք կարողացանք կանգնեցնել թուրքական ագրեսիան, երբ վտանգը շատ մեծ է, մենք միայնակ էլ կարող ենք այն դիմագրավել, բայց երբ կողքիդ կա բարեկամ և ռազմավարական դաշնակից, դու դառնում ես ավելի հզոր և անվտանգ, իսկ սրիկաներ և տականքներ կան ամենուր նաև մեր ներսում, և այդ սրիկաներն ազգություն և հոգի չունեցող տարրեր են: 
Հ.Գ. Ռուսական կողմից պետք է պահանջել մեկ բան. մեծացնել ուշադրությունը 102-րդ ռազմաբազայի սպայական կազմի նկատմամբ, որպեսզի նրանք ավելի պատասխանատու վերաբերվեն իրենց աշխատանքին՝ առավել ևս, որ ռազմաբազան գտնվում է քաղաքացիական բնակավայրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել