Ankakh.com-ը գրում է․

Հունվարի 12-ի լուսաբացի մասին դեռ երկար է հիշվելու: Գյումրու Մյասնիկյան 188 տանն այդ առավոտ ոչ ոք չարթնացավ քնից. Ավետիսյանների ընտանիքի համար տոնական արձակուրդներն արյունոտ ավարտ ունեցան. գիշերը, փախչելով Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից, ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պրեմյակովն իր հետ վերցրել էր մարտական զենքը՝ լիցքավորված երկու փամփշտակալով: Զինվորի սիրտը, ինչպես ինքն է նշել, զբոսնել է ցանկացել Գյումրիում, ապա հասել է քաղաքի կենտրոն, կտրել անցել հրապարակը, շարժվել դեպի Երևան տանող ճանապարհ, մտել բնակելի թաղամաս ու թակել 188 տան դուռը: Ո՞վ բացեց ոճրագործի առաջ տան դռները, ի՞նչը նրան դրդեց մեկ առ մեկ գնդակահարել տան վեց անդամներին՝ գլխից, իսկ 6-ամսական փոքրիկին դանակով կտրատել, հետաքննությունը պիտի որ բացահայտի:

Դեպքից 1-2 օր անց թաղամասը խաղաղ է, ինչպես նախկինում, բայց այս անգամ՝ զարմանքից: Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը շատ հարգված է եղել թաղամասում և հարևանները երբևէ չէին էլ կարող մտածել, որ նրանց հետ կարող է նման բան կատարվել:

Ըստ շրջանառվող լուրերի, ռուս զինծառայողը վրեժխնդիր է եղել այս ընտանիքից, դրա արմատներում տեսնելով հայր և որդի Ավետիսյանների արտագնա աշխատանքը: Մասնավորաբար, սպանության կասկածյալի եղբոր բանտարկության հետ զուգահեռներ են տեսնում: Թաղամասում Ավետիսյանների ստեղծած դիմանկարը թույլ չի տալիս հավատալու, որ նրանք այնպիսի քայլ արած լինեին ՌԴ-ում, որը կարող էր նման դաժան հետևանքների բերել: Իսկ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանն էլ նշում է՝ ոստիկանությունն ու ազգային անվտանգությունը պարզել են՝ 1996 թվականին ծնված այս ոճրագործի եղբայրը ազատազրկման է դատապարտվել սեփական կնոջը սպանելու համար:
Ավետիսյանները հասարակ գյումրեցի ընտանիք էին, որդին ամուսնացել էր մոտ 4 տարի առաջ, համեստ ապրուստով, համեստ վարկով մարդիկ են եղել:
Հարևանները դեպքից ցնցված են, բայց և՝ վախեցած, որևէ հարցի շուրջ խոսել: Ասում են ընտանիքի ապրուստը հոգում էին Սերյոժա և Արմեն Ավետիսյանները՝ արտագնա աշխատանքով: Նրանք ՌԴ-ից վերադարձել էին դեկտեմբերի վերջին՝ ընտանիքի հետ Ամանորը նշելու և տոներից հետո դարձյալ արտագնա աշխատանքի ուղին բռնելու պլաններով:
Ընտանիքի սպանված դուստրը՝ Աիդան, երկար տարիներ աշխատում էր ծաղկի սրահում, որպես դիզայներ: Փոքրիկ Հասմիկը դեռ մանկապարտեզ չէր հաճախում...
Հիմա գյումրեցիները խաղաղվել են, խուճապն անցել է, քանի որ հանցագործը ձերբակալված է, բայց արդեն այլ հարց է տանջում՝ արդյոք ո՞ր դեպքում երեխան կշահի, եթե ողջ մնա, մեծանա ու իմանա ամբողջ եղելությունը, թե՞.... Ընտանիքում միակ կենդանի մնացած էակը՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, կյանքի ու մահու կռիվ է տալիս. բժիշկները նրա վիճակը ծանր-կայուն են որակում, բայց կյանքի շարունակման լավատեսությունը չեն ուզում կորցնել:
Փոքրիկ Սերյոժան հիվանդանոց էր տեղափոխվել կտրող-ծագող գործիքից ստացած բազմաթիվ վերքերով, մեծամասամբ՝ կրծքավանդակի շրջանում: Հունվարի 13-ի առավոտյան փոքրիկին տեղափոխել են Երևան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել