Հայաստանում Հայաստանի քնած քաղաքացիներին սպանած հանցագործը պե՛տք է Հայաստանում դատվի: Պետք է դատվի հրապարակային, բաց դատով, գործի համակողմանի քննությամբ:

Անհնար է, անհնար է, անհնար է և շատ ամոթ, որ Հայաստանի քնած քաղաքացիների սպանդի հեղինակին Հայաստանի արդարադատությունը հանձնում է ուրիշի։

Շատ, շա՜տ ամոթ է, որ Հայաստանի քնած քաղաքացիների սպանդն իրականացրած հանցագործին Հայաստանում «գտել են» ոչ թե Հայաստանի իրավապահները, այլ ռուսաստանցիները...

Ինչքա՜ն հանցագործների Հայաստանում «չեն կարողանում գտնել» հայաստանցի իրավապահները...

Ինչքա՜ն ռուսաստանցի հանցագործների Հայաստանում «չեն կարողանում գտնել» հայաստանցի իրավապահները, մինչև Հայաստանում չհայտնվեն «ՌԴ իրավապահների հսկողության՝ նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո»,

Երբվանի՞ց են ՌԴ իրավապահները Հայաստանում իրացնում ՌԴ իրավազորություն...

ՀՀ Դատախազությունը տեղեկացնում է. «Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է և գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության՝ նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո: Հետևաբար Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում՝ նկատի ունենալով ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքը, համաձայն որի՝ ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության:

Համանման արգելք է սահմանված նաև ՀՀ Սահմանադրության 30.1 հոդվածի դրույթներով, որի գործողության պայմաններում ՀՀ որևէ քաղաքացի երբևէ չի հանձնվել այլ պետության»:

Այնպիսի տպավորություն է, կարծես Հայաստանում կատարված հանցագործության հեղինակին Ռուսաստանից պետք է հանձնեին Հայաստանին: Իսկ եթե հանցագործը հասցներ Թուրքիա անցնե՞լ: Կարո՞ղ է Ռուսաստանը Հայաստանից պահանջեր իր հանցագործ քաղաքացուն: Այս տրամաբանությամբ Հայաստանում հանցագործություն կատարած և Հայաստանում ձերբակալված Պարսկաստանի քաղաքացուն, Վրաստանի քաղաքացուն... պետք է հանձնել Պարսկաստանին, Վրաստանին... Քանի՞ օրինակ կարող է բերել ՀՀ Դատախազությունը, որ Ռուաստանում հանցագործություն կատարած և Ռուսաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին հանձնվել է ՀՀ արդարադատությանը: Եվս մի հարց՝ քանի՞ օրինակ գիտենք, որ Ռուսաստանում հանցագործություն կատարած և Հայաստանու՛մ ձերբակալված ՀՀ քաղաքացին հանձնվել է Ռուսաստանի արդարադատությանը: 
Ամոթ այն երկրներին, որոնց քաղաքացիներից հիմա Հայաստանում ձերբակալված անձիք կան, և որոնք Հայաստանից չեն պահանջում իրենց քաղաքացուն: 
Ամոթ մեզ բոլորիս, որ մեր պաշտոնատարները մեր երկրում մեր քնած քաղաքացիներին սպանած անձի հանցագործության քննությունն ու դատավարությունը հանձնում են ուրիշի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել