2014-ի տարեվերջում մենք ականատես եղանք ֆինանսական շուկայում տիրող կտրուկ տատանումներին և անկայունությանը: Ուստի սույն խնդրի լուծման և համակարգի կայունացման բարձրացման համար անցյալ տարվա վերջին աշխատանքային օրը ԿԲ-ի խորհուրդը որոշեց վերանայել առևտրային բանկերին ներկայացվող պարտադիր պահանջները: Ավելացվել է բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն շեմը: Առաջիկա 2 տարիների ընդացքում այն պետք է 5մլրդ դրամից հասնի 30մլրդ-ի:

Անշուշտ, այս պահանջներին համապատասխանել բոլոր բանկերը չէ, որ կկարողանան և կգնան միավորումների: ԿԲ-ը չի թաքցնում սույն որոշման հիմնական նպատակը՝ ասելով, որ բանկերի միավորման շնորհիվ ավելի հեշտ կլինի կառավարել շուկայում տիրող իրավիճակը: Պլանավորվում է, որ 2017-ին այժմ առկա 21 բանկերից մնացած կլինեն 14-15-ը:

Բանկային համակարգի կայունացումը և բանկերի խոշորացումը կարևոր է նաև Եվրասիական Տնտեսական Միության անդամակցության պայմաններում: Ռուսաստանում գործող մարզային բանկերի ասոցացիան դիմել է երկրի կենտրոնական բանկին ԵՏՄ անդամ երկրների բանկերի համար վերազգային բանկերի արտոնագրերի ներմուծման դիմումով: Դրա շնորհիվ բանկերը կկարողանան գործել Միության անդամ բոլոր երկրներում, առանց հավելյալ արտոնագրի և հավատարմագրի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել