Գյումրիում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունը ոչ մի արդարացում չունի, իսկ ամբողջ ընտանիքի ու նորածին երեխայի նկատմամբ անմարդկային սպանդ իրականացրած ոճրագործը, անշուշտ, կստանա իր արժանի պատիժը։ Ցավոք, շատերը միջադեպը սկսել են օգտագործել հակառուսական հիստերիա բորբոքելու նպատակով, մինչդեռ, ինչպես շատերը նշել են, գործ ունենք անհատ հանցագործի հետ, ով որքան էլ ռուս ազգի ներկայացուցիչ լինի, չի արտացոլում ռուս ազգի հավաքական վերաբերմունքը հայի նկատմամբ։ Այլ խնդիր է, թե ինչու է հոգեկան շեղում ունեցողը զորակոչվել բանակ, ինչպես է հայտնվել Հայաստանում տեղակայված ռազմաբազայում, ինչպես է կարողացել դուրս գալ զորամասից, ինչու է հայտնվել հենց այս ընտանիքում, ու իրականում որն է եղել նման արարքի դրդապատճառը։ Այս հարցերի պատասխանները ևս պետք է տրվեն, դրանցից յուրաքանչյուրի մեղավորը ևս ավտոմատ կերպով հանցակից է դառնում, բայց սա չի նշանակում, որ կա հստակ քաղաքականություն հայերի նկատմամբ։ Նման ակնարկներն ու կոչերը հեռու են իրականությունից և այլ նպատակ են հետապնդում կամ պարզապես զգացմունքային հողի վրա են արվում։ 
Ցավում եմ ողբերգության համար, ցավակցում եմ անմեղ զոհերի հարազատներին, իսկ փրկված փոքրիկին՝ առողջություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել