Արդեն մի քանի տարի է` հետևում եմ թուրքական լրատվամիջոցներին, հոդվածագիրներին: Թուրքական իրականությունում հետաքրքիր մի նմանություն կա հայերիս այն տեսակետներին, թե հայկական կողմը պատրաստ չի մոտենում Հայկական հարցի պայքարին: Թուրքերը ևս լրիվ նույնն են ասում, բայց... իրենց համար: Թուրք մտավորականների մի մասն իր հոդվածներում, իր խոսքերում շատ է ասում, թե հայերին զիջում են այս հարցում:

Ներառյալ Մեհմեթ Ալի Բիրանդը, մի շարք վերլուծաբաններ, քաղաքագետներ Թուրքիային մեղադրում են Հայկական հարցում կարգավորված, համակարգված աշխատանք չտանելու, թույլ դիրքերից հանդես գալու, կազմակերպված պայքարի բացակայության համար:

Մեզ մոտ էլ է քննադատվում Ցեղասպանության հարցում պետական և հասարակական ոլորտում պատրաստվածությունն ու ընթացիկ աշխատանքը: 
Նմանությունը ոչ թե այդ ամենի` իրականությանը համապատասխանել-չհամապատասխանելն է, այլ լրագրողական-վերլուծական շրջանակներում այդ աշխատանքի գնահատականը, որը երկու երկրներում էլ համարում են ոչ լիարժեք, անկազմակերպ:

Ու հետաքրքիր է, որ թուրքական մեդիադաշտում բավական կարծրատիպային պատկերացում ունեն հայկական լոբբիի մասին, որին թուրքականից անհամեմատ ուժեղ են համարում: Այս գիծը տարբեր քաղաքական հայացքներ դավանող թուրք հոդվածագիրների գրածներում եմ արձանագրել ու մի քանի տարվա կտրվածքով: 2015-ին ընդառաջ՝ այս միտումը զարմանալիորեն պահպանվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել