Տեսնելով բազմաթիվ իմաստունների կարծիքները, թե ֆրանսիական երգիծաթերթն իր աշխատանքով անխոհեմորեն ծաղրել է այս-այս-այս բաները, եւ նրանց գնդակահարությունը շատ օրինաչափ, նույնիսկ բնական հետեւանք է, համոզված եմ մնում, որ որեւէ ծաղր, երգիծանք, գրոստեսկ, սատիրա, կամ նույնիսկ վիրավորանք կյանքի իրավունքի հետ համադրելի բան չէ, թեպետ կյանքի ու խոսքի ազատության իրավունքները՝ երկուսն էլ, մարդ համարվելու հիմնարար իրավունք են։ Խոսքի ազատության ընկալման փորձաքար էր եղածը․ այսօրինակ դեպքերի արձագանքներով են, որ ակամա բացահայտվում են ծպտյալ գեբելսիկները, որ տեւական ժամանակ սոցիալ-դեմոկրատների մառաններում գարեհատիկ էին կրծոտում… Բայց իմ կարծիքը գցենք զիբլաման։

Մի հարց ունեմ Շարլի Էբդոյի անձնակազմին պատահածը արդար հատուցում համարողներին.-Իսկ ի՞նչ արդար հատուցում հարմար կնկատեին նույն անձնակազմի համար, եթե վերջիններս օրը 28 ժամ հղիների բռնաբարությամբ ու մանկապղծությամբ զբաղվեին, էլի գնդակահարությու՞ն, քիչ չէ՞ր լինի… Իսկ եթե, որեւէ մեկը իրենց կարծիքը, թե երգիծաբանների ծաղրանկարներին գնդակահարությունը արդար հատուցում էր, վերցնի ու այդ գնահատականը համարի ծաղր բանականության եւ արդարության հանդեպ, եւ իրենց նմանությամբ վերցնի մոտակա հացի դանակն ու գա իրենց մորթելու, որ արդարություն լինի, էլի համարելու են, որ … Խոսքին մորթով պատասխանելը ճշմարիտ լուծու՞մ է։

Պոպ գաղափարները պաշտպանության կարիք չունեն, դրանք պաշտպանված են մեծամասնության զանգվածային համոզմունքներով կամ հոգեգարությամբ, հազվագյուտ, բացառիկ, անսպասելի, անհասկանալի, ցնցող, աննման, եզակի գաղափարների արտահայտման իրավունքն է, որ հատուկ, նպատակային կերպով ու հետեւողականորեն պիտի պաշտպանվեն, հենց այդ՝ հոսանքին դեմ գնացող խենթուխելառ համարվողների ինչ-որ մի մասի գաղափարներով է, որ մարդկությունն ու քաղաքակրթություններն առաջ են գնում, իսկ թե որ մասի, չես կարողանա ասել, մինչեւ այդ մտքերը չհնչեն, չբախվեն, չվիճվեն, չվիճարկվեն։ Խմբագրության բոլոր նահատակները այս հասարակ բաները գիտեին, գիտեին, որ անգամ Ֆրանսիայի սրտում մեր օրերում, կարծիք ունենալը եւ այն արտահայտելը գին ունի եւ տվեցին այդ գինը։ Մի ծաղրեք այդ մարդկանց, թեպետ դա էլ ձեր իրավունքն է, բայց մի տեսակ կասկածում եմ, թե խոսքին մորթով պատասխանը արդար համարելու ողորմելի «վարդապետությունը» լինելու է քաղաքակրթական առաջընթացի որեւէ հենք, հիշում եմ, որ դա անցել ենք ոչ վաղ անցյալում, ու քննություն չի բռնել դա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել