Բոլշևիկներն ու նեոբոլշևիկները, 100 տարի մեզ աշխարհից մեկուսացնելով, «ձրի ուսուցմամբ», մանկապարտեզից մինչև գիտությունների ակադեմիա, մեկ բան են սովորեցրել՝ ատել այն ամենը և ամենքին, ինչը «դրախտի փշալարի» մյուս կողմում է: Աթեիզմը նույնպես «ձրիաբար» փաթաթեցին մեր վզին, հանեցին մեր միջից Աստծուն, աղոթքի ու օրհնանքի փոխարեն տենդագին ատել սովորեցրին: Բռնակալ և ապիկար երկրի բոլոր արատների մեղքը բարդեցին «չուզողների» վրա, որը փաստորեն ժանգոտ փշալարից դուրս ողջ աշխարհը և մարդկությունն էր:

Մենք՝ հայերս, որպես հավատարմության նշան մեր «դարավոր բարեկամին», այդ «համաշխարհային ատելության» ցանկի մեջ առանք նաև Հայաստանից մի քանի անգամ ավել թվաքանակով դրսում ապրող հայությանը՝ նրանց ևս համարելով մեր դժբախտության պատճառը: Դրսի հայերը ներսիններին այդպես չէին ատում, սակայն արդեն սկսեցին ադեկվատ վերաբերմունք ցույց տալ նրանց, ովքեր սաստիկ ատում են իրենց թուրքի յաթաղանից մազապուրծ լինելու և դրսում հայտնվելու «մեղքի» համր: Փոխադարձ այս ատելությունը, որը գնալով խորանում է հայության ընդհանուր վիճակի վատթարացմանը զուգահեռ, առանց այն էլ ճակատագրով պառակտված մեր ժողովրդին կտանի վերջնական քայքայման, գուցե և կործանման:

Այսքան ատելության էներգիա, որ կուտակել ենք մեր շուրջը ու կիսամեռ խարխափում դրա մեջ, մեկ տոկոսը սիրո էներգիայի վերածելու դեպքում կկարողանայինք միասին փրկել և վերակառուցել քարտեզի վրա հազիվ նշմարվող, մեր մի թիքա, ծվատված հայրենիքը: Ավաղ, աչքներս ջուր կտրեց այդ օրվան սպասելիս, չկա ու չկա: Ասե՛ք բարի մարդիկ, բա ինչպե՞ս ապրենք այս «գաղջ մթնոլորտում», ազգի փոքր մասը ներսում, մեծ մասը՝ դրսում, երկիրը «ոխերիմ բարեկամի» սապոգի տակ, ամբողջ աշխարհն էլ՝ մեզ «թշնամի»: Իբրև թե երկիր ենք ուզում ունենալ, իբրև թե պայքարում ենք դրա համար, կարծես թե ոմանք արդեն սկսել են շատ բաներ հասկանալ և փորձում են նորովի մտածել ու ապրել, սակայն, ամեն ինչից առաջ, մենք պետք է հանենք մեր միջից ազգակործան փոխատելությունը, որը մեր ինքնաոչնչացման մահաբեր թույնն է: Բավ է խաբենք իրար, հային ատող հային երկիր հարկավոր չէ՛, հային ատող հային թշնամի հարկավոր չէ՛, բարեկամ չունեցող ազգը ոչ ոգու պետք չէ՛: Այլատյացությունը սեփական թուլության, անճարակության հետևանք է, իսկ հայատյացությունը պարզապես տգիտություն, գուցե և գենետիկական խախտում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել