Orer.am-ը գրում է․

Ամանորյա բարձր տրամադրություն, հաճելի անակնկալներ, նվերներ, ժպիտներ, մի խոսքով` գույներ, գույներ, գույներ: Ահա այսպես պետք է պատկերացնել ամանորյա տոները, սակայն արդյո՞ք մեր երազանքներն ու ցանկությունները մշտապես իրականություն են դառնում:

Հետեւելով 2014 թվականի իրադարձություններին եւ դրանցից բխող հետեւանքներին, ցավով կարող ենք նշել, որ ձիու տարին այդքան էլ բարեհաջող չէր ժողովրդի համար, սակայն նույնը չենք կարող ասել իշխանական բուրգում գտնվող օլիգարխների, նրանց բարեկամ-խնամիների եւ դրանցից հետո եկող մնացած մանր ձկների մասին: Իշխանություն-ժողովուրդ անհավասար պայքարի այս ֆոնին Orer.am-ը փորձեց տեղեկանալ, թե ինչպե՞ս եւ ի՞նչ միջավայրում է Ամանորն ու Սուրբ ծնունդը նշելու ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը. «Ամանորս անց եմ կացնելու Հայաստանում: Տոները, բնականաբար, անց եմ կացնելու եւ՛ ուրախ, եւ՛ տխուր: Ուրախ եմ անցկացնելու, որովհետեւ վերջապես իմ գերդաստանի հետ են սեղան նստելու, իսկ տխուր եմ լինելու, որովհետեւ շատ սեղաններ կարող են բավարար չլինել մեր ժողովրդի համար»:

Անդրադառնալով երկրում տիրող սոցիալան ծանր վիճակին, պարոն Սահակյանը նկատեց. «Յուրաքանչյուր մարդ իր գործունեությամբ եւ աշխատանքով կարողանում է ապահովել իր ընտանիքին, այնպես չէ, որ ես սոցիալապես անապահով պետք է լինեմ, որ երկրում ամեն ինչ լավ լինի ու մարդիկ իրենց լավ զգան: Ես ամբողջ կյանքս աշխատել եմ՝ 17 տարեկանից, իսկ որդիներս էլ` 10-րդ դասարանից սկսած, մենք աշխատում ենք ամբողջ գերդաստանով և կարողանում ենք բավարարել մեր մինիմում կամ մի քիչ ավելի մեծ պահանջները»:

Տիրող սոցիալական ծանր վիճակից եւ ամանորյա դատարկ սեղաններից անցում կատարելով ապագա` ԱԺ նախագահը իր բարեմաղթանքը հայտնեց ժողովրդին. «Չես կարող քեզ լավ զգալ, երբ կողքիդ սոված մարդիկ ես տեսնում, ցանկանում եմ, որ ժողովուրդն ավելի բարեկեցիկ կյանքով ապրի»:

Նկատենք՝ ԱԺ նախագահի բարեմաղթանքն ինչ խոսք գոնե ականջ է շոյում, իսկ, թե ե՞րբ նրա ցանկություններն իրականություն կդառնան մոտակա քսան տարվա ընթացքում, ցավոք, դժվար է պետկերացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել