1978թ. ապրիլի 27-ին Սաուրյան հեղափոխությամբ (հեղաշրջմամբ) Աֆղանստանի հանրապետական վարչակարգը տապալվեց, իսկ նախագահ Մուհամմեդ Դաուդը սպանվեց: Իշխանության եկավ Աֆղանստանի ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը: Կառավարության գլուխ կանգնեց Մուհամմեդ Թարաքը, նրա տեղակալներ նշանակվեցին ՊԱԿ-ի վետերան Բաբրաք Քարմալը և Հաֆիզուլլա Ամինը: Երկրի քաղաքական գիծն ուղղորդվեց դեպի սոցիալիստական ճամբար: Ու արդեն նույն տարվա վերջին կնքվեց Խորհրդա-աֆղանական բարեկամության և համագործակցության պայմանագիրը: Սակայն 1979թ. սեպտեմբերին Աֆղանստանի պրոկոմունիստական վարչակարգում փոփոխություն տեղի ունեցավ` Թարաքը սպանվեց Ամինի կողմից: Մոսկվան աչքերը փակեց այս սպանության վրա, շնորհավորեց Ամինին «ընտրվելու» կապակցությամբ և հայտնեց իր «համոզվածությունը, որ ապագայում ևս ԽՍՀՄ-ի և հեղափոխական Աֆղանստանի եղբայրական հարաբերությունները կզարգանան երկու երկրների միջև կնքված Բարեկամության և համագործակցության պայմանագրի հիման վրա»:

Սակայն ԽՍՀՄ ՊԱԿ-ի քաբուլյան ռեզիդենտուրան իր զեկուցագրերում մատնանշում էր Իրանական հեղափոխության ազդեցությամբ երկրում նախանշվող իսլամիզացիայի գերակայության և Աֆղանստանում ԽՍՀՄ ազդեցության մոտալուտ վերջնական կրախի մասին: Մեծ էր հավանականությունը, որ Ամինն իսլամական հզոր ընդդիմության պայմաններում կարող էր կորցնել իշխանությունը կամ, ի դեմս ԱՄՆ-ի, նոր արտաքին հովանավորներ գտնել: Կենտրոնական Ասիայի հանգուցային այս երկիրը սոցիալիստական ճամբարում պահելու նպատակով ԽՄԿԿ Քաղբյուրոն որոշում կայացրեց հանձնարարել ԽՍՀՄ հատուկ ծառայություններին մշակել Ամինին «չեզոքացնելու» ծրագիրը: Աֆղանստանի ղեկը որոշվել էր վերապահել ՊԱԿ-ի գործակալ Քարմալին, որը մինչ այդ գտնվում էր «պատվավոր աքսորում»` Պրահայում:
Մշակված օպերատիվ պլանի համաձայն` ուշ աշնանը Քաբուլ մեկնեց ՊԱԿ-ի աշխատակից, ազգությամբ ադրբեջանցի փոխգնդապետ Միխայիլ Թալեբովը: Վերջինիս ընտրությունը պայմանավորված էր Քաբուլում նրա մի քանի տարվա փորձով և տիպիկ աֆղանցու արտաքինով: Թալեբովը սննդի միջոցով Ամինի թունավորումը կազմակերպելու նպատակով որպես խոհարար շուտով աշխատանքի անցավ նախագահական պալատում: Սակայն սննդի հանդեպ Ամինի զգուշավորության պատճառով սպանությունը ձգձգվում էր, իսկ ՊԱԿ-ի գործակալական հաշվետվություններն այդ ընթացքում ահազանգում էին նոր Իսլամական Հանրապետության կազմավորման հնարավորության մասին:
ԽՍՀՄ սահմանի վրա ևս մեկ ինքնիշխան իսլամական հանրապետության գոյությունը և աշխարհում սոցիալիզմի դիրքերի թուլացման միջոցով ԽՍՀՄ վարկին սպառնացող լուրջ վտանգը ԽՄԿԿ Քաղբյուրոյին ստիպեց խորհրդային զորքերը Աֆղանստան մտցնելու որոշում կայացնել (12.12.79թ.): ԽՍՀՄ համապատասխան ուժային և հատուկ ծառայություններում մշակվեց զորքերը Աֆղանստան մտցնելու համատեղ օպերատիվ պլանը: Օպերացիան ստացավ «Շտորմ 333» կոդային անվանումը: Պետության գլխի գլխավոր հաստատության` նախագահական պալատի գրավման գործում հիմնական դերակատարությունը վերապահվեց ԽՍՀՄ ՊՆ ԳՇ ՀԳՎ-ին (ГРУ), ռազմադեսանտային զորքերին (ВДВ) և ՊԱԿ-ին (КГБ):
1979թ. դեկտեմբերի 26-ի գիշերը խորհրդային ռազմա-տրանսպորտային ինքնաթիռները սկսեցին հատուկ ստորաբաժանումների զանգվածային փոխադրումը Քաբուլի միջազգային օդանավակայան: Միաժամանակ ցամաքով լրացուցիչ զորքեր էին բերվում խորհրդա-աֆղանական սահման: Նույն այդ օրը` դեկտեմբերի 27-ին, Թալեբովի կողմից թունավորումը անհաջողության մատնվեց պալատում գտնվող խորհրդային բժիշկների միջամտության շնորհիվ, ովքեր անտեղյակ էին օպերացիայի գոյության մասին: Ու հարկ եղավ Ամինի ոչնչացումն իրականացնել առավել վայրագ միջոցներով: Երեկոյան աֆղանական ռազմական հանդերձանքով և տարբերանշաններով դիմակափոխված խորհրդային ռազմաշարասյունը` ՊԱԿ-ի գնդապետ Բոյարինովի գլխավորությամբ, օդանավակայանից ուղղություն վերցրեց դեպի նախագահական պալատ: Աֆղանական հսկիչ անցագրային կետին հասնելով` օպերացիան թևակոխեց իր բացահայտ` ռազմական գործողությունների փուլը: Հրամայված էր վկաներ չթողնել: Նախագահական պալատի գրավման ընդհանուր տևողությունը կազմեց 43 րոպե: Պալատը գրավվում էր հարկ հարկ: Ամինի սպանությունը կատարվեց պալատի վերին հարկում գտնվող բարում: Ընդհանուր դիակների թիվը աֆղանական կողմից կազմեց ավելի քան 200 հոգի: Օպերացիայի վայրագության աստիճանի և կազմակերպված սպանդի մեծության մասին է խոսում նաև այն փաստը, որ սպանվածների թվում էին նաև (մի մասը հենց իրենց` խորհրդային հատուկջոկատայինների ձեռքով` աֆղանական համազգեստի պատճառով) ՊԱԿ-ի և այլ ստորաբաժանումների երկու տասնյակ աշխատակիցներ ու զինվորներ (այդ թվում` գնդապետ Բոյարինովը):
Պալատի գրավումից անմիջապես հետո ռադիոյով ելույթ ունեցավ Քարմալը, որը հայտնեց իշխանությունը իր ձեռքը վերցնելու մասին և պաշտոնապես օգնություն խնդրեց ԽՍՀՄ-ից: Արդեն դեկտեմբերի 30-ին «Պրավդան» ի լուր ԽՍՀՄ հանրության և ամբողջ աշխարհի պաշտոնապես հայտնեց. «Ժողովրդական ատելությամբ բարձրացված ալիքի արդյունքում Ամինը իր համակիրների հետ կանգնել է արդար հեղափոխական ժողովրդական դատարանի առջև և մահապատժի ենթարկվել»:
Աֆղանստանը կորցրեց իր ինքնիշխանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել