Առավոտյան կարկամած էի... Երբ զանգահարեց Ռազմիկ Խոսրոևն ու լաց լինելով հայտնեց Կարեն Ջանգիրովի մահվան բոթը՝ մի տեսակ օդում էի, չէի հասկանում կատարվածը...
Հիմա աստիճանաբար նյութականանում է կորուստը, հիմա արդեն գիտակցում եմ, որ չկա Կարենը...
Մեր թատրոնի ու կինոյի ամենաինտելեկտուալ, ամենաազնվական, տաղանդավոր անհատականություններից մեկը, որի հետ ընկերություն էի անում 1972 թվականից:
Արդեն սերնդակիցներս են սկսել հեռանալ՝ ցավ ու վիշտ պարզելով:
Կարենի դեպքում հեռացումը ցավ չէ լոկ, այլև խոր մտահոգություն, որ հեռանում է, դերասանական-մարդկային տեսակ, հեռանում է մեկը, որն իրենով ազգային կինոում մի ողջ ժամանակաշրջան էր պայմանավորում, քանզի բերեց հերոսի նոր տեսակ, բերեց նոր մտածողություն: Կարենի հերոսները զարմանալի ասպետներ էին՝ մի քիչ վերացած, մի քիչ ռոմանտիկ, մի քիչ վերերկրային... Նրանք կռիվ ունեին ժամանակի մեջ ու ժամանակի հետ...
Կարենի հետ հազար անգամ նստել ենք սուրճի կամ օղու բաժակի շուրջ, ժամերով զրուցել դերասանական ու ռեժիսորական արվեստների մասին, ժխտել ենք ու հաստատել, վիճել ենք ու բանավիճել...
Հիմա ցավով պիտի ասեմ, որ Կարենն ըստ արժանվույն չգնահատվեց, չարժևորվեց...
Գուցե հետո պիտի գնահատենք...
...Սերնդակիցներս, տղերք, ձեզ լավ նայեք, խնդրում եմ, մի՛ նոսրացրեք մեր շարքերը...
Ես արդեն չգիտեմ, թե ովքեր են գալու մեզանից հետո և ինչի մասին են երազելու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել