Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի և համագործակցության նախարարության կողմից «Փախստականներն ու ներքին տեղաշարժի ենթարկված անձինք Հարավային Կովկասում. Խաղ թվերի հետ» զեկույցը եզակի է իր թեմատիկ ուղղվածությամբ ու բովանդակային շեշտադրումներով՝ Հարավային Կովկասում փախստականների ու ներքին տեղաշարժի ենթարկված անձանց հիմնախնդրին առաջին անգամ է նման անդրադարձ կատարվում: Իսկապես, այս հիմնախնդրի օբյեկտիվ ընկալումը խաթարված է արցախյան հակամարտության մեջ ներգրավված կողմերի ու շահագրգիռ արտաքին դերակատարների ջանքերի շնորհիվ ծայր առած թվային աճպարարությունների հետևանքով: Հետաքրքրական է, որ զեկույցում հատուկ շեշտադրվում է այն հանգամանքը, որ Ադրբեջանը միտումնավոր կերպով ուռճացնում է ադրբեջանցի փախստականների ու ՆՏԱ-ների թվաքանակը: Թերևս սա է պատճառը, որ զեկույցն առաջացրել է պաշտոնական Բաքվի դժգոհությունն ու առիթ դարձել, որպեզի ադրբեջանցի պաշտոնատարները հանդես գան այն դատապարտող հայտարարություններով: Սակայն շատ ավելի ուշագրավ է այն հանգամանքը, որ զեկույցի հեղինակները դատապարտելի չեն համարում այն, որ պաշտոնական Երևանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ միասին մեկ կուռ բռունցք դարձած անում են ամեն հնարավորն ու անհնարինը՝ ադրբեջանահայ փախստականների ընդհանուր թիվը զրոյացնելու համար: Այսպես, զեկույցում նշվում է, որ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հրապարակած տվյալների համաձայն (իսկ այդ տվյալներն էլ վերջինիս տրամադրում է ՀՀ Տարածքային կառավարման նախարարությանն առընթեր գործող Միգրացիայի գործակալությունը) Հայաստանում ներկայումս կա 3000-ից ավելի փախստականներ, թեև ընդամենը 2005թ.-ին նրանց քանակը հասնում էր 220.000 մարդու: Հայկական լրատվամիջոցները հրճվանքով տարածում են ադրբեջանցիների կեղծարարության մասին զեկույցում տեղ գտած պնդումը և ամենևին չեն անդրադառնում պաշտոնական Երևանի գործուն աջակցության շնորհիվ կատարվող աղաղակող թվային աճպարարությունների ու կեղծիքների հարցին: Գուցե չեն հասկանում, թե որչափ վնասակար է մեր պաշտոնյաների նմանօրինակ պահվածքն ու կոլաբորացիոնիզմը: Չհասկացողների համար ևս մեկ անգամ պարզաբանենք՝ փախստականների ու ներքին տեղաշարժի ենթարկված անձանց թվաքանակի կամայական ուռճացումը ադրբեջանցիների պարագայում ու լկտի և անթաքույց միտումնավոր նվազեցումը՝ ադրբեջանահայ փախստականների պարագայում մեկ նպատակ է հետապնդում՝ հնարավոր դարձնել ադրբեջանական կողմին տարածքներ հանձնելու միջոցով հակամարտության կարգավորման ծրագրի իրականացումը, ինչին խանգարում էր ադրբեջանահայ փախստականների իրավունքներն ու շահերն ապահովելու մեր պահանջը: Պաշտոնապես հայտարարելով, որ հայ փախստականների հիմնախնդիր գոյություն չունի, Երևանը հանում է տարածքային զիջումների ճանապարհին առկա միակ ծանրակշիռ քաղաքական, հումանիտար ու ֆիզիկական արգելքը: Պատահական չէ, որ զեկույցում հատուկ ընդգծվում է, որ Ադրբեջանն ու Վրաստանը փախստականների հիմնախնդրի արծարծումը դիտարկում են որպես իրենց տարածքային ամբողջականությունն ապահովելու քաղաքական գործիք: Մենք պետք է անվանապես լավ հիշենք բոլոր մակարդակների այն հայ պաշտոնյաներին, որոնց կոլաբորացիոնիստական գործունեության արդյունքում անտեսվեցին ավելի քան կես միլիոն ադրբեջանահայերի իրավունքները, ահռելի կորուստներն ու ջախջախված ճակատագրերը և որոնց թեթև ձեռքով այսօր նախադրյալներ են ստեղծվել անհամարժեք տարածքային, նյութական ու բարոյական կորուստների համար: Տեղյակ ենք պահում նաև Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի և համագործակցության հարցերով նախարարությանը, որ «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը ստեղծել է շուրջ 35.000 փախստականների վերաբերյալ բազմապիսի տեղեկությունների բազա և անմիջական կապ հաստատել մարդկանց հետ իրենց ներկայիս բնակության վայրերում ու շարունակում է այս խնդրի հետ կապված հետազոտական-վերլուծական գործունեությունը:

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ» 
քաղաքացիական ցանցի հայտարարությունը Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի և համագործակցության նախարարության կողմից «Փախստականներն ու ներքին տեղաշարժի ենթարկված անձինք Հարավային Կովկասում. Խաղ թվերի հետ» զեկույցի հրապարակման կապակցությամբ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել