Ինձ համար ամենաքիչը զարմանալի է, որ լուրջ տնտեսագետները հիանում են ԿԲ-ի՝ իբր թե դոլարի կուրսի կարգավորման գործընթացում ունեցած լումայով։ Չեմ ուզում ընկղմվել դետալների մեջ, որովհետև Հայաստանը, փոքր երկիր լինելով, ինֆորմացիան շատ շուտ է տարածվում, և մենք գիտենք, թե ինչպես եղավ, որ դոլարի կուրսը կարգավորվեց։ Բայց հիմա դրա մասին չեմ ուզում գրել։ Ի վերջո մեկ շաբաթ տևող իրական տարադրամային խուճապի և դրա հետևանքների մասին շատ է գրվել, բայց դեռ հստակ թվեր չեն հրապարակվել, թե որքան դոլարային զանգված դուրս եկավ հանրապետությունից և չվերահսկվեց ոչ մեկի կողմից։ Մենք դժվար էլ այդ մասին իմանանք։ 
Խուճապից օրեր անց բազմաթիվ ապրանքատեսակների էական թանկացումներն էլ որպես այդպիսին շուտով կդառնան սովորական։ Այսինքն՝ այս երկու կետով օգուտներ քաղեցին ու դեռ կքաղեն մեր հաշվին։ 
Բայց այս ամենի ֆոնի վրա կարծես աննկատ մնաց ամենակարևորն ու ամենացավալին։ Ի վերջո, նախատեսված դրամային արժեզրկումը փաստ է։ 411-414 կուրսը մեկ ամսվա մեջ դարձել է 450-470։ Սա կոնկրետը 10 տոկոսից ավել արժեզրկում է։ Ու ժողովուրդն արդեն սովորում է այս թվին։ 620-650 ֆոնի վրա, բնականաբար, այս թիվն այդքան էլ վախենալու չէ։ Չնայած այն բանին, որ ես այսօրվա կուրսը ևս բլեֆ եմ համարում և վստահ եմ, որ փետրվար ամսին իրավիճակը կտրուկ փոխվելու է, այս պահին մեկ շաբաթ պահել 450-470 կուրսն արդեն հերոսություն է։ Ինչ վերաբերվում է ԿԲ-ի կողմից առաջարկված դոլարից առևտրային բանկերի հետաքրքրության սպառմանը, մեկ անգամ ևս ապացույց է, որ նախորդ օրերին ԿԲ-ի առաջարկած դոլարը ոչ թե պահուստավորվել է, այլ գնացել կոնկրետ ուղղությամբ։ Ֆարս, բլեֆ տարրական մակարդակի։
Ինչևէ, օպերացիան իդեալական իրագործված է։ 10 տոկոս դրամի արժեզրկում, 10 տոկոս ապրանքների գնաճ։ Առանց լուրջ ցնցումների և մի քանի օրում հավելյալ գերշահույթի ապահովմամբ։
Բոլորը ուրախ են, չաղ ու բախտավոր։ Ու եթե այս տարի շատերս Ամանորյա միջոցառումը որոշել ենք անցկացնել ուղղակի սուրճի սեղանի շուրջ, մյուս տարի սուրճը ճոխություն կհամարենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել