Միանգամից ասեմ… Ես ոչ ռուսամետ եմ, ոչ էլ ռուսաֆոբ: Ես արևմտամետ չեմ և չեմ ատում Արևմուտքին նրա համար, որ շատ տականքությունների հանդեպ ազատամիտ են և հանդուրժող… Ես չեմ ընդունում ատելությունն ու մոլագարության հասնող, ռեակցիոն անհանդուրժողականության ցանկացած դրսևորում…
Օրերս լսում եմ ռադիոկայաններից մեկի հաղորդումը Ռուսաստանի վերաբերյալ` արևմտյան երկրների պատժամիջոցների, առևտրա-տնտեսական հարաբերությունների, տնտեսական, սոցիալ-կենցաղային դժվարությունների, ռուբլու կուրսի գահավիժման, ուկրաինական դեպքերի մասին:
Ինձ ի՞նչը զարմացրեց և հիացրեց… Դա հարցվող ռուսների` անխտիր բոլոր հարցվողների լավատեսությունն էր, դժվարություններն անպայմանորեն հաղթահարելու կամքն ու ոգին, իշխանություններին չհայհոյելը, անգամ չքննադատելը, այդ ամենի մեջ միայն ու միայն Միացյալ Նահանգներին մեղադրելու միակամությունը… Բացարձակ քննադատական խոսք` նույնիսկ մի փոքրաչափ, նուրբ դիտողություն անգամ չասվեց իշխանությունների կամ Պուտինի հասցեին առհասարակ:
Մի պահ մտովի պատկերացրեցի մեզ նույն իրավիճակում, եթե նույն հարցումը կատարվեր մեզանում` Հայաստանում… Պատկերացրեցի և սարսափով հիշեցի սոցցանցերում, ընդդիմադիր լրատվամիջոցներում, հանրահավաքներում, ցույցերում հնչող լկտի հայհոյանքները, հերյուրանքները, սպառնալիքները, նվնվոցներն ու մոլագարության հասնող դժգոհությունները…
Հարգում եմ ռուսներին այդ միասնականության, դժվարությունները հաղթահարելու միակամության, կամքի և հայրենասիրության համար: Իրենց պետության, հայրենիքի, ազգային խնդիրները ճիշտ ընկալելու, ըմբռնելու, ազգային հաղթական ոգին բարձր պահելու ունակության համար:
Մեզ շատ բան է պետք սովորել, հետևություններ անել ու լինել միասնական հատկապես վճռորոշ, լարված ու բախտորոշ իրավիճակներում: 
Բոլորս լինենք միասին ու միակամ, գոնե հնարավորինս…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել