Tert.am-ը գրում է․

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Հայաստանի բիզնես միջավայրում, ընդհանուր առմամբ դրական փոփոխություն է նկատում` մի քանի պատճառով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նա ասաց` անդրադառնալով ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագրիհրապարակած`բիզնես վարելու համար լավագույն երկրների 9-րդ ամենամյա վարկանիշային ցուցակին, որում Հայաստանն իր դիրքերը բարելավել է և 146 երկրներից 56-րդ տեղն է զբաղեցրել՝ նախորդ տարվա 64-րդի համեմատ:

«Առաջին դրական փոփոխությունը  մեկ պատուհանի գրանցման սկզբունքն է և օրենքների ավելի պարզեցումը: Այդ առումով իրոք տեղաշարժ եղել է:  Բացի այդ,  վերջին շրջանում նաև ստուգումների և տեսչական մարմինների բարեփոխումների տեսանկյունից դրական տեղաշարժ է եղել»,-ասաց նա և նշեց, որ թեև կյանքում դա այնքան էլ չի զգացվում, սակայն որոշակիորեն կա տարբերություն:

Ինչ վերաբերում է բիզնես միջավայրի խնդիրներին` Գագիկ Մակարյանն ասաց.«Ամենակարևոր խնդիրներից մեկն այն է, որ որքան էլ Կառավարությունը փորձում է օրենքները բարեփոխել, որպեսզի միջավայրը բարենպաստ լինի, այնուամենայնիվ, որոշակի դեպքերում պետք է ավելի ուժեղ միջամտություն անի, ոչ թե թողնի, որ շուկան ինքնակառավարման ռեժիմով գնա»:

Նա նշեց, որ թեև այլ երկրների փորձը կամ ընդհանուր մոդելն այնպիսինն է, որ կառավարության գործը հիմնականում բարենպաստ միջավայր ապահովելն է, սակայն մեզ մոտ այդ միջավայրում կան շատ սուբյեկտիվ խոչընդոտներ` ստվեր, անհավասար մրցակցություն, անհավասար ստուգումների ռեժիմ, մենեջմենթի որակ, մասնագետների խնդիր:

«Սրանք առաջացնում են լրացուցիչ խոչընդոտներ, դրա համար ես կուզեի, որ Կառավարությունը այդ հարցերում ավելի ուշադիր լիներ»,- ասաց նա և պարզաբանեց, որ անհրաժեշտ է բանկերի հետ տարվի աշխատանք վարկային ռեժիմների թեթևացման առումով, ցածր տոկոս կամ սուբսիդավորում տրամադրվի, կամ ավելի երաշխիքային ռեժիմներ ապահովվի:

«Անհավասար մրցակցությունը միայն այն չէ, որ ինչ-որ դեպքերում գների փոփոխությունների համար գործարարները պատժվեն, այլ անհավասար մրցակցությունը նաև անհավասար վերաբերմունքի արդյունքում է առաջանում: Իսկ անհավասար վերաբերմունքը չինովնիկների, տեսչական, տեղական մարմինների վերաբերմունքն է, որոնք անհրաժեշտ է լավացնել»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել