Ռեմբրանդտի կյանքում ճակատագրական մեծ դեր է խաղացել մի նկար` «Գիշերային դետք» անունով: Ամստերդամի զանազան ընկերությունների շրջանում սովորություն կար տեղական նկարիչներին պատվիրել տալ իրենց անդամների խմբանկարը. դա կատարվում էր որոշ ավանդությամբ: Կենտրոնում առաջին շարքի վրա պատկերվում էին ընկերության ղեկավար անդամները, ապա, ըստ դիրքի ու կարողության, նրանց շուրջ էին տեղավորվում մյուսները: 1642 թվականին, Ամստերդամի հրաձգային վաշտի կապիտան Ֆրանց Բաննինգ Կոկը Ռեմբրանդտին պատվիրում է իր վաշտի հրաձիգների խմբանկարը: Ըստ պայմանի, նկարում պետք է պատկերվեին տասնյոթ հրաձիգ, որոնցից յուրաքանչյուրը նկարչին վճարում է հարյուր գուլդեն: 
Փոխանակ գոյություն ունեցող ավանդույթով պատկերելու իր պատվիրատուներին` Ռեմբրանդտը կատարյալ ազատություն է տալիս իր երևակայությանը՝ նկարում տեղավորելով երեսուն մարդ տասնյոթի փոխարեն և դուրս բերում նրանց գիշերային երթի: Էապես դա դառնում է ոչ թե խմբանկար, այլ սյուժետային նկար, որի գործող անձերն ազատ դասավորությամբ ցրված են պատկերի զանազան մասերում և նմանողությամբ ոչ մի կապ չունեն պատվիրատուների հետ: Այդ նկարը բուռն զայրույթ է առաջացնում հրաձիգների մեջ, նրանք հրաժարվում են նկարից և ետ պահանջում վճարած գումարը: 
Այդպիսով, մոտավորապես տասնհինգ տարվա ստեղծագործական հաջողությունից հետո, առաջին անգամ ճեղքվածք է առաջանում Ռեմբրանդտի և պատվիրատուների միջև, որը և անվստահություն է սերմանում բուրժուական շրջաններում` դժվարացնելով պատվեր ստանալու գործը: Իր բովանդակությամբ այդ խմբանկարը շատ հետաքրքիր մտահղացում ունի, բավական դինամիկ է կոմպոզիցիայով, թեպետ շատ էլ մուգ է` կոլորիտով:
Սակայն ուշագրավ է, որ այդ նկարի անհաջողությունից մոտավորապես երեք հարյուր տարի անց, 1956 թ. նույն Ամստերդամում կազմակերպվել է մի հետաքրքիր արարողություն` կապված այդ նկարի բետ: Գրում են, որ «մի խումբ մարդիկ, հին զգեստներով, արկեբուզներով ու նիզակներով զինված, հանդիսավոր երթով անցել են քաղաքի փողոցներով և կանգ առել «Կլոնեվիրսդուրեն» հին շենքի առաջ: Այստեղ խումբը վայրկենապես շարվում է, և հիացած դիտորդները տեսնում են նետաձիգների վաշտի դետքի դուրս գալու կենդանի պատկերը: Զգեստներն ամենայն մանրամասնությամբ կրկնել են նշանավոր պատկերը, և նույնիսկ սպիտակ հագած աղջիկը` Հոլանդիայի հաղթանակի սիմվոլը, եղել է նրանց մեջ: Այսպես, Բաննինգ Կոկի հեռավոր հետնորդները քավել են իրենց նախորդների մեղքը»: (Մեջբերումը` ըստ Լ. Վոլինսկու):
Ե. Մարտիկյան, «Ռեմբրանդտ», Երեւան, 1959, էջ 29-30

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել