Դույսբուրգ գալու առաջին իսկ օրվանից որոշել էի ծանոթանալ և կապեր հաստատել Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթանալ պատմությանը ու ներկայիս իրավիճակին, իսկ հնարավորության դեպքում մասնակցել և իմ ներդրումն ունենալ համայնքի զարգացման գործում։ Այդ ճանապարհին առաջին քայլս պետք է լիներ այցելություն Քյոլնի հայկական եկեղեցի, որտեղ ոչ միայն հնարավորություն կունենայի մտնելու հայկական եկեղեցի, այլև ձեռք կբերեի անհրաժեշտ տեղեկատվություն հետագայի համար։

Ուրբաթ օրը վաղ առավոտյան գնացինք Քյոլնի հայկական եկեղեցի, որտեղ էլ գտնվում է նաև առաջնորդարանը։ Այստեղ է նաև հայ համայնքի վարչությունը։ Առաջին անգամ այստեղ եկել էինք շաբաթներ առաջ, սակայն պարզվեց, որ կիրակի օրերին սովորաբար փակ է լինում, եթե պատարագ չի լինում։

Եկեղեցին գտնվում է Քյոլնի կենտրոնից ոչ հեռու։ Նախկինում թաղամասը բնակեցված էր գերմանացիներով, ովքեր աշխատում էին այդտեղից ոչ հեռու գտնվող «Ֆորդ» գործարանում։ Ներկայումս, ամբողջ թաղամասը բնակեցված է թուրքերով։ Նայելով շենքին՝ երբեք չես ասի, որ այստեղ եկեղեցի է գտնվում և եթե չլիներ շքամուտքի մոտ տեղադրված ցուցատախտակը, թերևս կմտածեի, որ սխալվել ենք և երկրորդ անգամ չէի գա։ Այս անգամ եկանք աշխատանքային ժամի ու թերևս անսովոր զգացում էր, երբ ներս մտանք հայկական հաստատություն։ Մեզ մոտեցավ տեղի հոգևոր հովիվը՝ տեր Հրաչը, որի հետ ոչ միայն մտանք եկեղեցի, այլև բավականին հետաքրքիր զրույց ունեցանք։

IMG_3891.JPGՔյոլնի Սուրբ Մեսրոպ և Սուրբ Սահակ եկեղեցի մտնելիս մոռանում ես տպավորությունները, որ ստացել եսդրսից շինությանը նայելով։ Տեր Հրաչը, ով ամբողջ ընթացքում պատմում էր եկեղեցու և, առհասարակ, համայնքի մասին, նշեց, որ եկեղեցին շուրջ հարյուր տարվա պատմություն ունի և նախկինում եղել է կաթոլիկ եկեղեցի, իսկ 1991- ին վերանորոգումից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա-ի կողմից օծվել է և այդուհետ գործում է, որպես առաքելական եկեղեցի։ Այնուամենայնիվ, եկեղեցու արևմտյան կողմում կարելի տեսնել կաթոլիկ խորանը։ Շինությունն ինքնին գտնվում է Գերմանիայի պետական պահպանության տակ և արտաքին տեսքի որևէ փոփոխություն անթույլաթրելի է։ Ելնելով դրանից՝ հայերը «գմբեթ» են տեղադրել շինության ներսում։ Ընդհանուր առմամբ, ներսից եկեղեցին քիչ է տարբերվում հայկական մյուս եկեղեցիներից (չհաշված գմբեթն ու կաթոլիկ խորանը)՝ պատերին սրբերի նկարներ, խաչքար և առանձին սրահ մոմավառության համար։

Կաթոլիկ խորհանՏեր Հրաչի խոսքերով՝ Քյոլնի հայկական համայնքը ամենաակտիվն է Գերմանիայում, ինչը մասամբ պայմանավորված է նաև առաջնորդարանի այդտեղ գտնվելով։ Մշտապես կազմակերպվում են տարբեր միջոցառումները։ Ամիսը երկու անգամ կիրակնօրյա պատարագ է մատուցվում, իսկ մնացած կիրակի օրերին պատարագներ են մատուցվում այլ քաղաքներում (ամիսը մեկ անգամ Դույսբուրգում)։ Չնայած պարբերական միջոցառումներին, որ տեղի են ունենում թե՛ Քյոլնում, և թե՛ Բեռլինում, ընդհանուր առմամբ Գերմանյիայում բնակվող հայերը այնքան էլ ակտիվ չեն։ Շուրջ հարյուր հազար հայերից, ընդամենը 2500- ն անդամակցում համայնքին։ Անդամակցողների մեծ մասն էլ արևմտահայերն են, իսկ երբեմն էլ 90- ականներին եկածները։

IMG_3888.JPGՀամայնքի խնդիրները երևի թե չեն տարբերվում մյուս տեղերից՝ հայերեն լեզվի իմացության, ֆինանսական և դրանից էլ բխող կադրային խնդիրներ։ Հոգևորականների թիվը չորսն է, ինչը կապված է ֆինանսավորման հետ։ Փաստացի, պատարագից պատարագ հոգևորականները  հարյուրավոր կիլոմետրեր են անցնում։ Պետությունից ստացվող օժանդակությունը շատ չնչին է, քանի որ Գերմանիայում հայկականեկեղեցին չունի առանձին կարգավիճակ։ Ինչ վերաբերում է հայերենին, ապա մի քանի անգամ փորձեր են արվել խմբեր բացել, բայց առանձնակի հաջողության չեն հասել, քանզի մասնագետների համար ֆինանսական միջոցներ չկան, իսկ հոգևորականները, ովքեր հիմնականում հանդես էին գալիս դասատուի դերում, ոչ միշտ էին կարողանում անցկացնել դասերը հիմնական զբաղվածության պատճառով։ Աշակերտներն էլ մեծ մոտիվացիա չունեն սովորելու, քանզի դպրոցից հետո ստիպված պետք է լինեն ևս երկու ժամ անցկացնել դասարանային պայմաններում։ Խնդիրը էլ ավելի էր սրանում քննաշրջանների ժամանակ, երբ հայերենի դասերը ուղղակի դուրս էին մնում «օրակարգից»։

Երիտասարդության մասին տեղեկատվություն առանձնապես չունեմ։ Գիտեմ միայն, որ վերջերս հայ երիտասարդները երիտասարդական կոնգրես էին կազմակերպել, որի ընթացքում քննարկումներ են եղել Հայոց Ցեղասպանության վերաբերյալ։ Տեր Հրաչի խոսքով բավականին հետաքրքիր և ինչ- որ տեղ աննախադեպ միջոցառում էր։ Որոշվել է ապրիլին Քյոլնի տաճարի առաջ թատրոն կազմակերպել, որտեղ կբեմադրվի Հրանտ Դինքի սպանությունը ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրելու համար։

Շարունակելի..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել