Պատգամավորական անձեռնմխելիությունից ինձ զրկելու գլխավոր դատախազի՝ Ազգային ժողով ներկայացրած միջնորդագիրը միանշանակորեն համարում եմ քաղաքական պատվեր: Առաջին օրվանից, երբ Ազգային անվտանգության ծառայությունը հարուցեց քրեական գործը, ինձ համար պարզ էր, որ սա քաղաքական պատվեր է, քանի որ հարուցված գործը զուրկ էր որևէ իրավաբանական բովանդակությունից:

Ես պաշտոնապես դեռ չեմ ստացել անձեռնմխելիությունից ինձ զրկելու միջնորդագիրը, ուստի չեմ ուզում ենթադրել՝ կոնկրետ ինչ մեղադրանք է լինելու: Մինչ այժմ խոսքը եղել է «փողերի լվացման», «հարկային պարտավորություններից չարամտորեն խուսափելու» կամ «գումար յուրացնելու» մասին: Չեմ զարմանա, եթե այլ անհեթեթ մեղադրանքներ լինեն:

Անկախ նրանից, թե այս անգամ ինչ մեղադրանք են նախատեսել ինձ համար, դա որևէ իրավական հիմք չի կարող ունենալ:

Ինձ համար սա քաղաքական պայքարի նոր հանգրվան է: Չնայած որ պայքարի այս հարթությունը իմ հարթությունը չէ, բայց ես պատրաստ եմ մինչև վերջ պայքարել: Եթե այս ամենի նպատակը իմ քաղաքական գործունեությունը կաշկանդելն է և բոլոր բնագավառներում ձախողած իշխանությունների նկատմամբ իմ քննադատությունը լռեցնելը, ապա միանաշանակ կարող եմ ասել, որ իշխանությունները նաև այս հաշվարկներում են սխալվել:

Ես պատրաստ եմ թեկուզ այս պայմաններում և այս հարթության վրա շարունակել իմ պայքարը երկրում իրական փոփոխությունների հասնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել