Քիչ առաջ պտտվելով Մերգելյանի շուկայի տարածքում՝ փորձեցի ուսումնասիրել ստեղծված իրավիճակն ու հետևություններ անել: Ասում են՝ իբրև երեկ վարչապետի այցից հետո գներն իջեցվել են:
Հավատացնում եմ՝ ՍՈՒՏ է: 
Դիցուք, ապրանքի գինը բարձրացվել է 300 դրամով, «հարգարժան վարչապետի» շրջայցից հետո իջեցումը եղել է մաքսիմում 50 դրամ: Հետևություն անելը դժվար չէ, դժվարը ստեղծված իրավիճակին հարմարվելը, գոյատևելը և ամենակարևորը պատվով դուրս գալն է:
Շուկայից շրջայցս ուղղվեց դեպի «Բարեկամություն» մետրոյի հայտնի անցումը: Մոտեցա մի վաճառականի, որը շատ «դիլխոր», ձեռքերը կրծքավանդակին խաչած, գլուխն ափսոսանքով շարժելով, հայացքը «շիվարած» կանգնած էր: Ապրանքի գին հարցրեցի ու հնչեց նման պատասխան՝ «ինչքան ուզում ես, տուր, ամեն ամեն ինչ վաճառում եմ ու գնամ էս երկրից, լեզուս չի պտտվում՝ ասեմ անտեր, բայց անտեր ու անտիրական երկրից» (բառ առ բառ ցիտեցի)... Ես լուռ, բայց սրտի կսկիծով հեռացա....
Կարդում եմ ֆիննախարարի ասածը թանկացումների համատեքստում. «սպեկուլյանտները, ովքեր կփորձեն օգտվել առիթից, խստորեն կպատժվեն օրենքի սահմաններում: Իրավիճակը վերահսկողության տակ է գտնվում, ուստի բոլոր քայլերը հաշվարկված են»...
Էհ Մովսես Գորգիսյան, ականջդ կանչի... Նա չէր պատկերացնում, թե ով և ինչպես է գալու, երբ ասեց՝ «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել