Բաց ստատուս Հովիկ Աբրահամյանին

Սիրելի Հովիկ Աբրահամյան,

Լիովին համամիտ լինելով Ձեր այն մտքի հետ, որ Հայաստանում քաղաքականությունով զբաղվելու համար առանձնակի խելք պետք չէ, այնուամենայնիվ, հարկադրված եմ Ձեր ուշադրությունը գրավել այն հարցին, որ մինչև 2015թ․ հունվարի 1-ը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների միջև անհրաժեշտ է կնքել ազատ առևտրի մասին պայմանագիր։ Նոր բան կարելի է չհորինել և որպես հիմք ընդունել ԱՊՀ պետությունների միջև գործող ազատ առևտրի մասին համաձայնագիրը։

Այս հարցին հրատապ լուծում տալը բխում է Ձեր անձնական շահերից, որովհետև, ըստ գործող օրենսդրության, անձամբ Ձեր ստորագրությունն է լինելու ՀՀ և ԼՂՀ միջև պետական սահմանի վրա անցումային կետ բացելու որոշման տակ։

Բելառուսի ԱԳՆ առաջին տեղակալի այսօրվա հայտարարությունը վերջնական հստակություն է մտցնում այս հարցում և այսուհետև որևէ մեկի մոտ չի կարող լինել կասկած, որ Հայաստանի գիտակից որոշմամբ Լեռնային Ղարաբաղը մնում է ԵՏՄ տարածքից դուրս։ Այսինքն, հետագայում ձեր ավանադական բացատրություններին, որ «խաբար չեք եղել» կամ «դա տարածաշրջանային պրոցեսների հետևանք է» և այլն, չի հավատա նույնիսկ Ձեր անձնական վարորդը։

Հայաստանի նորագույն պատմությունը ունի մի օրինակ, երբ 1994թ․ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշեց Ռուսաստանին «նվիրաբերել» Արցախի ազատության համար պատերազմում հայ ժողովրդի հաղթանակը և համաձայնվեց դառնալ Ադրբեջանի հետ ՀԱՊԿ պայմանագրի շրջանակում ռազմական դաշնակից պետություն։ Այդ «նվիրաբերումից» ընդամենը երկու տարի անց՝ 1996 թ․, Ռուստաստանը, ԵԱՀԿ մյուս պետությունների հետ մասին քվեարկեց կողմ, որ Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում՝ որպես ինքնավար մարզ։ Այդ քվեարկության արդյունքը հետագայում ծանր անդրադարձավ պայծառատես Լևոն Տեր-Պետրոսյանի համար, որը ստիպված եղավ իր ուսերից հանել Հայաստանի ապագայի համար «բարձր պատասխանատվությունը»։

Ասածս ի՞նչ կուսուցանե. Ձեր խորին համոզմունքը, որ Դուք այսօր մեծ ծառայություն եք մատուցում Ռուսաստանին, որի համար Պուտինը պիտի շնորհակալ լինի, ինքնախաբեություն է։ Շատ շուտով Ձեզ դեմ են տալու Արցախի հետ պետական սահմանի վրա անցումային կետ կառուցելու որոշումը։

Կնքելով Արցախի հետ ազատ առևտրի պայմանագիրը՝ Դուք կարող եք այսօր ապահովագրել Ձեր տեղը հայ ժողովրդի պատմության մեջ որպես մի ճարպիկ գործիչ, ով ընդունված ավանդույթի հակառակ՝ խելոք գտնվեց և ընդունեց այնպիսի որոշում, որը լավ էր և՛ անձամբ իր համար, և՛ պաշտպանում էր հայ ժողովրդի շահերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել