Վերջին օրերի փոխարժեքի տատանումները դժգոհությունների առիթ էին դարձել: Իսկ այսօր արդեն մի խումբ ակտիվ քաղաքացիներ հավաքվել են կառավարության շենքի դիմաց: Վերջիններս դժգոհություններ են հայտնում շուկայում տիրող գնաճի և երկրում առկա տնտեսական դժվարությունների վերաբերյալ: Մասնավորապես քաղաքացիները գործադիրին ներկայացրել են հետևյալ 3 պահանջները.
Առաջին՝ դոլար-դրամ հարաբերակցությունը բալանսավորել մինչև դեկտեմբերի 23-ը:

Երկրորդ՝ մինչև դեկտեմբերի 23-ն իջեցնել դրամի արժեզրկման հետևանքով առաջացած գնաճը:

Երրորդ՝ դադարեցնել Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին:
Քաղաքացիների նման պահանջը, ինչ խոսք, արդարացված է, իսկ նման դժգոհությունների ալիքը` տրամաբանական, սակայն մի փոքր դիտարկում կատարենք.

Կցանկանայի անդրադառնալ կետերին հատ առ հատ. Դեկտեմբերի 17-ը, թերևս, ժողովրդի համար կլինի հիշարժան օր: Ինչպես հիշում ենք, հենց այս օրը դոլարը տարադրամի շուկայում գերարժևորվել էր` հասնելով մինչև 570-580 դրամի: Դեկտեմբերի 17-ին անհամեմատ գնաճ տեղի ունեցավ նաև շուկայում: Հարկ է նշել՝ գազալցակայաններում գազի գինը հասնում էր մինչև 280 դրամ:

Ակներև է, որ երեկվանից դրամն արժևորվում է, իսկ շուկայում նկատվում է գնանկում: Փաստացի ստացվում է, որ քաղաքացիների պահանջներից առաջին երկու կետերը կամ լուծված են, կամ լուծման փուլում են գտնվում:

Հետաքրքիր է քաղաքացիների կողմից ներկայացրած երրորդ` ԵՏՄ-ի անդմակցության դադարեցման պահանջը: Գովելի է, որ մեր երկրում կան ակտիվիստներ, ովքեր իրենց ձայնը փորձում են լսելի դարձնել, սակայն նախ եկեք հասկանանք. թե ի՞նչ պետք է անի կառավարությունը ԵՏՄ պայմանագիրը չեղյալ հայտարարելու համար:

Նման լիազորություն թերևս կառավարությունը չունի: Այս պահանջը պետք է ուղղել Ազգային Ժողովին:
Եթե հիշում եք, Խորհրդարանի դիմաց ԵՏՄ պայմանագրի դեմ պայքարողների թիվը չէր գերազանցում 15-ը: Ենթադրությունները թողնում եմ ձեզ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել