Ցավոք, պետք է փաստեմ, որ երկրում լայնորեն տարածում է ստացել պետական որոշ չինովնիկների այնպիսի աշխատելաոճ, երբ օգտագործվում է հասարակության՝ կոռուպցիայի նկատմամբ ատելությունը:
Խնդիրը կայանում է նրանում, որ հասարակ քաղաքացին տանը հեռուստացույց նայելիս, երբ տեղեկանում է, որ այս կամ այն կոռուպցիոն գործունեության համար մեղադրանք է աջադրվել այս կամ այն պետական կամ հանրային ծառայողին, ակամայից իր հոգու խորքում ուրախանում է և համարում է այդ քայլ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին: 
Տվյալ քաղաքացին, որպես կանոն, այլևս չի հետաքրքրվում, թե նման մեղադրանքն ունի որևէ հիմք, թե պարզապես ուղղորդված և արհեստածին հետապնդում է և վերջինիս մոտ ձևավորվում է մեղադրվողի կոռուպցիոն գործունեության կատարման մեջ մեղավորության կանխավարկածը:
Հասարակության ինչի՞ն է պետք իր ուղեղը ծանրաբեռնել անմեղ մարդուն արհեստածին մեղադրանքից պաշտպանելու ուղղությամբ: Քչերն են մտածում, որ վաղը նույն բախտին իրենք կարող են արժանանալ: 
Հասարակությանն ավելի հեշտ է համոզել, որ իրականում խոսքը կոռուպցիայի մասին է, չէ՞ որ այսօր ուղղակիորեն յուրաքանչյուրը համարում է այն իր խնդիրը: Ախր վաղը առավել հնարավոր է, որ կդառնա կոռուպցիայի զոհ, քան անհիմն քրեական հետապնդման:
Սա է պատճառը, որ մարդկանց զգալի մասն անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հանգամանքն իր հոգու խորքում գերադասում է՝ կոռուպցիայի մեջ հնարավոր մեղավոր անձին չպատժելու հանգամանքին:
Այլ կերպ ասած, մարդիկ ենթագիտակցորեն մտածում են այսպես. «Ավելի լավ է մեկ անձ անմեղ տեղը դատապարտվի կամ հետապնդվի, քան մեկ կոռուպցիայի մեջ մեղավոր անձ չպատժվի, քանի որ առաջինի դեպքում իմ շահերն այդքան էլ չեն շոշափվում, իսկ երկրորդի՝ ես կազատվեմ ևս մեկ կաշառակերից։»

Նման տրամադրվածությունը պայմանավորված է պարզապես կոռուպցիայի նկատմամբ հասարակության ատելության և նման երևույթներից հոգնածության աստիճանով:
Հասարակության մեջ նման հոգեբանության մասին քաջատեղյակ որոշ չինովնիկներ, իրական կոռուպցիայի դեմ պայքարելու փոխարեն, օգտագործում են այդ հանգամանքը և որևէ անձի «խաղից դուրս» հանելու կամ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու նպատակով արհեստականորեն առաջադրում են, ոչ թե պատահական, այլ հենց նման մեղադրանք:
Այսպես՝ սույն թվականի օգոստոսի 26-ին իր գրասենյակում, առանց համապատասխան հիմքերի, ցուցադրական կերպով, ձերբակալվել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ Արմեն Լաբլաջյանը՝ հանրային ծառայողի կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու կասկածանքով (ՀՀ քրեական օրենսգրքի 3111 հոդվածի 3-րդ մաս):
Այդ ձերբակալման գործընթացը նկարահանվել է, և անմեղության կանխավարկածի սկզբունքի կոպիտ խախտմամբ հասարակությանը ներկայացվել այդ պահին Արմեն Լաբլաջյանից առգրավված 79.000 ՀՀ դրամը՝ իբրև ապօրինի ստացված վարձատրություն:
Վստահ եմ, որ այդ նկարահանումը դիտողների գերակշիռ մեծամասնության մոտ կասկած անգամ չի եղել, որ Արմեն Լաբլաջյանը հնարավոր է անմեղ է և որևէ առնչություն չունի կոռուպցիոն գործունեության հետ: 
Չէ՞ որ ձերբակալվել է հանրային ծառայող, հասարակության մեջ դիրք զբաղեցնող անձ և անհնար է, որ վերջինս ապօրինի վարձատրություն ստացած չլինի, չէ՞ որ պետք է միշտ խրախուսվեն այդպիսի ձերբակալությունները, չէ՞ որ դա քայլ է՝ ուղղված կոռուպցիայի դեմ:
Հետագայում, չհայթայթելով որևէ ապացույց առ այն, որ նշված 79.000 ՀՀ դրամը չի հանդիսացել վերջինիս անձնական գումարը, վարույթ իրականացնող մարմինը, չունենալով այլ ելք, այն այդպես էլ իրեղեն ապացույց չի ճանաչել և արդեն իսկ վերադարձրել է Արմեն Լաբլաջյանի ընտանիքին։
Չնայած վերոգրյալին՝ կալանավորումն ընտրվում է որպես խափանման միջոց, այնուհետև երկարացվում է ևս 2 ամսով՝ առանց որևէ հիմնավոր կասկածի, որ Արմեն Լաբլաջյանը կատարել է իրեն մեղսագրվող գործողությունը:
Վարույթ իրականացնող մարմինը մինչ օրս դատարան է ներկայացրել միայն մեկ անձի ցուցմունքներ՝ առանց որևէ այլ վերաբերելի ապացույցի, որի ով լինելը և ցուցմունքի բովանդակությունը, ելնելով նախաքննության գաղտնիության սկզբունքից, դեռևս չեմ հրապարակի:
Պարզապես պետք է նշեմ, որ այդ ցուցմունքներն իրենց հերթին հանդիսանում են զուտ տվյալ անձնավորության ենթադրությունները, ինչի մասին ուղղակիորեն նշված է ցուցմունքում:
Բացի այդ, վարույթ իրականացնող մարմինը, անտեսելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված՝ իր դեմ վկայած անձին հարցաքննելու մեղադրյալի նվազագույն իրավունքը, առանձին որոշմամբ մերժել է առերեսում կատարելու միջնորդությունս, իսկ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մ. Պապոյանի նախագահությամբ, այդ որոշումը համարել է իրավաչափ:
Զավեշտալի է այն հանգամանքը, որ քննիչը միջնորդությունը մերժել է այն հիմքով, որ ցուցմունքը տված վերոհիշյալ անձնավորությունն իր հերթին մեղադրվում է այլ հանցանք կատարելու մեջ և, օգտվելով իր դատավարական կարգավիճակից, հրաժարվել է առերեսվելուց: Իսկ դատարանը տվյալ որոշումը համարել է իրավաչափ՝ «ղեկավարվելով» ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55 հոդվածով, և գտել, որ չնայած մեղադրյալն իրավունք ունի առերես հարցաքննվել իր դեմ վկայած անձանց հետ, սակայն քննիչն ինքն է ընտրում դատավարական գործողությունների իրականացման ժամանակահատվածը:

Այսպիսով, քննիչի և դատարանի բողոքարկվող որոշումների բովանդակությունից կարելի է գալ պարադոքսալ մի եզրահանգման, այն է` վարույթ իրականացնող մարմինը ջանում է ընտրել ժամանակահատված Արմեն Լաբլաջյանի և վերջինիս դեմ ցուցմունք տված անձի միջև առերեսում կազմակերպելու համար` չնայած, որ մերժում է նման գործողության կատարումը:
Նման պարագայում ինձ չի մնում այլ բան, քան եզրակացնել, որ քննիչի կողմից առերեսում կատարելու միջնորդությունը ամբողջությամբ մերժելու (այլ ոչ թե տարաժամկետելու) պարագայում, Արմեն Լաբլաջյանի Կոնվենցիայով նախատեսված նվազագույն իրավունքն ակնհայտորեն անհիմն սահմանափակելով և դրա արդյունքում կալանավորման ժամկետը շարունակ երկարացնելով՝ Դատարանը ցույց է տալիս, որ իրեն ուղղված բողոքը մերժել է՝ պարզապես միտում ունենալով անհարկի երկարացնել կալանավորման ժամկետները՝ հետապնդելով Աստված գիտի թե ինչ նպատակներ:
Բացի այդ, Կոնվենցիան իր դեմ ցուցմունք տված անձին հարցաքննելու իրավունքը սահմանում է որպես արդար դատաքննության նվազագույն իրավունք, և Դատարանը չի կարող, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55 հոդվածով նախատեսված քննիչի լիազորությունները, սահմանափակել այն:
Բնականաբար, Դատարանի այդ որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
Բացի այդ, «AM» իրավաբանական ընկերությունում այժմ քննարկում ենք համապատասխան կարգապահական վարույթ հարուցելու մասին դիմում ներկայացնելու հարցը:

Ամեն դեպքում, իրադարձությունների նման զարգացմանը զուգահեռ, այսօր տեղեկացել եմ, որ 19.12.2014թ. դատարանը, նույն դատավորի նախագահությամբ, «քննելու» է կալանավորման ժամկետը ևս 2 ամսով 2-րդ անգամ երկարացնելու քննիչի միջնորդությունը:

Անհամբեր հետաքրքրությամբ սպասում ենք, թե ինչ պատճառաբանությամբ է այս անգամ դատարանը փորձելու բավարարել քննիչի միջնորդությունը, երբ գործում առկա միակ «ապացույցը» այն անձի ցուցմունքներն են, որի հետ առերեսվելու հնարավորությունից զրկված է Արմեն Լաբլաջյանը:

Չենք զարմանա, եթե դատարանը նորից առանց որևէ պատճառաբանության, պարզապես արտագրելով քննիչի միջնորդության մեջ տեղ գտած ստանդարտ ձևակերպումները, բավարարի այն:
Չէ՞ որ օգտագործվում է հասարակության կոռուպցիայի նկատմամբ ատելությունը:

Ձերբակալման շոուն կարող եք դիտել այստեղ՝


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել