Լինում է չի լինում, մի խեղճ ու կրակ աղջիկ է լինում՝ Վերգինե անունով: Նա 40 տարեկան է լինում, բայց ամուսնացած չի լինում և ապրում է մենակ: Վերգինեն միջին աշխատավարձով ապրող աղջիկ է լինում և իր աշխատավարձը հազիվ հերիքում է իր կոմունալ վճարները կատարելուն և օրվա հացի խնդիրը լուծելուն:
Օրերից մի օր երկրում ԱՄՆ դոլարի կուրսը բարձրանում է: Առաջին հայացքից Վերգինեին ոչինչ չի սպառնում, քանի որ նրա գոյատևումը ոչ մի կերպ կապված չի լինում դոլարի հետ, սակայն դոլարի կուրսի սրընթաց աճին զուգահեռ աճում են նաև տարատեսակ ապրանքների գները, ինչը, բնականաբար, սկսում է անհանգստացնել նաև Վերգինեին: Նա ունենում է նաև երկու ընկերուհի Շաղիկն ու Ծաղիկը (երկուսից էլ ամուսինները փախել են): Նրանք հիմար, տգեղ ու անհարկի աշխույժ կանայք են լինում, չնայած որ իրենց թվում է, թե իրենք շատ խելացի ու գործունյա կանայք են: Այս երկուսը համոզում են Վերգինեին իր ողջ միջոցները (100000 դրամ) վերածել դոլարի և, հաշվի առնելով դոլարի կուրսի սրընթաց բարձրացումը, հետագայում վաճառել ձեռք բերած դոլարը շատ ավելի բարձր գնով և առանց տանջվելու գումար աշխատել: Վերգինեն իր 100000 դրամը վերածում է դոլարի և սոված-ծարավ (քանի որ էլ գումար չուներ, որ սննդամթերք գներ) սպասում է դոլարի կուրսի «պիկին»: Վերգինեի համար ամեն ինչ լավ է դասավորվում մի քանի օր` սովածությունից դողդողալուն զուգահեռ դոլարի կուրսը սրընթաց և հետևողական աճում է, ինչը հույս ու հավատ է ներշնչում նրան Նոր Տարվա սեղանի խոզի բդի գումարը «օդից» աշխատելու հարցում...... Մեկ էլ հանկարծ....«բում».... մեկ ժամվա մեջ դոլարի կուրսն այնքան է իջնում, որ Վերգինեն հասկանում է, որ իր ձեռք բերած դոլարը վաճառելու դեպքում ինքը չի կարող հետ բերել անգամ իր 100000 դրամը: Հասկանալով դառը իրականությունը և աննպատակ սոված անցկացրած օրերը՝ Վերգինեն հոգեկան ծանր վիճակում հայտնվում է հիվանդանոցում և իր ողջ գումարը, որն արդեն ավելի քիչ էր, քան 100000 դրամը, ծախսում է իր խաթարված առողջությունը վերականգնելու համար.....

Պատմության բարոյախոսությունը կայանում է նրանում, որ եթե հանդիպես Շաղիկի ու Ծաղիկի, ում ամուսիները փախել են (ոչ թե բաժանված են), ապա զգույշ եղիր, որովհետև դա հաստատ պատահականություն չէ.....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել