Բացելով կառավարության այսօրվա նիստը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է ֆինանսական շուկայի իրավիճակին. «Ցանկանում եմ տեղեկացնել, որ երեկ ես հանդիպում եմ ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների, համապատասխան գերատեսչությունների և տնտեսվարողների հետ: Մեր միջազգային գործընկերներն ամբողջովին աջակցում են արտաքին շոկերով պայմանավորված փոխարժեքի սուր տատանումների իրավիճակում ֆինանսական շուկայի կայունացման մեր քայլերին: Երեկ՝ օրվա երկրորդ կեսից, և այսօր ֆինանսական շուկայում նկատվում է կայունացման միտում, որը, վստահ եմ, շարունակվելու է: Սակայն մենք անհանգստացած ենք փոխանակման կետերում գնման և վաճառքի մեծ մարժաներով և սպառողական շուկայում տեղի ունեցող որոշ գործընթացներով: Մասնավորապես, երեկ շաքարի, ալյուրի և լայն սպառման մի շարք ապրանքների գծով ակնհայտ գների բարձրացում կար»:

Այնուհետև վարչապետն առաջարկել է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին մանրամասն ուսումնասիրել իր նշած ապրանքատեսակների առևտուրը և ամենօրյա կտրվածքով իրեն տեղեկություն ներկայացնել: Նա հորդորել է հանձնաժողովի նախագահին ամենայն խստությամբ մոտենալ չարաշահումներին: «Կառավարությունն անհիմն թանկացումները չի հանդուրժելու»,-ընդգծել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը նաև առողջապահության նախարարին է հանձնարարել ուշադրության կենտրոնում պահել դեղորայքի շուկայի իրավիճակը՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում այդ ոլորտում:

Ի դեպ, կառավարության նիստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը շրջել է սուպերմարկետներով և տեղում ծանոթացել ապրանքների գներին և փոխարժեքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել