Հիմա որ Պուտինն ասեց՝ դրամային սպեկուլյանտները կարգին տղերք են, Հայաստանում էլ է՞ այդ չափորոշիչն օգտագործվելու, թե՞ մենք ամեն դեպքում բռնելու ենք պատժենք։
Երեկ մի պահ, երբ դրամի հետ կապված խուճապը հասավ առավելագույնի, անգամ ես իմ էջում «փրկենք դրամը» կարգախոսն օգտագործեցի։ Ամեն դեպքում ինձ համար իրավիճակն արդեն դուրս էր եկել բացատրելիի և անբացատրելիի բոլոր սահմաններից։ Ինչևէ, գիշերային մի շարք քննարկումներից հետո, առավոտյան պատկերը փոխվեց, և դրամի կուրսը սկսեց դոլարի համեմատ կայունանալ՝ ուղղակի նույն արհեստական տեմպերով, որով և արժեզրկվում էր վերջին օրերի ընթացքում։ Այս իրավիճակում, սակայն, խանութներում ապրանքների գները մնացին անփոփոխ, այսինքն՝ թանկացված գնապիտակներով։ Այսօր արդեն խանութի տերերն ասում էին, որ երեկ գրանցվել է պարենային ապրանքների աննախադեպ սպառում, իսկ այսօր ամեն ինչ ավելի հանդարտ է, բայց առաքիչները չեն շտապում գները փոփոխել, շատերն անգամ ապրանք չեն առաքում։ Միջին չափի շրջանառություն ունեցող խանութներից շատերն այսօր նաև խուսափում են որևէ բան վաճառել՝ համոզված լինելով, որ վաղը վաճառված ապրանքը գնելու են թանկ գներով։ Թե ինչ կլինի օրվա վերջում, ինչ-որ տեղ կախված է նաև դոլարի վերջնական կուրսից։ Մոտենում է Ամանորը, և ապրանք սպառողները ստիպված են իրականացնել վաճառք, թե ինչ գներով՝ կպարզեք արդեն մի քանի օրից։
Այսօր դրամային խուճապը հանդարտվել է, չնայած որ բանկերը շարունակում են զգուշավոր քաղաքականություն վարել։ Եթե ԿԲ-ն և փոխկապակցված մարմինները կարողացան վերահսկել իրավիճակը, ապա տնտեսությունը կվերադառնա իր սահուն ընթացքին, հակառակ ցանկացած դրսևորում ոչ միայն կխորացնի քաոսային վիճակը, այլև բացարձակապես կապակայունացնի իրավիճակը։ Հիմա գերխնդիր է թեկուզ մի քանի օր պահել այս պահին առկա կուրսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել