Orer.am-ը գրում է․

Հեռուստադիտողը երբեմն նույնացնում է կերպարներին ու դերասաններին, սակայն իրականում, մեծամասամբ, նրանք տարբեր են լինում: Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող Ֆուլ Հաուս սիթքոմից իր համարձակությամբ ու ինքնավստահությամբ փայլող Լիկան իրականում տարբերվում է դերասանուհուց:Orer.am-ին այդ մասին պատմեց անձամբ դերասանուհի-հաղորդավարուհի Արփի Գաբրիելյանը:

-Արփի, մինչև Ֆուլ Հաուսում Ձեր հայտնվելը, հեռուստադիտողը Ձեզ, որպես դերասանուհի, այնքան էլ ծանոթ չէր: Ինչո՞ւ:

-Ավարտել եմ թատերական ինստիտուտը, 4 տարի աշխատել եմ ATV հեռուստաընկերությունում: Նկարահանվել եմ չորս գեղարվեստական ֆիլմում: Ինքս հատուկ ոչինչ չեմ արել, որ ավելի մեծ ճանաչման արժանանամ:

-Հեռուստատեսություն՝ որպես հաղորդավարուհի, Ձեր մուտքն ինչպե՞ս եղավ:

-Դեռ ուսանողական տարիներին առաջարկ ստացա հեռուստատեսությունից: Ճիշտ է, ինձ համար անակնկալ էր, բայց հավատում եմ, որ կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում: Առաջարկը եղավ Հրաչ Քեշիշյանից և Վարդան Զադոյանից: Սկզբում շատ բարդ էր աշխատել տեսախցիկի առջև, լինել ուղիղ եթերում, բայց շատ արագ կարողացա ինձ գտնել այդ դաշտում:

-Հեշտությա՞մբ հրաժարվեցիք հաղորդավարությունից:

-Այնպես չէ, որ ամբողջովին հրաժարվել եմ: Պարզապես, երբ Ֆուլ Հաուսում նկարահանվելու առաջարկ ստացա և վերջնական որոշում կայացրեցի, հասկացա, որ նոր հաղորդում անել չեմ կարողանա: Իսկ հաղորդավարական դաշտում իմ նոր քայլը պետք է ավելի հետաքրքիր մի բան լինի, նոր նախագիծ՝ մեկ քայլ բարձր: Չեմ սիրում կյանքում կրկնվել, մի բան անել ուղղակի անելու համար: Քանի որ հետաքրքիր, բովանդակալից հաղորդում պատրաստելու համար ժամանակ է պետք, իսկ ես հիմա այդ ժամանակը չունեմ, սիթքոմից բացի համերգային գործունեություն եմ ծավալում, որոշեցի որոշակի դադար տալ: Կիսատ-պռատ բաներ անել չեմ սիրում: Հենց լավ առաջարկ ունենամ կամ ինձ մոտ լավ միտք ծագի, անպայման կհամաձայնեմ:

-Համերգային ի՞նչ գործունեության մասին է խոսքը:

-Արդեն երկու տարուց ավել է, որ աշխատում եմ ԱՄՆ-ում գտնվող «Global arts» կազմակերպության հետ, որն այնտեղ զբաղվում է հայ աստղերի համերգների կազմակերպմամբ, շրջագայություններով: Պարբերաբար մեկնում եմ Միացյալ Նահանգներ՝ համերգային ծրագրեր վարելու: Նաև այդ կազմակերպության կողմից` որպես դերասանուհի հանդես գալու հրավեր ստացա «Սկոչ և Վիսկի» ներկայացման մեջ:

-Արփի, ինձ թվում է՝ որպես հաղորդավար այնքան էլ շուտ չեք վերադառնա եթեր, քանի որ հեռուստադիտողը Ձեզ դերասանուհու կարգավիճակում առավել սիրեց:

-Շնորհակալ եմ… Չգիտեմ, թե ինչպես կլինի, իմ կյանքում ոչինչ պլանավորած չի ընթանում: Թեև, կարծեք թե ի վերուստ է նախանշվում ճանապարհս: Ինչ լինելու է` ժամանակին կլինի, ես դրա համար հատուկ ջանքեր չեմ գործադրում: Հավատում եմ ներքին ձայնիս և ընտություն կատարելիս միշտ դրանով եմ առաջնորդվում: Կարողանում եմ ճիշտ կողմնորոշվել:

-Ֆուլ հաուսում նկարահանվելու առաջարկը հեշտությա՞մբ ընդունեցիք:

-Որքան էլ, որ տարօրինակ է՝ այո: Արդեն երկար տարիներ է, տարբեր սերիալներից առաջարկներ եմ ստանում, բայց տեսնելով սերիալների անորակությունը, լավ դերասանների կողքին խաղացող պատահական մարդկանց՝ վախ ունեի սերիալներում երևալուց: Վստահ էի, որ չեմ ցանկանա որևէ սերիալում երևալ: Երբ այս առաջարկը ստացա, նկարահանվում էի երկու ֆիլմում՝ «Սուպեր մամա» և Արշալույս Հարությունյանի «Սկոչ և վիսկի» ֆիլմում: Քանի որ սա երիտասարդական, կատակերգական սիթքոմ էր՝ շաբաթը երկու անգամ պարբերականությամբ, ինձ հետաքրքրեց: Երբ Արմեն Պետրոսյանը փակագծերը բացեց, ցանկացա ծանոթանալ սցենարին և հասկանալ, թե կերպարը որքանո՞վ է ինձ մոտ: Կարդալուց հետո էլ չտատանվեցի, անմիջապես համաձայնեցի:

-Սիթքոմում Ձեր կողքին խաղում են մարդիկ, ովքեր դերասանական կրթություն չունեն: Դժվար չէ՞:

-Բացարձակ դժվար չէ այն մարդկանց հետ, ովքեր կարիերայի սկզբից ևեթ աշխատել ու աշխատում են իրենց վրա, ունեն դերասանին բնորոշ շնորհ, կատարելագործվելու ունակություն: Այդպիսի մարդիկ կարող են աշխատասիրության, պրոֆեսիոնալներին լսելու կարողության շնորհիվ մեծ հաջողությունների հասնել: Ես ապշած եմ իմ խաղընկերների խաղով:

-Որպես դերասանուհի՝ Ձեր վարձատրությունից գո՞հ եք:

-Եթե համեմատենք դրսի շուկայի հետ, այստեղ ծիծաղելի գումարներ են շրջանառվում: Բայց իմ տեսակով այնպիսին եմ, որ եթե աշխատանքս ինձ դուր է գալիս, մեծ սիրով եմ կատարում ու բավարարվում այնքանով, որքանով վարձատրվում եմ: Կարևորում եմ ոչ այնքան նյութական, որքան հոգևոր բավարարվածությունս: Եթե մտածեմ դերասանի աշխատավարձի մասին, ապա հաստատ մասնագիտությունս կփոխեմ:

-Սերիալները, սիթքոմերը երկարակյաց են, պատահում է՝ տարիներով էկրաններից «չեն իջնում»: Չե՞ք ձանձրանա:

-Սովորաբար, յուրաքանչյուր երկար տևող բան ձանձրացնում է, անկախ նրանից՝ լա՞վն է, թե՞ վատը: Չեմ կարծում, որ Ֆուլ Հաուսի կազմը թույլ տա, որ մարդիկ ձանձրանան: Արդեն առաջին եթերաշրջանի ավարտն է մոտենում, երկրորդ եթերաշրջանը մարտ ամսին է սկսվելու: Փաստորեն, թողնելու ենք մարդիկ երկու ամիս հանգստանան, կարոտեն: Յուրաքանչյուր լավ բան պետք է ավարտվի այն ժամանակ, քանի դեռ մարդիկ չեն ձանձրացել և կարոտով են սպասում այդ ժամին:

-Եթե չեմ սխալվում, Ձեր կերպարը ի սկզբանե վստահված էր մեկ ուրիշին:

-Պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ նման տեղեկություններ չունեմ: Ես առաջարկը ստացել եմ օգոստոս ամսին, իսկ նկարահանումները սկսել ենք սեպտեմբերի վերջին: Առանձնապես հետաքրքրասեր չեմ ու երբեք չեմ հետաքրքրվել:

-Արփի, Լիկան մի քիչ ագրեսիվ, ինքնահաստատված ու համարձակ աղջիկ է: Նմա՞ն է Ձեզ:

-Իրական կյանքում ընդհանրապես ագրեսիվ չեմ, քանի որ ինքնավստահություն այդքան էլ չունեմ (ծիծաղում է): Կարծում եմ, որ դա իմ թերություններից մեկն է: Շատ-շատ գծերով կցանկանայի Լիկային նման լինել, քանի որ էլ ավելի ինքնավստահ, կայուն ու կայացած կերպար է, քան Արփին: Ի սկզբանե շատ եմ հավանել Լիկային: Ես եկել եմ այն համոզման, որ իրականում աղջիկը պետք է հենց այդպիսին լինի:

-Չե՞ք կարողացել այս ընթացքուն նրանից որոշ գծեր «գողանալ»:

-Ճիշտն ասած՝ ոչ: Տարիներ շարունակ փորձել եմ մի քիչ մոտենալ այդ տեսակին, բայց, կարծեք թե առայժմ չի ստացվում:

-Ծնունդով որտեղի՞ց եք:

-Հայրս ու մայրս Սյունիքից են: Ես էլ ինձ համարում եմ սյունեցի, քանի որ մանկությունս գրեթե այնտեղ է անցել:

-Ընտանիքում դերասաններ կա՞ն:

-Ոչ: Մայրս, երաժիշտ է, հայրս՝ ինքնուս երաժիշտ:

-Գեղեցիկ աղջիկ եք, անընդհատ էկրաններին: Վստահ եմ, շատ երկրպագուներ ունեք՝ ոչ որպես դերասանուհի: Կյանքում Ձեր կեսին գտե՞լ եք:

-Անձնականի մասին խոսել չեմ սիրում: Տեսակով ծայրահեղ փակ մարդ եմ, նույնիսկ առօրյա ծանոթներս չեն կարող իմանալ ինչ է կատարվում իմ ներսում: Շատ քիչ թվով, չափազանց մտերիմ մարդկանց հետ եմ կիսվում… Կարծում եմ, յուրաքանչյուր քիչ թե շատ հայտնի մարդ, եթե որևէ անձնական փոփոխություն ունենա, մարդիկ անպայման կիմանան: Հատկապես, որ մեր երկիրը փոքր է և ամեն ինչ շատ արագ տարածվում է:

-Դուք մեր տղաներին ոչ հույս տվեցիք, ոչ էլ հուսախաբ արեցիք… Արփի, իսկ տղամարդը, ով կկարողանա Ձեզ գրավել, ինչպիսի՞ն պետք է լինի:

-Ես իդեալներ չունեմ: Գիտեմ, որ կյանքում միշտ սիրահարվում ես այնպիսի մարդու, ում երբեք կողքիդ չես պատկերացրել: Իմ տեսակով միասեր մարդ եմ: Կարծում եմ, որ մարդկանց ինչ-որ էներգիա է կապում, իդեալներ ստեղծելը, բոյն ու տեսքը կապ չունի: Այնպես որ տղամարդ-կուռքեր չեմ ունեցել, չունեմ և չեմ էլ ստեղծի:

-Եթե Ձեր կյանքում հայտնված տղամարդը Ձեզ ընտրության առջև կանգնեցնի, ի՞նչ կանեք:

-Չեմ կարծում, որ նման մարդու կհանդիպեմ ու կսիրահարվեմ: Ես շատ խիստ ու պահանջկոտ մարդ եմ: Այդպիսին կլինեմ նաև ընտրության հարցում: Սխալ է կնոջը կտրել իր սիրած գործից: Կինը որքան հաջողակ լինի իր գործում, այնքան հաջողակ ու կայացած կլինի նաև իր ընտանիքում: Տղամարդու համար շատ զոհաբերություններ անելով՝ դառնում ես նրան անհետաքրքիր…

Նիկա Նազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել