2004 թ.–ի դեկտեմբերի 18–ին Պեկինի օպերային թատրոնում պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ «Միսս պլաստիկ վիրաբուժություն» մրցույթը։ Հաղթողը 22–ամյա ուսանողուհի Ֆեն Ցզյանն էր Ցզինլինից։ Վիրաբույժներն օգնել էին նրան ազատվել ավելորդ քաշից, շտկել էին կազմվածքը, ուղղել էին դեմքի օվալը և էլի որոշ բաներ։ Ընդհանուր առմամբ աղջիկը 4 վիրահատության էր ենթարկվել։ «Գեղեցկուհին» հույս էր հայտնել, որ այս մրցույթը լավ սկիզբ կլինի, որպեսզի հասարակության մոտ վերանա պլաստիկ վիրաբուժության հանդեպ եղած կարծրատիպը։

Հաղթողը խոշոր դրամական մրցանակ էր ստացել` 50 հազար յուանի չափով (6 հազար դոլար)։ Եզրափակիչ հասել էին 17-62 տարեկան 19 մասնակից։ Որպեսզի բացառեին խաբեությունը, ժյուրիի անդամներին պետք է ներկայացվեր վիրահատությունները հաստատող փաստաթուղթ։

Այսպիսի մրցույթի առիթ հանդիսացավ մեկ այլ գեղեցկության մրցույթ, որի ժամանակ պարզվեց, որ մասնակիցներից մեկն իր արտաքինն ուղղել է 110 հազար յուան (13 հազար դոլար) արժեցած վիրահատությամբ։ 

Ներկա պահին Չինաստանում նկատվում է պլաստիկ վիրաբուժության բում։ Ամբողջ երկրում աճում է պլաստիկ վիրաբուժության կլինիկաների քանակը, որոնք տարբեր ծառայություններ են առաջարկում՝ սկսած լիպոկսացիայից, վերջացրած աչքերի բացվածքի փոփոխությամբ։
Պլաստիկ վիրահատության շուկայի շրջանառությունը տարեկան կազմում է 2,4 միլիարդ ԱՄՆ դոլար։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել