Հարցն ուղարկել է Վանուհին

Բարև Ձեզ, ես, կարելի է ասել, մի խնդիր ունեմ, որը թերևս ռեալ պատկերացնում եմ, բայց միշտ խճճվում եմ լուծման ճանապարհին: Մանրամասնեմ, արդեն 5 տարի է` շփվում եմ մի տղայի հետ, որը համակուրսեցիս է, սկզբնական շրջանում որպես կուրսեցիներ էինք շփվում, հետո ամեն ինչ մի քիչ լրջացավ: Նա մեկնեց երկրից, բայց անընդհատ, շատ հաճախ զանգահարում էր, նամակներ գրում, ուզում էր, որ պատեմ այն ամենն, ինչ ինձ հետ կատարվում է, նույնն էլ ինքը՝ միշտ պատմում էր՝ երբ գնաց, ում հետ, ինչ պլաններ ունի:

Մոտ 2 տարի առաջ սոց. ցանցի միջոցով նրան խաբելու եղանակով նա մի օգտատիրոջ (որը ես էի, բայց ուրիշ անվան տակ գրանցված) խոստովանեց, որ ինձ սիրում է, չնայած անմիջապես մի քանի րոպե հետո հասկացավ, որ դա ես եմ: Ինչևէ, ներեց ինձ, և ամեն ինչ այնպես էր ինչպես առաջ: Հետո եկավ Հայաստան, զանգերն ու նամակները շարունակվում էին, բայց դեմ առ դեմ հանդիպում մի քանի ամսվա ընթացքում մի անգամ է եղել, հետո էլ առանց տեղյակ պահելու զորակոչեցին բանակ նրան, (ես գիտեի, որ գնալու է, բայց հստակ օր չգիտեի, իսկ նա իր չասելը պատճառաբանում էր նրանով, որ գիտեր, որ անհանգստանալու էի, դրա համար ոչինչ չի ասել):

Ինչևէ, գնաց և մոտ 6 ամիս շարունակ տեղեկություն բացարձակ չունեի, հետո էլի սկսվեցին զանգերն ու հաղորդագրությունները: Մի խոսքով, ես շատ շատ եմ կապվել նրա հետ, բայց նրան չեմ սիրում, իսկ նա ոչ մի լուրջ քայլ չի ձեռնարկում, որպեսզի հստակ հասկանամ՝ ինչ է իր ուզածը, ես գիտեմ, որ կարևոր եմ նրա համար, բայց էլ էսպես չեմ կարողանում: Շատ առիթներ են եղել, որ կարող էր հանդիպում կազմակերպել, բայց ուրիշ գործերով է զբաղվել:

Մտածում եմ, եթե ես կարևոր լինեի, հաստատ 3 տարվա ընթացքում 1 անգամ չէինք հանդիպի: Ասում է, որ ես իր թուլությունն եմ, որ առանց ինձ չի լինում, ինչ պատահում է, ուզում է ինձ պատմել, կիսվել, կասե՞ք՝ ինչ է նշանակում այս անորոշ դրությունը, ի՞նչ անեմ, որպեսզի չխճճվեմ, անընդհատ մտածում եմ, ելք եմ որոնում, հենց որոշում եմ չպատասխանել զանգերին ու հաղորդագրություններին, դա ընդամենը մի քանի օր է տևում: Խնդրում եմ հստակ ասեք էլի՝ ինչ կարող եմ անել, որպեսզի էս կախյալ դրությունից դուրս գամ:

Ակնկալում եմ Ձեր պատասխանը:

Շնորհակալություն

Պատասխանում է հոգեբանը

Հարգելի Վանուհի, ինչպես Դուք ինքներդ շատ դիպուկ բնորոշեցիք Ձեր հարցի վերջում, Դուք կախյալ դրության մեջ եք։ Այլ կերպ ասած՝ կախվածություն ունեք։ Ընդ որում, ինչպես ես եմ դա տեսնում, կախվածության մեջ եք ոչ թե իրական մարդուց, այլ մի վիրտուալ մարդու մոդելից, որի հիմքում մասամբ այդ իրական մարդն է, ով Ձեր ընկերն է։ Ու դատելով Ձեր նկարագրից, այդ վիրտուալ կախվածությունը երկուստեք է։

Իրավիճակի նկարագիրը շատ է հիշեցնում սոցիալական ցանցերում վիրտուալ հարաբերություններ հաստատող ու հետո դրանից կախվածության մեջ ընկնող մարդկանց հոգեկան նկարագիրը։ Ի՞նչ կարող է խորհուրդ տալ հոգեբանը նման պարագայում։ Դուք ասում եք, որ չեք սիրում նրան, բայց արդեն սովորել եք այս անհասականալի ու անհեռանկարային հարաբերություններին այն աստիճան, որ չեք կարողանում կտրվել դրանից։

Կարող եմ առաջարկել երկու տարբերակ.

1. Վերջապես հանդիպեք իրար հետ ու անկեղծորեն կիսվեք Ձեր մտահոգություններով ու դիտարկումներով։ Լսեք նրան, գուցե նա էլ իր հերթին է կախվածության մեջ ու վախենում է հաջորդ քայլն անել, քանզի կարծում է, որ չհաջողվելու դեպքում կկորցնի Ձեզ։ Ամեն դեպքում, բերեք ձեր հարաբերությունները ռեալ դաշտ ու քննարկեք ձեր խնդիրը տետատետ։ Դուք կամ կորոշեք հաջորդ քայլն անել, կամ էլ ընդհակառակը՝ այլևս ոչինչ չանել ու առաջ շարժվել Ձեր կյանքում։

2. Ավելի ռադիկալ տարբերակ, որում Ձեր ընկերը դերակատարություն գրեթե չի ունենա։ Պարզապես կտրուկ դադարեցնել բոլոր կոնտակտները, ի նկատի ունեմ բառիս բուն իմաստով բոլորը։ Կարող եք պատճառաբանել, որ դրանք Ձեզ խանգարում են կյանքը բնականոն շարունակել, բայց դա պարտադիր էլ չէ, քանի որ Դուք ի վերջո ոչնչով չպարտավորեցնող հարաբերություններում եք։ Խիստ ցանկալի է ինչ-որ նոր ու իրական հարաբերություններ հաստատել այլ մարդու հետ, ինչը միանշանակորեն կօգնի Ձեզ շեղվելու այս հիվանդագին կենտրոնացումից ու մի կետում դոփելուց։

Ամեն դեպքում, լիովին համաձայն եմ Ձեզ հետ, որ այն, ինչ ունեք Դուք հիմա, այն չէ։ Պետք է կյանքում առաջ շարժվել և արդեն զուտ Ձեր ընտրության հարցն է՝ առաջ կշարժվեք նրա հետ, թե առանց նրա։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել