Դու այնքան հեշտ ես բարձրանում փաթիլվող բառերի վրայով՝ անգամ երբ ձմեռ չէ, ես պատերի մեջ լսում եմ սրտիդ զարկերը, թունավոր գիշեր, գանգիս մեջ կուլ տված արևներ կան, ես ծառ եմ, որն արդեն երազներ է տեսնում քո մասին, ցավից ճաքած կեղև, դիվային է հանգստությունը կանանչի, լույսի ճառագայթը ջարդում է ոսկորս, ես գրապանիս մեջ տրորում եմ  ածելու մետաղե սառնությունը, մինչ քեզնից արյունահոսում է ամենանուրբ պոեզիան, ես արյուն չունեմ, ու քեզ հետ թեյի տերևների դանդաղությամբ հավերժություններ են բացվում բաժակիս մեջ։

Թիթեռային հիշողություն՝ կյանքը միայն մի եղանակ է, սենյակիս մեջ բևեռային փոթորիներ են մոլեգնում, դրսում ծաղիկը այրվում է դժողքային կրակների մեջ, կանչող է գեղեցկությունը նրա, ես նաև օձ եմ, որ կարում է մահվան վերարկուն կոճակի անցքերով դանդաղորեն սողալիս, ագռավը կտցում է վեջին աչքը, թափված փորոտիք, անգամ ոհմակներ չկան, ամենը մոխիր է, մոխիր բառերի, բայց քեզ հետ մամուռից ծանրացած կոպերով ես կարող եմ քնել օվկիանոսի բարձին հրեշտակները հեռանում են թրջված ստվարաթղթե թևերով, բաժակի պես պատին փշրված լռությանը, ձայներին բարձի տակից՝ իմ երկմտտող այո-ն, որ ասում եմ ժամին այս ինքնասպան երկրաշարժի, լիթիումի կարմիր հաբեր, ականջախեցու միջից դուրս է հոսում անքնությունը,մարդիկ՝ պանթեոն քարե հայացքների, նրանց սև զգեստները տատանվում են ալիքների վրա, պարանոցի կամարին բացված խռիկներով մահվան կապույտ շիթեր են անցնում, հսկա, ինչպես ցուլ, թող սատանան ինձ կուլ տա, ճաքած կճեպ, ճիչը ծանր ծննդի, ծնվում եմ նոր ձևի մեջ ու միայն հիմա քեզ հետ ես զգում եմ փաթիլի թեթևությունը մաներիս բարձիկներին տուր ինձ անանձնական պահը մոռացության, իբրև երկու կաթիլ մենք անսահման պարզ ենք ու անըմբռնելի, հիմա դու քնած ես արյանս ամեն մի բջջի վրա կամ նայում ես արևին, որ ծագում է բերանիս ճեղքից, ինչպես բարակ հորիզոն շրջապատել եմ քեզ բոլոր կողմերից, քեզ հետ եմ, երբ մենակ ես, երբ միակ ուրվագիծն ես գիշերային դատարկ փողոցի, երբ մտածում ես մահվան կամ գուցե բոլորովին այլ բաների մասին, ես սիրում եմ քեզ, ու դա իմ կոչումն է, իմ տունը, իմ դեպրեսիան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել