Արդեն ոչ մեկը չի կասկածում, որ հայկական դրամի կտրուկ գահավիժումը կհանգեցնի (արդեն բերել է) մարդկանց սոցիալական վիճակի էլ ավելի վատթարացման: Մասնավորապես, ոչ նախանձելի վիճակում, ավելի կոնկրետ՝ սննկացման առաջ են հայտնվել բոլոր նրանք, ովքեր ունեն դոլարային վարկեր: 
Մյուս կողմից, միանգամից թանկացել են առաջին անհրաժեշտության գրեթե բոլոր սննդամթերքները՝ շաքարավազը, ձեթը, կարագը, յուղը, մակարոնեղենը, ալյուրը և այլն: Թերևս ավելի հեշտ է թվարկել այն ապրանքները, որոնք այս օրերին դեռ չեն թանկացել, քանի որ դրանք ավելի փոքրաթիվ են: 
Հասկանալի է, որ Հայաստանում ամեն ինչ որոշում են մասնավորապես մենաշնորհային դիրք ունեցողները: Նրանց տված է մեծ ազատություն, որից և նրանք օգտվում են, իսկ վերահսկման և կարգավորման պետական քաղաքականություն բացարձակապես չկա, դրա մասին խոսելն անգամ անիմաստ է:
Ստեղծված վիճակում պետական մարմինները, որոնք պետք է զբաղվեն այս խնդիրներով, տպավորություն է՝ ձեռքերը լվացել են: Այնինչ նրանք պարտավոր են գործուն քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու ուղղությամբ, պարտավոր են առանց այն էլ օրվա հացը մի կերպ վաստակող Հայաստանի բնակիչներին դուրս բերել այս մղձավանջից: 
Բայց, ի հեճուկս դրան, բոլորովին էլ չես հասկանում՝ իշխանությունները որևէ քայլ ձեռնարկո՞ւմ են, թե՞ ոչ: Ու առհասարակ, եթե Հայաստանում չապրես ու կողքից նայես երկրում ստեղծված իրավիճակին, շատ պարզ հարց կառաջանա՝ Հայաստանը կառավարություն ունի՞, թե՞ ոչ: 
Որպես եզրահանգում. դրամի արժեզրկմամբ, ոչ մի կերպ չզսպվող գնաճով ժողովրդին այս կերպ աղքատության ճիրանները գցելը հակաժողովրդական գործելակերպ է՝ հղի անկանխատեսելի հետևանքներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել