Ի՞նչ կլինի, եթե տաք թեյով լի բաժակը դնենք սառնարանը։ «Այն կսառչի»,- արդարացիորեն կպատասխանեք՝ պատկերացնելով, որ սառնարանի սառնությունը թափանցում է տաք թեյի մեջ։ Այնինչ այդ պատկերացումն արմատականորեն սխալ է։
Ջերմադինամիկայի գլխավոր օրենքներից մեկը պնդում է. բարձր ջերմային էներգիայով գազը տարածվում է ավելի ցածր ջերմային էներգիայով միջավայրում, բայց երբեք ոչ հակառակը։ Այսինքն, կոպիտ ասած, տաքությունն է փոխանցվում սառնությանը, սառնությունը երբեք տաքությանը չի փոխանցվում։
Ինչո՞ւ։
Պատկերացրեք երկու բանակ, որոնք շարժվում են միմյանց ուղղությամբ։ Առաջին բանակի զորքը բաղկացած է ակտիվ, շարքում քաոսային շարժումներ անող շուստրի զինվորներից։ Երկրորդը բաղկացած է ծույլ, հազիվ շարժվող, անհավես զինվորներից։ Բախման դեպքում, բնականաբար, առաջինի զորքն արագ կներթափանցի երկրորդի շարքերն ու աղցան կպատրաստի։
Այսպիսով, ի՞նչ է ջերմությունը։ Դա մասնիկների շարժման (իմպուլսի, կինետիկ էներգիայի) արագության ցուցիչն է։ Որքան արագ են շարժվում մասնիկները, այնքան տաք է գազը, և հակառակը։ Տաք՝ արագաշարժ մասնիկներով ու սառը՝ դանդաղ շարժվող մասնիկներով գազերի բախման դեպքում առաջինի մասնիկներն արագ թափանցում են երկրորդի մեջ, բախվում երկրորդի մասնիկներին. արդյունքում առաջինի մասնիկները դանդաղում են՝ կինետիկ էներգիայի մի մասը փոխանցելով երկրորդի մասնիկներին, որոնք դրանից մի փոքր արագանում են։ Տաք գազը սառչում է, սառը՝ տաքանում, մինչև երկուսն էլ չգան ջերմային հավասարակշռության։
Այսինքն, ամեն տաք բան կորցնում է իր ջերմությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել