Այն, որ քաղաքական պրոցեսները սահուն կերպով տեղափոխվեցին տոներից հետո, և խոստացված թեժ աշնանը անհասկանալի կերպով պետք է որ հաջորդի թեժ գարունը, իմ շրջապատում եղած գրեթե բոլոր մարդիկ համարում են սխալ քայլ: Այս ամենի ֆոնին չուշացավ նաև իշխանությունների լկտի պատասխանը: Իրավիճակը տրամաբանական լուծում ստանալու փոխարեն, որը վաղուց արդեն պետք է կատարված լիներ, օրեցօր ավելի ու ավելի է մտնում փակուղի: Էլ չեմ ուզում խոսել դեպի եվրասիականություն տանող քարքարոտ ու մառախլապատ ճանապարհի, սահմանի վրա տեղի ունեցող վերջին դեպքերի, ժողովրդի խայտառակ սոցիալական վիճակի, իշխանություն-եռյակ անորոշ հակամարտության մասին, որն ասես մի յուրահատուկ հիպնոս լինի՝ վաղուց արդեն հիպնոսացած այս հասարակության միտքը վերջնականապես թմրեցման տանող: Եվ դեռ խոսում ու բողոքում ենք Թուրքիայի ժխտողական քաղաքականությունից, ազգովի գնում ենք դեպի ցեղասպանության 100-ամյակ, երբ հենց այսօր ու հենց մեր քթի տակ, հենց մեր ազգի ներսում է իրականացվում մի նոր՝ սպիտակ եղեռն: Երկու դեպքում էլ ստանում ենք նույն պատկերը՝ Հայաստան առանց հայերի: էլ ի՞նչ պահանջներ կարող ենք դնել օտար սուբկուլտուրայի, օտար արյան առաջ: Սթափվելու կոչ եմ անում այլևս բոլորին՝ հատկապես այն մարդկանց, ովքեր քանիցս կեղտ են նետել իշխանավորների հասցեին, բայց ներկայումս շարունակում են նույն ճահճացման տանող քաղաքականությունը: Միայն մի բան է մնում ասել. կամ կատարեք ձեր խոստումները, կամ թույլ տվեք, որ հարցով զբաղվեն նրանք, ովքեր ունեն ռեալ ցանկություն ու կարողություններ, և դադարեք ավելի ու ավելի հիասթափեցնել արնաքամ եղած այս ժողովրդին: ԲԱՎԱԿԱՆ Է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել