Կարևոր է հասկանալ սկսված ոստիկանական ահաբեկչության տրամաբանությունը և իմաստը: 
Ինչո՞ւ է հենց հիմա սկսվել ահաբեկչությունը:
Որովհետև այսօր դրված է իշխանության պահպանման հարցը: Շատերն այն կարծիքին են, որ մինչև ընտրությունները դեռ երկար ժամանակ կա, իսկ հանրավաքները գոնե հիմա սառեցված են, և կարծես թե պատճառ չկար սկսելու ոստիկանական տեռորը: Իրականությունը կարող է ճիշտ հակառակը լինել. իշխանության հարցը հենց հիմի է որոշվում: Եթե Սերժ Սարգսյանը չկարողանա անցկացնել սահմանադրական փոփոխությունները, ապա նա կարող է մոտ ժամանակները կորցնել պառլամենտական մեծամասնությունը և հետևաբար նաև իրական իշխանությունը: Սահմանադրական փոփոխությունների անցկացման անկարողությունը կլինի ահազանգ նոր պոտենցիալ նախագահի փնտրտուքի և նրա շուրջը դիրքավորվելու գործընթացի համար, որի հետևանքով խորհրդարանական մեծամասնությունը կմասնատվի: Նախանշաններն արդեն կան:
Սահմանադրական փոփոխությունների հետաձգումն արդեն իսկ թուլության նշան էր: Սարգսյանին հիմի էր պետք ցույց տալ իր վճռականությունն և ուժը: Պատահական չէր փոխոստիկանապետի հայտարարությունն այն մասին, որ կպոկի Սարգսյանին վիրավորողների ականջները: Դա միտումնավոր էր բարձրաձայն ասվել: Դա զգուշացում էր առաջին հերթին հենց հանրապետականների այն մասի համար, որը սկսել է տատանվել:
Մյուս խնդիրը, որը պետք է լուծի Սարգսյանը, պետք է մասնատի ԲՀԿ-ն, որպես սահմանադրական փոփոխությունների անցկացման հիմնական խոչընդոտի: Հարվածելով ՀԱԿ-ին՝ նա զգուշացնում է ԲՀԿ-ին` առաջին հերթին ԲՀԿ-ի գործարարների թևին և տատանվող զանգվածին: Իսկ ժամանակը շատ սուղ է, հատկապես եթե հաշվի առնենք ուժգնացող տնտեսական ճգնաժամը:
Մյուս կարևոր հետևությունը, որը պետք է արվի, դա այն է, որ 2008 և 2013թթ նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի դե ֆակտո պարտությունները նաև Հանրապետականների պարտություներն էին: Կուսակցությունը չկարողացավ «բերել» անհրաժեշտ ձայները: 2008-ին ռեժիմին մնացել էր ուղղակի բռնության դիմելու վերջին ծայրահեղ միջոցը, իսկ 20013-ին իրավիճակը փրկեց Վովա Գասպարյանի արտիստիկ բեմադրությունը:
Հիմա Սերժ Սարգսյանի «կուսակցությունը» ոստիկանությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել