Ես միշտ սիրել եմ ուտել… ինչպես հաղթահարել սննդային վարքի խախտումները Cosmo.am-ը գրում է․

Երջանիկ զգալու համար կարելի է որևէ գիրք կարդալ, զբոսնել, ֆիլմ դիտել կամ զրուցել հարազատ մեկի հետ: Կարելի է նաև բացել սառնարանը... Պետք է խոստովանեմ՝ ուտելն իմ թուլությունն է: 

Սնվելու անհրաժեշտությունը

Ես կարող եմ հաճույքով ուտել ռուկոլայով և պարմեզանով աղցան, նույն հաճույքով վայելել բանջարեղենով ապուր` ճաշարանում, կարկանդակ` կայարանում և միս՝ ֆրանսիական ձևով` ռեստորանում: Ես սիրում եմ սննդամթերք գնել, ճաշ պատրաստել, համապատասխան գրականություն կարդալ, հիանալ տարբեր ճաշատեսակների նկարներով և իհարկե՝ ուտել... 
Ի դեպ, ես այնքան էլ գեր չեմ, ուստի լուրջ առողջական խնդիրներն ու երկրպագուների պակասն ինձ դեռևս չեն սպառնում: Ավելորդ քաշի դեմ պայքարում եմ մոտ 13 տարեկանից, բայց կամքի ուժս չի բավարարում: Երբ բոլորեց 24 տարիս, ես հաստատ որոշեցի նիհարել, իսկ դրա համար անհրաժեշտ մոտիվացիան որոշեցի գտնել մասնագետի օգնությամբ:

Նշանակված օրն այցելեցի հոգեբանին: Ակնկալում էի տեսնել նիհարակազմ, հագուստի XS չափսն ունեցող գեղեցկուհու. փոխարենն՝ ինձ սպասում էր միջին տարիքի, ոչ բարձրահասակ, մարմնեղ մի կին: Պարզվեց, որ նա ավարտել է հոգեբանության ֆակուլտետն ու առանձին ուսումնասիրել սննդային վարքը, ամուսնացած է, ունի 3 տարեկան տղա և համոզված է, որ իդեալական է ոչ թե նվազագույն քաշը, այլ այն, որի դեպքում մարդն իրեն լավ է զգում:

Ես երկար-բարակ սկսեցի պատմել, թե ինչպես եմ սնվում, որ դեպքերում եմ սկսում ուտել և այլն: Ոչ մի նոր բան, ըստ էության, ինձ համար չհայտնաբերեցի: Դեպի սառնարանը ձգվում եմ ամեն անգամ, երբ նյարդայնանում եմ. ցրվելու համար գնում եմ խոհանոց, սակայն որևէ գործով զբաղվելու կամ ֆիլմ դիտելու փոխարեն բանը հասնում է տապականերին ու թխվածքներին:

Բացի այդ, ուտելու ցանկությունն ինձ մոտ առաջանում է ամեն անգամ որևէ ուտելիք տեսնելիս. մինչդեռ մանուկ հասակում ես համարվում էի «չուտող» երեխա, և մինչև երրորդ դասարան իմ սնվելու խնդրով մտահոգված էր մեր ողջ ընտանիքը։ Հիմա ինձ մոտ իսպառ բացակայում է սննդից հագենալու մեխանիզմը. ես չգիտեմ՝ երբ սկսել և ինչպես կանգ առնել:

«Հարձակման» պլան

Մենք հոգեբանի հետ պայմանավորվեցինք, որ այսուհետ ես պիտի սնվեմ օրը 3 անգամ: Ընդունված «հաճախ ու քիչ-քիչ» տարբերակն ինձ համար չէ, քանի որ այդ պատրվակով ես կարող եմ դատարկել ողջ սառնարանը: Օրը բաժանվեց 3 հստակ հատվածի` նախաճաշ, ճաշ և ընթրիք, իսկ ընթացքում` միայն ջուր: Բացի այդ, ես խոստացա հոգեբանին, որ ոչինչ չեմ ուտի դրսում կամ աշխատավայրում:

Ինձ հանձնարարվեց կազմել այն գործերի ցուցակը, որոնք ինձ հետաքրքրում են ու շեղում աշխատանքից, և որոշել, թե օրվա մեջ որքան ժամանակ կարող եմ դրանց հատկացնել: Դեպի սառնարանը վազելու փոխարեն ազատ րոպեները ես պետք է լցնեի հաճելի զբաղմունքով:

Բացի այդ, պետք է կազմեի ինձ ֆիզիկական հաճույք պատճառող երևույթների կամ գործողությունների ցուցակը: Հոգեբանը խորհուրդ տվեց վերահսկել ուտելու ցանկությունը և սնվել միայն դրա կարիքն իրոք զգալու դեպքում, այլ ոչ թե՝ երբ պատահի: Նրա հանձնարարությամբ ես սկսեցի վարել սննդային օրագիր, որտեղ պիտի գրանցեի, թե ինչ եմ կերել օրվա ընթացքում, իսկ եթե չհաջողվեր պահպանել որոշված սննդակարգը, պիտի մանրամասն գրեի ծրագրից շեղվելու դրդապատճառները:

Ոգեշնչման կարևորությունը

Հոգեբանի հետ առաջին հանդիպումից հետո ես մտա խոհանոց և իրար հետևից 3 ափսե ապուր կերա. երևի հուզվում էի նոր կյանք սկսելուց առաջ: Հետո ուշքի եկա և անցա իմ հանձնարարությունների կատարմանը:

Ամենից բարդը ֆիզիկական հաճույքները որոշելն էր: Ես գրեցի, որ սիրում եմ լոգանք ընդունել` տարբեր աղերով ու հոտավետ յուղերով, և կանգ առա: Օրինակ՝ ես հաստատ կարող էի այդ ցուցակում գրել, որ ինձ դուր է գալիս սեքսը, բայց այդ պահին զուգընկեր չունեի, ինչից շատ նյարդայնանում էի և, որպես հետևանք, սփոփում ինձ շոկոլադե պաղպաղակի մեծ բաժիններով: Իրոք որ, փակ շղթա...

Հետո հիշեցի, որ սիրում եմ պարել ու ծամածռություններ անել հայելու առջև, թռվռալ մահճակալի վրա և ձեռքերս լոբով լի տոպրակների մեջ մտցնել: Սկզբում մի տեսակ տարօրինակ էր թվում, երբ ամեն անգամ գործն ընդհատում էի լոբու հետ խաղալու համար (որպես պարտաճանաչ աշակերտ զինվել էի տարբեր տեսակի լոբիների տոպրակներով), սակայն այս տարօրինակ խաղն ինձ իրոք շեղում էր ուտելիքի մասին մտքերից ու խոհանոց վազելու անդիմադրելի ցանկությունից:

Հաջորդ հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք շաբաթվա ընթացքում թույլ տված սխալներս: Հոգեբանն ասաց, որ շատերը շփոթում են ծարավի զգացումը քաղցի հետ, և եթե ես ուտելու ցանկություն եմ ունենում, պետք է նախ մի բաժակ ջուր խմեմ, մոտ 20 րոպե սպասեմ և դրանից հետո միայն բաց անեմ սառնարանը, եթե, իհարկե, ուտելու ցանկություն դեռ ունենամ: Այս կինը հեղափոխական մտքեր չէր արտահայտում, հայտնագործություններ չէր անում, սակայն ամեն այցից հետո ես ոգեշնչվում էի ու ավելի վստահ դառնում, որ կհաղթահարեմ իմ խնդիրը:

Որոշ նրբություններ

Հանդիպումների ընթացքում մենք պարզեցինք, որ ինձ մոտ դաշտանային ցիկլը չափից դուրս երկար է: Հոգեբանը եզրակացրեց, որ դրա արդյունքում «այդ օրերին» նախորդող լարված ու նյարդային շրջանն ինձ մոտ էլ ավելի է երկարում, իսկ լարվածության հաղթահարման գործում իմ լավագույն ընկերն, իհարկե, սառնարանն էր` իր ողջ պարունակությամբ:

Ես խորհրդակցեցի գինեկոլոգի հետ: Նա հատուկ դեղեր նշանակեց, որոնք կարգավորեցին իմ դաշտանային ցիկլը: Ես վախենում էի, որ հորմոններ ընդունելուց կգիրանամ, սակայն դրանք ինձ մեծապես օգնեցին: Պարզվեց, որ իմ գերզգայունությունը, գրգռվածությունն ու սովի մշտական զգացումն ընդամենը ձվարանների աշխատանքի խանգարման արդյունք են. հենց սկսեցի հաբեր ընդունել, ինձ անհամեմատ ավելի լավ զգացի, իսկ ավելորդ կիլոգրամների դեմ պայքարն սկսեց տալ իր առաջին արդյունքները:

Ես, ընկերս ու հաճելի պահերը

Վերջին 3 հանդիպումների ընթացքում մենք հիմնականում զրուցում էինք իմ նոր ընկերոջ մասին. ես շատ երջանիկ էի և ուզում էի կիսվել հոգեբանի հետ իմ հույզերով: Բուժման կուրսի համար վճարել էի նախօրոք, իսկ խոսել նիհարելու մասին, երբ այդ առումով ամեն ինչ առանց այդ էլ լավ էր գնում, արդեն հետաքրքիր չէր:

Հիմա ընկերոջս հետ ապրում ենք միասին: Ես պատմել եմ նրան, որ ավելորդ քաշի դեմ պայքարը սկսել էի դեռ մեր ծանոթությունից առաջ, և այժմ ընկերս նույնպես աջակցում է ինձ այդ հարցում: Նա հասկանում է, որ ինձ համար շատ կարևոր են նրա ուշադրությունը, սերն ու պարգևած հաճելի պահերը, և այդ ժամանակ ես մոռանում եմ լոբով պարկերի ու «փրկարար» թխվածքաբլիթների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել