Դու և նա. 7 չափիր, 1 կտրիրCosmo.am-ը գրում է․

Նա պարզապես խանդում է: Պարզապես ծանր օր է ունեցել: Պարզապես դեռ պատրաստ չէ բաժանվել կնոջից: Եվ հետո նա փող չունի, քանի որ պարզապես հոգ է տանում ծնողների մասին: Միգուցե հենց այդպես էլ կա: Բայց, միգուցե, նա քեզ շահագործում է: Պարզիր` որն է ավելի հավանական:

Ըստ Մարիա Տրոիցկայայի

Փոխհարաբերությունները հիասքանչ են` իրենց ողջ բազմազանությամբ հանդերձ: Մեկ էլ մի այնպիսի պատմություն կլսես, որ քիչ մնա` կուշաթափվես: Ու ակամա կսկսես մտածել, որ ստրկուհի Իզաուրան, ասենք, ձեր քարտուղարուհի Նինայի համեմատ, ընդհանրապես դարդ չունի: Ի դեպ, հենց այդպես էլ կա, ֆիլմի նկարագրության մեջ այդպես էլ ասվում է. ՙԻզաուրան երիտասարդ, գեղեցիկ, կիրթ և բարի աղջիկ է, և նրա միակ դժբախտությունը կայանում է նրանում, որ ստրկուհի է, և պատկանում է կոմանդոր Ալմեյդայի ընտանիքին՚:

Զգացի՞ք` միակ դժբախտությունը: Այլ բան է մեր Նինուլը: Նրա ամուսինը խմում է, դավաճանում, խանդում բոլորին` բայց Նինան, միևնույն է, շարունակում է ապրել նրա հետ: Եվ այ քեզ առեղծված. կարծես թե ստրկուհի չէ` ի տարբերություն սերիալի հերոսուհու: Ոմանք անհեռատեսորեն կարծում են, թե Նինան հիմար է: Բայց ես համակարծիք չեմ: Պարզապես նրա ճանապարհին հայտնված տղամարդը ՙհատուկ արտի ծաղիկ է՚: Զարգացած օրիորդները նրանց անվանում են ՙխելքակերներ՚ կամ պարզապես` ՙյուզերներ՚: Այդպիսիք եղել են միշտ, և պետք է որ նրանց արդեն անմիջապես ճանաչեինք: Փոխարենը մենք շարունակում ենք լսել նրանց, երբեմն` նույնիսկ ենթարկվել: Երևի թե այն պատճառով, որ նրանք կանացի սրտերի փորձառու շահագործողներ են: Եվ ոչ միայն փորձառու, այլև...

Աղքատ շահագործողներ

Տիպ. ՙաշխատավարձ ստանամ` տամ՚

Աղքատ շահագործողները հիանալի մանիպուլյատորներ են. նրանք շատ արագ բացահայտում են քո թույլ կողմերը և հմտորեն օգտագործում դրանք: Իսկ դու միայն ուսերդ ես թոթվում և շարունակում կատարել նրանց ցանկությունները, երբեմն էլ` ամբողջովին վրադ վերցնում նրանց հոգսը:

Իմ ընկերուհիներից մեկը` անվանենք նրան Անի, որոշ ժամանակ հանդիպում էր Կարեն անունով մի տղամարդակերպի հետ: Նրանում հրապուրիչ շատ բան կար. աշխատում էր նշված քաղաքացին միաժամանակ երեք ընկերությունում, բայց դրա հետ մեկտեղ գրպանում երբեք փող չուներ. այդ ֆենոմենը բացատրում էր միանգամայն լակոնիկ և ծանրակշիռ` ծախսվեց: Անդրեյի խոսքերով, ողջ աշխատավարձը նա ծախսում էր իր անհաջող ընտանիքի անդամների` շատակեր եղբոր և միանգամայն աշխատունակ քրոջ և փեսայի վրա: Իր ազատ ժամանակը` որպես իսկական ջենթլմեն, նա տրամադրում էր Անիին. ամեն երեկո գալիս էր ընկերուհու մոտ, մի 15-20 րոպե համբուրվում նրա հետ ավտոմեքենայում, և.... կորչում խավարում, զի ՙահավոր հոգնած էր՚: Անիին ոչինչ չէր մնում, քան ՙմտնել դրության մեջ՚:

ՙԲախտդ բերել է, վզիդ ոչ ոք չկա նստած,- նախանձում էր Կարենը վաղ տարիքում որբացած ընկերուհուս,- մի հազար ռուբլի կտա՞ս... մինչև աշխատավարձ՚:
Մենք երկար ժամանակ զարմանում էինք Անիի համբերության վրա և միաբերան համոզում նրան վճռական քայլի դիմել: ՙՌադ արա դրան՚,- բղավում էի ես` ազդու կիտելով հոնքերս: - ՙԱխր նա քեզ օգտագործում է՚: Ի պատասխան ընկերուհիս ինչ արդարացում ասես մրթմրթում էր. քիչ էր մնում ասեր` Կարենը շուտով Նոբելյան մրցանակ կստանա, բեստսելլեր կգրի, սուպերհիթ կկատարի և կհայտնագործի հավերժական շարժիչը...

Բայց մի օր նա ինձ հյուր եկավ և հայտարարեց` ՙվերջ՚:

Ինչպես պարզվեց, բաժանման պատճառ էր հանդիսացել մեկ այլ սրտացավ օրիորդ, ով նույնպես այդ ողջ ժամանակահատվածում պարտքով գումար էր տրամադրել ՙմինչև աշխատավարձ՚, և սրբորեն հավատացել մեծն Կարենի բազում տաղանդներին: Կասեք` սերը կու՞յր է: Այն էլ ոնց: Բայց տվյալ դեպքում խոսքը դրա մասին չէ: Սեքսապաթոլոգների պնդմամբ, շատ կանայք ուզում են տածել /և տածում են/ իրենց զուգընկերոջ նկատմամբ մայրական զգացմունքներ, մանավանդ, երբ վերջիններիս դերում հանդես են գալիս նման ՙհանճարներ՚: Եվ արական սեռի անազնիվ ներկայացուցիչներն անխնա շահագործում են կանանց այս հատկությունը: 
Զգոն եղիր, եթե նա ասում է` ՙքեզ ինչ կա, այ ինձ մոտ...՚, ՙ դու պետք է ինձ օգնես՚, ՙքեզանից բացի ինձ ոչ ոք չի հասկանում՚, ՙկարծում էի, թե սիրում ես ինձ, իսկ դու...՚:

Թող լաց լինի իր մայրիկի ուսին. իսկ խղճահարության օբյեկտ դու ինքդ կգտնես:

Ի՞նչ անել. հավաքել ճամպրուկները

Աղքատ շահագործողը, որպես կանոն` նույն ինքը` ՙչընդունված հանճարը՚, դիագնոզ /ախտորոշում/ է: Թող գնա ու լաց լինի իր մայրիկի ուսին: Իսկ դու խղճահարության օբյեկտ ինքդ կգտնես` ձեր հարևան Անուշին, թյուրիմացության պատճառով աշխատանքը կորցրած Արմենուհուն, ծայրահեղ դեպքում` Աֆրիկայի սովյալ մանուկներին:

Խանդոտ շահագործողներ

Տիպ. ՙտեսնում եմ, թե ինչպես է նա քեզ նայում՚

Իմ համակուրսեցի Աստղիկը մի ողջ գիշեր էր անցկացրել նախնական կալանքի խցում իր ապագա ամուսնու /որն, ի դեպ, առավոտյան արագ դարձել էր օտար տղամարդ/ բողոք-հայտարարության հիման վրա: Արձանագրության համաձայն, նրա կալանքի համար հիմք էր հանդիսացել Հայկին ՙմիջին ծանրության վնասվածքներ հասցնելը՚: Կարճ ասած, ՙխփել էին աչքին՚: Սակայն սկիզբը շատ ռոմանտիկ էր: Հայկը նրան ռեստորան էր հրավիրել, մատանի նվիրել, առաջարկել էր քննարկել նշանադրության օրը:

Անմոռանալի երեկո էր ակնկալվում. այդպես էլ եղավ: Ինչ-որ պահի Հայկին թվացել էր, թե հարևան սեղանի երիտասարդը կասկածելի ջերմությամբ է նայում Աստղիկին: Դրան հաջորդել էր խանդի մի այնպիսի տեսարան, որին կնախանձեր ցանկացած գրական մավր: Խոսքից` խոսք, հարվածից հարված ... և... միլիցիա... Այո, հիշելու շատ բան կա:

Պետք չէ կարծել, թե խանդոտ շահագործողները սահմանափակվում են միմիայն խանդելով: Նրանց որ թողնես` մի գլուխ սկանդալ կսարքեն: Առի՞թ: Տեղով առիթ ես: Իմ ծանոթներից մեկը դրա մեծագույն վարպետն էր: Գործի էր դրվում ցանկացած առիթ` ճաշի աղը տեղը չի, վերնաշապիկը լավ չի արդուկված, սիրած էակը երկու րոպե ուշ է տուն վերադարձել: Նրա սարքած սկանդալները մասշտաբային էին, ինչպես Այվազովսկու ՙԻններորդ ալիքը՚: Եվ մինչ կաթվածի դուռը հասած կինը սրտի կաթիլներ էր կուլ տալիս, իմ ծանոթը ծաղկում էր աչքի առաջ: Բնական է` զայրույթդ դուրս ես հանում, սիրտդ հովանում է:

Զգոն եղիր, եթե նա ասում է. ՙաղոթե՞լ ես այս գիշեր...՚, ՙ ու՞մ հետ ես՚, ՙարդեն երեք րոպե քեզ եմ սպասում՚, ՙես տեսա` դու նրան ժպտացիր՚:

Ի՞նչ անել. Նրան հաճույք մի պատճառիր` մի գնա խոշոր վեճի, սադրանքի մի տրվիր: Եթե դժգոհ է` թող թթվի միայնության մեջ: Կարող ես նրան լուսաբանել. գիտնականները պարզել են, որ խանդոտ տղամարդիկ իրենց կյանքից ՙգողանում են՚ 10-15 տարի: Մեղադրանքի և կասկածի նոպաների ժամանակ կտրուկ բարձրանում է արյան ճնշումը, ինչը բացասաբար է անդրադառնում սրտանոթային համակարգի վրա:

Մանկամիտ շահագործողներ

Տիպ. ՙես քեզ հետ երբեք չեմ ամուսնանա՚

Խելքակերների դասի ևս մի ներկայացուցիչ` հմայիչ, ուշադիր, բարի, բայց... անհույս ամուրի: Աննան հանդիպեց Գևորգին, երբ երկուսն էլ 28 տարեկան էին: Գևորգն արդեն անհաջող ամուսնության փորձ էր ունեցել, ապրում էր ծնողների և եղբոր հետ, ու կարծես թե պատրաստ էր նոր հարաբերությունների: Սկզբում սիրավեպը զարգանում էր շատ սրընթաց և ռոմանտիկ. սիրահարները հանդիպում էին ամեն օր, այցելում կինո, թատրոն, զրուցում հավերժության մասին, զբոսնում փողոցներով...

Անցան օրեր, շաբաթներ, ամիսներ, բայց Գևորգը համատեղ կյանքի մասին ակնարկ իսկ չարեց: Իրենց ծանոթության տարեդարձին Աննան որոշեց նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել և հարց բարձրացնել վաղվա օրվա մասին: Սիրելին, առանց աչքը թարթելու, պատասխանեց, որ իրեն ամեն բան ձեռք է տալիս: ՙԻնքդ դատիր ,- համոզիչ տոնով մեկնաբանեց նա` բռնելով Աննայի ձեռքը,- պարտավորությունները միայն վնասում են: Կենցաղ, բնակվարձ, երեխաներ... Իսկ այսպես` բացառապես ռոմանտիկա՚:

Իրոք որ իդեալական հարաբերություններ են: Նա` երկսենյականոց բնակարանում մոր, հոր և քրոջ հետ, Աննան` քաղաքի հակառակ ծայրում, վարձու բնակարանում: Փոխարենը` ամեն երեկո կինո, թատրոն. ռոմանտիկա... Աննան չի վիճել, և ճիշտ էլ արել է...

Ասում են, թե Գևորգի ներկայիս ընկերուհին արդեն ութ տարի է, ինչ փորձում է օրինականացնել իրենց հարաբերությունները: Հաջողություն մաղթենք նրան:
Զգոն եղիր, եթե նա ասում է. ՙմի՞թե կնիքը ինչ-որ բան է փոխում՚, ՙմենք խիստ տարբեր ենք՚, ՙկենցաղում ես անտանելի եմ՚, ՙես չեմ կարող քեզ երջանկացնել՚:

Ի՞նչ անել. պետք է գիտակցել, որ մանկամիտները հրաշալի և նույնիսկ պետքական էակներ են: Պարզապես նրանց առաքելությունը Երկրի վրա` հաճելի ժամանց պարգևելն է` առողջ սեքսին ի լրացում: Եվ ընդամենը:

Ամուսնացած շահագործողները

Տիպ. ՙես շուտով կբաժանվեմ՚

Մարիի և Հակոբի հարաբերություններն արդեն ութ տարվա պատմություն ունեն: Այս ամբողջ ժամանակահատվածում Հակոբի հայրը մահամերձ է, և ՙդժվար թե տանի որդու ամուսնալուծությունը՚: Կնոջ` Վարդուհու հետ Մարիի ընկերը ՙորևէ ընդհանուր բան չունի՚: Երեք և տասնհինգ տարեկան երկու որդիները, ըստ երևույթին, հաշիվ չեն: Մարին կարգին և դաստիարակված աղջիկ է և երբեք չի կամենա Հակոբի հոր մահը: Միևնույն ժամանակ նա բավական խելք ունի, որպեսզի հալած յուղի տեղ չընդունի իր սիրելիի խոսքերը: Սակայն հարաբերությունները խզելու ուժ նա չի գտնում: Ընկերուհիների հարձակումներին և ՙիսկ հետո՞՚ հարցին նա իմիջիայլոց պատասխանում է. ՙՄիևնույն է, ավելի լավին դեռ չեմ գտել՚: Դրան, համաձայն սցենարի, հաջորդում է ՙկարգին տղամարդիկ անհետացել են դինոզավրերի հետ՚ թեմայով զրույցը:

Սերը դեպի ամուսնացած տղամարդը պոլտերգեյսթի պես տարօրինակ երևույթ է: Ինչու՞, գիտակցելով, որ կայրվենք, մենք չենք դիպչում կրակին, բայց սիրահետում ենք ամուսնացած տղամարդկանց` հասկանալով, որ դա լավ բանի չի հանգեցնի: Ես ենթադրում եմ, որ դրա պատճառը լուսնային չորրորդ օրերն են, խավարի ուժերը. ամեն դեպում սատանայի մատը հաստատ խառն է: Քանի որ, չնայած էվոլյուցիային և էմանսիպացիային, տուժած ընկերուհիների գլխաքանակը չի նվազում:

Զգոն եղիր, եթե նա ասում է. ՙԴու հիասքանչ ես, իսկ ես` գրեթե միայնակ՚, ՙԵս և կինս վաղուց արդեն օտարներ ենք՚ ՙզինվիր համբերությամբ՚:

Ի՞նչ անել. հասկանալ, թե ինչ ես ակնկալում տվյալ հարաբերությունից: Եթե վստահենք վիճակագրական տվյալներին, տղամարդկանց 80%-ը հակված է դավաճանության, բայց նրանցից միայն 20%-ն է պատրաստ մտածել ընտանիքը լքելու մասին: Իսկ դու պատրա՞ստ ես վատնել կյանքիդ լավագույն տարիները այդ տվյալների ճշմարտացիությունը ստուգելու վրա: Եթե այո` հանդգնիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել